Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ եթե փակ դասարաններում դասերը սկսելուց շաբաթներ անց մենք ունենանք նոր բռնկո՞ւմ, վարակի տարածման նոր ալիք. Էլինար Վարդանյան

Օգոստոս 21,2020 13:04

Ինչի՞ վրա է  ողջ ամառը ծախսել ԿԳՄՍՆ

Նախարար Արայիկ Հարությունյանն իր անգործությունը, խնդիրները չպատկերացնելու իր որակները փորձում է փոխհատուցել մարդկային առողջության վրա տարվող էքսպերիմենտով։ Նախապատրաստական թանկարժեք ամիսները ծախսվեցին ոչնչի վրա։ Թե ինչպե՞ս հնարավոր եղավ այսքան անլուրջ մոտենալ այս ամենալուրջ հարցին, գիտի միայն նախարարը։

Հայաստանում շարունակվում է համաճարակային բավականին բարդ իրավիճակը։ Ամենօրյա վարակակիրների և մահվան թվերը դեռևս բարձր են։ Սրան զուգահեռ՝ շատերը, կարծես, կորցրել են զգոնությունը։Այս առումով հարկ է ավելի ուշադիր լինել, որ հանկարծ որևէ անվերադարձ բացթողում չունենանք։

Այս ամենն ուղեկցվում է կրթության նախարարի հայտարարությամբ՝ սեպտեմբերի կեսերին դասապրոցեսը վերսկսելու մասին։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է։ Իրականում ոչ ոք չգիտի, թե  սեպտեմբերի վերջին, հոկտեմբերին վարակի ինչ ցուցանիշներ կլինեն, ինչ վիճակ կլինի Հայաստանում և ընդհանրապես աշխարհում։ Արսեն Թորոսյանի խոսքում միշտ նկատվում է որոշակի զգուշավորություն՝ վերջին օրերին ցուցանիշների անկման պահով։

Աշխարհի բոլոր կառավարությունների ուշադրության կենտրոնում է կրթական կոլափսի խնդիրը։ Տարբեր մակարդակներում՝ գարնանից սկսած, ընթանում են քննարկումներ՝ ինչպես անվտանգ կազմակերպել դասապրոցեսը։ Եվ թեև միասնական բանաձև չկա, միևնույն է, բազմաթիվ երկրներ ամիսներով նախապատրաստվում են դասերին։ Մշակվում է համաճարակի պայմաններին համարժեք կրթական քաղաքականություն,  ընթանում են կազմակերպչական պատշաճ աշխատանքներ, որոնք ներառում են բազմաթիվ ոլորտների համագործակցություն և արագ արձագանքման համակարգեր. Լոս Անջելեսում, օրինակ, նախատեսվում է իրականացնել 600 000 աշակերտի և 75 000 կրթական աշխատողի թեսթավորման ծրագիր։ Բազմաթիվ երկրներում ուսուցիչների համար նախատեսվել են լրավճարներ և բժշկական վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ։ Ուսումնասիրվում և համապատասխանեցվում են դպրոցների շենքային պայմանները՝ օդափոխության, դասարանների մուտքերի, սանհանգույցների հագեցվածության, և այլն։Ռուսաստանում ուսուցիչները, բժիշկների հետ միասին, դասվել են որպես պատվաստման համար առաջնահերթ խումբ։

Իսկ մեր երկրում կովիդ-ուստարվան ընդառաջ դպրոցներին ԿԳՄՍՆ մատուցած ամենամեծ անակնկալը ֆինանսավորման կարգի փոփոխությունն է, որն արդեն դժգոհության ալիք է բարձրացրել բազմաթիվ դպրոցներում։ Սրան զուգահեռ՝ ԿԳՄՍՆ-ն պահանջների շարք է դնում դպրոցների առջև՝ առանց որևէ իրական աջակցություն ցուցաբերելու կամ, առնվազն, լսելու ուսուցչական կամ ծնողական համայնքների կարծիքը։

Առանց լուրջ նախապատրաստական աշխատանքի, հասնելով օգոստոսի կեսին, որոշում է կայացվում՝սեպտեմբերի 15 –ից վերսկսել դասերը։ Դպրոցները և ծնողներն անորոշության մեջ են։ Որևէ մեկը հստակ չի պատկերացնում, թե ինչպես է կազմակերպվելու և ընթանալու դասապրոցեսը փակ տարածքներում։ Վերջին պահին հրապարակված ուղեցույցն առաջացնում է բազմաթիվ հարցեր, որոնց դպրոցների մեծ մասը բախվելու է անգամ մինչև սեպտեմբերի 15-ը։ Համանման խնդրի առաջ են նաև բուհերը։

Կառավարության՝ ոչ ճիշտ հաշվարկված որոշումը կարող է վտանգի տակ դնել ոչ միայն մեր երեխաների,այլև՝ ուսուցիչների և դասախոսների առողջությունը, հաշվի առնելով, որ նրանցից շատերը կարող են գտնվել ռիսկային խմբում։ Նրանց վրա դրվում է կրկնակի ծանրաբեռնվածություն՝ առանց որևէ կերպ ավելացնելու ֆինանսավորումը կամ առողջապահական լրացուցիչ աջակցություն սահմանելու։ Հրամանների ու կոշտ հրահանգների արանքում կարծես նախարարությունը չտեսնի մարդկանց պարզ, հասկանալի մտահոգությունները, ինչպես նաև կարծես չճանաչի դպրոցական շենքերն ու դրանց շահագործման պայմանները։ Դպրոցներին, ուսուցիչներին և ընտանիքներին օգնելու և նրանց դիրքերից հանդես գալու փոխարեն՝ նախարարությունը ոստիկանական ոճով հրահանգավորում է և հրամայում։

Ի՞նչ կարող էր և պետք է աներ կրթության նախարարը։ Արդեն օգոստոսի 15-ից, կամ նույնիսկ օգոստոսի 1-ից  Հայաստանում հնարավոր էր սկսել դասերը՝ բացօթյա ռեժիմով, ինչը հնարավորություն կտար՝ փակ սեզոնից «խլել» որոշ ժամանակ։ Դա կլիներ «հեղափոխական քայլ», բայց դրա համար պետք էր նախապես աշխատել։ Կոնկրետ աշխատել և ոչ թե մսխել ժամանակը՝ բոլոր աշխատող կառույցների և անձանց հետ թշնամանալու վրա։ Գյուղական և մարզային դպրոցները մեծ հնարավորություն ունեին՝ բացօթյա պայմաններում ինտենսիվ դասեր անցկացնելու համար. պետք էր դրսում տեղադրել նստարաններ, գրատախտակներ, արևից պաշտպանվելու միջոցներ։ Շատ տեղերում եղանակը թույլ կտար բացօթյա դասեր անցկացնել նույնիսկ մինչև հոկտեմբերի վերջ։ Նույնը վերաբերում է Երևանյան այն դպրոցներին, որոնք ունեն բաց տարածքներ։ Պետության խնդիրը կլիներ՝ մտածել այն դպրոցների մասին, որոնք չունեն պատշաճ պայմաններ։ Վերջին հաշվով, պետությունը հենց դրա համար է։

Բայց մենք գնացինք այլ ճանապարհով՝ մեկ օրվա ընթացքում կայացվեց որոշում՝ առանց հետևանքների հստակ հաշվարկի։ Հասկանալի է, որ պրոցեսը բավականին բարդ է լինելու, սեպտեմբերի վերջից եղանակների փոփոխությանը զուգընթաց՝ փակվելու են դասասենյակների պատուհանները, առաջ է գալու օդափոխության խնդիրը, նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես է հնարավոր լինելու ապահովել երեխաների՝ դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջները։Այդ խնդիրների իրավական մասը ՄԻՊ-ն արդեն բարձրաձայնել է իր դիտարկման մեջ։

Իսկ եթե փակ դասարաններում դասերը սկսելուց շաբաթներ անց մենք ունենանք նոր բռնկո՞ւմ, վարակի տարածման նորալիք, հետևաբար՝ նոր մեծաթիվ մահեր։ Սրանք շատ իրական ռիսկեր են, որոնց պատասխանատվությունը ընկնելու է ուղիղ կրթության նախարարի վրա։

Սրա համար անհրաժեշտ էր ամիսներ շարունակ լրջորեն աշխատել, փնտրել լուծումներ, խորհրդակցել, լսել կարծիքներ։

Այսօրվա Հայաստանում գրեթե ոչ ոք դա անել չի սիրում կամ չի կարողանում։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31