Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի նախագահի մամուլի խոսնակը մի քանի ժամվա մեջ արել է մի քանի իրարամերժ հայտարարություն, փաստել է, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե Արցախի նախագահինը. Վանեցյան. «Հրապարակ»

Օգոստոս 21,2020 10:24

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը մի քանի օր Արցախում էր՝ իր կուսակիցների հետ հանդիպումներ էր ունենում Արցախի քաղաքական շրջանակների, պաշտոնատար անձանց հետ։ Մամուլը գրեց, որ փորձել են հանդիպել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, չի ստացվել, ապա Հարությունյանի խոսնակն իրարամերժ բացատրություններ տվեց․ նախ՝ ծանրաբեռնված օրակարգը վկայակոչեց, ապա հայտարարեց, որ «․․․նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։

Սա բուռն քննադատության արժանացավ, գրվեց, որ Արցախի նախագահը ենթարկվել է Հայաստանի վարչապետի ճնշումներին։ Երեկ, սակայն, կայքերից մեկը գրեց, թե Վանեցյան-Հարությունյան հանդիպումը, այնուամենայնիվ, կայացել է, բայց ոչ թե պաշտոնական ֆորմատով, այլ՝ ճաշի սեղանի շուրջ, ինչը փորձել են գաղտնի պահել։ Արթուր Վանեցյանը երեկ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ԱՀ նախագահի հետ հանդիպման մասին տեղեկությունը։ Նախ ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի, այդ թվում՝ Արայիկ Հարությունյանի դաշինքի հետ, բայց Հարությունյանի հետ հանդիպման մասին լռեց։

«Քննարկվել են ընդհանուր անվտանգային բնույթի հարցեր, ներկայացվել է արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեր կուսակցության տեսակետը, այն է՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է, եւ Արցախի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։ Կարեւորվել է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացումը, կարեւորվել է ընդհանուր անվտանգային միջավայրի արդյունավետ աշխատանքը։ Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի՝ իշխանություն, թե ընդդիմություն հարաբերություններում պետք է բոլորս առաջնորդվենք պետական շահի առաջմղմամբ, եւ մեր այդ կարծիքը կիսել են Արցախի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերը, եւ մենք ունենք միակամ մոտեցում այդ հարցերի շուրջ»,- ասաց Վանեցյանը։ Բայց այս տեսակետները բոլորին են հայտնի՝ համընդհանուր են, եւ զարմանալի կլիներ, որ արցախյան քաղաքական ուժերից որեւէ մեկը հակառակը պնդեր։

– Պարոն Վանեցյան, երկու օր է՝ գրվում է, որ Արայիկ Հարությունյանը չի ցանկացել հանդիպել Ձեզ հետ, որովհետեւ իր համար ընդունելի չեն «այն քաղաքական ուժերի հետ հանդիպումները, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Ստացվում է՝ հանդիպել եք Արցախի նախագահի հետ։

– Արցախի նախագահի մամուլի խոսնակը մեկ օրում արել է մի քանի իրարամերժ հայտարարություններ, իսկ այսօր (արդեն երեկ՝ խմբ․) հայտարարել է, որ դա իր անձնական կարծիքն է, նախագահի կարծիքը չէ։ Ես ասել եմ, որ հույս ունենք, որ դա ոչ թե Արցախի նախագահի պաշտոնական կարծիքն է, այլ մամուլի խոսնակի անձնական կարծիքը։

– Այսինքն՝ Արայիկ Հարությունյանը չի՞ կիսում իր խոսնակի արտահայտած տեսակետը եւ որեւէ խնդիր չունի՞ Ձեզ հետ հանդիպելու։

– Ես չունեմ նման տեղեկատվություն, ես ասում եմ այն, ինչ կարդում ենք։ Ես Արայիկ Հարությունյանի հետ չեմ զրուցել այդ թեմայի շուրջ, ես ասում եմ, որ Հարությունյանի մամուլի խոսնակը մի քանի ժամվա մեջ արել է մի քանի իրարամերժ հայտարարություն, այսօր էլ փաստել է, որ դա իր անձնական կարծիքն է, այլ ոչ թե Արցախի նախագահինը։ Թե ինչ կարելի է դրանից եզրակացնել, ես չգիտեմ։ Կա՛մ իրենց մոտ ինչ-որ համակարգված աշխատանք չի կատարվում, կա՛մ ինչ-ինչ ազդեցությունների տակ ժամը մեկ հայտարարություններ են փոխում, ես դրա գնահատականը տվողը չեմ, իրենցից պարզաբանում ուզեք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31