Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել կոմայի մեջ: Նրա շտաբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բժիշկները հրաժարվում են Նավալնիին դուրս գրել և թույլ տալ նրան տեղափոխել Գերմանիա՝ բուժումը շարունակելու համար: «Մոտ մեկ ժամից Գերմանիայից ժամանելու է ժամանակակից օդանավ՝ բժշկական անհրաժեշտ սարքավորումներով՝ Նավալնիի տեղափոխումը կազմակերպելու համար: Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել դրա համար, մի շարք համաձայնություններ ենք ձեռք բերել: Եվ ի՞նչ են անում Օմսկի բժիշկները: Արգելում են նրան տեղափոխել: Թեպետ այդ օդանավում ավելի անվտանգ է, քան Օմսկի հիվանդանոցում: Սպասում են, որ վտանգավոր թույները դուրս գան օրգանիզմից: Հանցագործներ: Սա բժշկական որոշում չէ, այլ թելադրված է Կրեմլի կողմից»,-ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքական գործիչի կինը՝ Յուլիան, իր հերթին գրառում է կատարել՝ նշելով, որ ոստիկանությունը գտել է նյութը, որով թունավորել են իր ամուսնուն, և այդ նյութը վտանգավոր է շրջապատի համար: Ավելի ուշ, սակայն, Օմսկի հիվանդանոցի բժիշկներն ասել են, որ Նավալնիի օրգանիզմում թույն չի հայտնաբերվել, իսկ բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար:
«Օմսկի հիվանդանոցի ներկայացուցիչը հայտարարել է, որ Նավալնիին չեն թունավորել: Այսինքն` մեկ ժամ առաջ մեզ ասում էին մահացու թույնի մասին, որը վտանգավոր է շրջապատի համար, իսկ այժմ ասում են, որ թույն չի հայտնաբերվել»,-գրել է Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ