Այս տարին աչքի է ընկնում գյուղմթերքների անհամեմատ բարձր գներով: Ըստ վիճկոմի հրապարակած տվյալների, հունիս եւ հուլիս ամիսներին բանջարեղենի եւ, հատկապես, մրգերի գները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ամիսների գներին: Ինչի՞ հետեւանք է դա եւ ինչպիսի՞ վիճակ է ստեղծվել գյուղատնտեսությունում:
Ակնհայտ է, որ բերքի սակավությունն է թանկացման պատճառը: Անգամ վիճկոմն է փաստում, որ, բացառությամբ կարտոֆիլի, մրգի, բանջարեղենի եւ հատկապես հացահատիկի բերքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քիչ է եղել: Փորձագետների գնահատականով, կրկնակի նվազել են նաեւ Հայաստանից արտահանված միրգն ու բանջարեղենը:
Այսպիսով, հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ, ըստ պաշտոնական վիճակագրության, բանջարեղենը 4,6 տոկոսով է ավելի թանկ եղել, իսկ հուլիսին անցած տարվա հուլիսի համեմատ` 5,4 տոկոսով: Մրգի գները այս տարվա հունիսին անցած տարվա հունիսից ավելի բարձր են եղել 14,2 տոկոսով, իսկ այս տարվա հուլիսին անցյալ տարվա հուլիսից` 33,6 տոկոսով:
Այսինքն, կարող ենք փաստել, որ գյուղատնտեսությունում իրականում անկում է տեղի ունենում, բայց դա ամեն կերպ թաքցվում է, քանի որ նման վիճակը հետեւանք է իշխանության կոպիտ սխալների: Թվարկենք դրանք:
Կարդացեք նաև
1.Վարչապետ Փաշինյանը թույլ չտվեց, որ 2018 թ.-ին հուլիս-օգոստոս ամիսներին ոռոգման ջուր բաց թողնվեր Սեւանից: Գյուղատնտեսությունն այդ տարի տասնյակ միլիարդավոր դրամների վնաս կրեց, որի վերականգնման համար տարիներ եւ լուրջ ջանքեր ու միջոցներ են պահանջվում:
2.Նախկին իշխանությունների կողմից իրականացվող գյուղատնտեսության աջակցության ծրագրերը` պարարտանյութի, վառելիքի սուբսիդավորում, սերմացուի անվճար տրամադրում, այս իշխանությունները դադարեցրել են՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառաբանությամբ:
3.Ներկայիս իշխանությունը առանց որեւէ մասնագիտական հիմնավորման փակել է գյուղատնտեսության նախարարությունը, որը զբաղվում էր ամենամեծաթիվ բնակչություն ընդգրկող ոլորտի առօրյա հարցերով եւ զարգացման ծրագրերով:
Մինչդեռ, կառավարության ծրագրում գյուղատնտեսությունը հռչակված է գերակայություն: Եթե նման մոտեցում է ցուցաբերվում գերակայություն հռչակված ճյուղի նկատմամբ, ապա զարմանալի չէ տնտեսության մյուս ճյուղերում ճգնաժամային կացությունը:
Մանուկ ԱՐԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: