Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եթե հարվածում են մեր ազգային արժեքներին, ապա հարվածում են մեր ազգային անվտանգությանը. Ռուբեն Մելքոնյան. «Փաստ»

Օգոստոս 21,2020 11:02

Օրերս հայտնի դարձավ, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունն սկսում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրինագիծը կազմելու, ինչպես նաև հանրային քննարկում կազմակերպելու գործընթացը:

«Փաստը» նախաձեռնության նպատակների, ազգային արժեքներին սպառնացող վտանգների ու դրանք կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, որը ևս նախաձեռնության համակարգող խմբի անդամ է:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ են հանդիսացել այն մարտահրավերները, որոնք օրեցօր ահագնանում են Հայաստանի և հայության համար: «Արտաքին սպառնալիքներին ավելացել են նաև ներքին սպառնալիքները: Իսկ տարատեսակ արտաքին խնդիրներին դիմագրավելու համար մենք առաջին հերթին մեր ներքին, հոգևոր անվտանգության, հասարակական միասնության, ազգային արժեքներին հավատարիմ լինելու առումով պետք է ուժեղ լինենք: Եվ, տեսեք, ստացվում է մի վիճակ, որ բացի արտաքին խնդիրներից՝ Թուրքիայից, Ադրբեջանից և այլ տեղերից եկող սպառնալիքներից, նաև արհեստականորեն ներմուծված ներհայաստանյան օրակարգ ունենք, որի թիրախում հայ եկեղեցին է, հայկական ընտանիքը, ազգային արժեքները: Անգամ կրթական որոշակի խնդիրներ կան և այսպես շարունակ: Այս ամենը վտանգների մի ամբողջ համալիր է, որոնց թիրախում ազգային արժեքներն են՝ հավաքական իմաստով»,-մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մելքոնյանը: Խոսելով նախաձեռնության նպատակներից՝ նա շեշտեց, որ առնվազն երկուսը կարող է առանձնացնել. «Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ նախաձեռնության անդամներ են նաև մեր փորձառու իրավաբանները, և նպատակներից մեկն է մշակել ու ստեղծել օրենքի նախագիծ, որը կվերաբերի Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական ընտանիքին, դեռահասների դաստիարակությանը, կրթությանը, և այն ներկայացնել համապատասխան մարմիններին:

Դա կլինի օրենսդրական մակարդակով արված առաջարկ՝ կանխելու այն սպառնալիքները, որոնք կան վերոնշյալ ոլորտների և ինստիտուտների առումով: Երկրորդ՝ սա մի հարթակ է, որը կարող է համախմբել հասարակության տարբեր շերտերին, որոնք անհանգստացած են ազգային արժեքների դեմ այս հարձակումներով ու կկարողանան լայն հասարակական քննարկումների միջոցով հասնել կոնսոլիդացիայի՝ կանխելու նաև հասարակական պառակտումները, տարբեր խմբերի, խմբավորումների ստեղծումը:

Հիմնական նպատակները նշվածներն են, բայց գլոբալ առումով ես վերոնշյալ խնդրի տակ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք եմ տեսնում. այսինքն, եթե թիրախավորվում են ազգային արժեքները, ապա դա ուղիղ համեմատական է մեր ազգային անվտանգությանը: Եթե հարվածում են մեր ազգային արժեքներին, ապա հարվածում են մեր ազգային անվտանգությանը:

Եվ մեր նպատակն է հասարակությանը, ինչպես նաև գիտակցաբար կամ չգիտակցելով շատ վտանգավոր ճանապարհով գնացող որոշ շրջանակների բացատրել այս ամենի խորքային բնույթն ու վտանգը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31