Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցվորի կողմից կա դատարանին ներկայացված խնդրանք՝ պարտավորեցնելու «Առավոտ» օրաթերթին հերքում տպագրելու

Օգոստոս 21,2020 13:30

Ինչն իրավաբանական պատասխանատվության տեսակ չէ
Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանն ասում է, որ թերթերում հրապարակելով հոդվածներ` օգտվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր ազատորեն արտահայտվելու իրավունքից:

«Հենդիսարդը Մեծ Բրիտանիայի դեմ», «Լինգենսը Ավստրիայի դեմ» եւ «Օբերսչլիկը Ավստրիայի դեմ» գործերով ՄԻԵԴ-ը նշում է, որ կոնվենցիայի 10-րդ հոդվածը պաշտպանում է ոչ միայն այն գաղափարներն ու տեղեկությունները, որոնք ընդունվում են բարյացակամ կամ գնահատվում են որպես անվտանգ, կամ ընդունվում են անտարբերությամբ, այլ նաեւ նրանք, որոնք վիրավորում են, զարմացնում կամ անհանգստություն են առաջացնում պետության կամ բնակչության ինչ-որ մասի մոտ: Առանց բազմակարծության, հանդուրժողականության եւ լայն տեսակետների չի կարող գոյություն ունենալ ժողովրդավարական հասարակություն:

Սակայն նախկին դասախոսի դեպքում կատարվեց ճիշտ հակառակը: «Առավոտ» օրաթերթում 2016թ. հունիսի 15-ին Նորիկ Սարգսյանը հրապարակել էր «Որտեղ է թաղված շան գլուխը» բաց նամակը՝ ուղղված ՀՊՏՀ-ի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին: Վերջինս, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը եւ Լյուբա Մեհրաբյանը դիմեցին դատարան` պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջով: «Առավոտ» օրաթերթ» ՍՊԸ-ն դատարանում միայնակ չէր, մեկ այլ ՍՊԸ-ի հետ`«Հրապարակ»-ի մեկ այլ հայցապահանջով ներկայացվեց որպես երրորդ անձ: Պատասխանողը քանի որ Նորիկ Սարգսյանն էր, այս տրամաբանությամբ գործը միացյալ էր քննվում, ինչը կարծում եմ սխալ էր, քանի որ կային տարբեր կանոնադրություններով, խմբագրական գաղտնիքներով առաջնորդվող լրատվամիջոցներ: Դեռ լավ է՝ Նորիկ Սարգսյանը «հանցավոր համաձայնության» էր եկել այս երկու լրատվամիջոցների հետ, այլապես նրա բաց նամակը եւ հոդվածները տպագրող այլ լրատվամիջոցներ էլ կհայտնվեին «Առավոտ»-ի եւ «Հրապարակ»-ի կողքին:

2018թ. մայիսի 31-ին Կենտրոնի նստավայրի դատավոր Էդիկ Ավետիսյանին դիմեցին հայցվորները, բացառությամբ Լյուբա Մեհրաբյանի, հայցից մասնակիորեն հրաժարվելու վերաբերյալ, որով նկատի ունենալով, որ պատասխանող Նորիկ Սարգսյանը կենսաթոշակառու է, հայցվորները հրաժարվում են որպես ոչ նյութական վնասի հատուցում պատասխանողից որեւէ փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջից, պնդելով մնացած պահանջները: Ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը պնդում է նաեւ փաստաբանական ծառայության գումարը դատական ծախսերի մեջ ներառելու պահանջը:

Հայցվորներ Կորյուն Աթոյանը, Պարույր Քալանթարյանը, Միհրդատ Հարությունյանը եւ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ը դիմում ներկայացրեցին իրենց մասով հայցից հրաժարվելու եւ գործի վարույթը կարճելու մասին:

Ըստ էության, նախկին դարձած հայցվորների մասով կարճվեց գործի վարույթը:

Բաց նամակում, որը դատական գործընթացի ժամանակ համառորեն ներկայացվեց հոդված, հրապարակում, Ն. Սարգսյանը Լյուբա Մեհրաբյանին անվանել էր «ՀՊՏՀ իրավագիտության եւ քաղաքագիտության ամբիոնի ապօրինի վարիչ (նա այդ պաշտոնում երբեք լեգիտիմ կարգավիճակ չի ունեցել)»։

Ըստ հայցվոր Լ. Մեհրաբյանի, դա բացահայտ զրպարտություն էր, քանի որ ինքը ամբիոնի վարիչի պաշտոնում նշանակվել է 08.02.2011թ. բուհի նախորդ ռեկտորի (Յու. Սուվարյանի) թիվ 19 հրամանով՝ «ՀՏՊՀ-ի ամբիոնի վարիչների ընտրության ընթացակարգի» 41-րդ կետին համապատասխան, իսկ 31.05.2012թ. ամբիոնի վարիչ է ընտրվել 5 տարի ժամանակով բուհի բարձրագույն կոլեգիալ մարմնի՝ գիտական խորհրդի 57 անդամների ձայների մեծամասնությամբ՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։

Հայցվոր Լյուբա Մեհրաբյանի ներկայացուցիչ Աստղիկ Ղազարյանն էլ նշել էր. «Առավոտ» օրաթերթում հրապարակված «հոդվածում» պատասխանողը զրպարտելով Լ. Մեհրաբյանին նշել է, թե վերջինս «2010-2013թթ. իր նկատմամբ իրականացրել է բազմաբնույթ իրավական խախտումներ. մասնագիտական խտրականություն, հարկադիր աշխատանք եւ կեղծիքներ,

Ա) Որպես Լ. Մեհրաբյանի կողմից իրականացված իրավական խախտում՝ ապօրինություն, պատասխանողը նշել է. «նա իր տնտեսագետ ընկերուհիներին հատկացնում էր 1,5 կամ 1,025, իսկ ինձ՝ 0,75 կամ 0,25 դրույք, իսկ հեռակա ուսուցումում, որտեղ վճարը շատ ցածր էր՝ հակառակը։

Նորիկ Սարգսյանն իր ձեռագրով դիմումներ է գրել իրեն՝ 2009 թ. 0,75 դրույքով, 2010թ. 1,0 դրույքով, 2011թ. 0,25 դրույքով (նշեմ, որ 2011թ. 0,25 դրույքը պայմանավորված էր այն փաստով, որ այդ թվականին Հանրապետությունում դպրոցները շրջանավարտ չէին տվել եւ բուհ ընդունվողների թիվը շատ քիչ էր մյուս տարիների համեմատ եւ դասախոսների զգալի մասը ամբողջական ծանրաբեռնվածություն չի ունեցել), 2012թ. 0,75 դրույքով աշխատանքի ընդունելու վերաբերյալ։ Իսկ ինչ վերաբերում է մյուս դասախոսների ժամաքանակին, ապա նրանք եւս ունեցել են հեռակայում ժամեր, քանի որ հեռակայի ընդունելությունը ավարտվում է նոյեմբեր ամսին, ուստի 1-ին կուրսի այդ դասաժամերը դրույքի մեջ չեն կարող ընդգրկվել օգոստոս ամսին հաստատվող ծանրաբեռնվածությամբ։ Բացի այդ, մյուս դասախոսները տնտեսագետ դոցենտներ են, որոնք ունեն նաեւ ավարտական աշխատանքներ ղեկավարելու, գրախոսելու իրավունք (ինչի իրավունքը չունի պատմաբանը), որն էլ հնարավորություն է տվել նրանց դրույքի ավելի մեծ ժամաքանակին։

2012-2013 ուստարվա անհատական ծանրաբեռնվածությունը վկայում է, որ տնտեսագետ 2 դոցենտներն էլ ունեցել են հեռակայի ժամավճարային ժամեր, ընդ որում՝ նրանցից մեկը 65 ժամով ավելի ժամավճար է ունեցել (188 ժամ), քան ինքը՝ Նորիկ Սարգսյանը (123 ժամ)։

Բ) Որպես հարկադիր աշխատանք պատասխանողը գրել է, թե Լ.Մեհրաբյանը պարտադրել է իրեն 0,25 դրույքից ավելի ժամեր պարապել:

Սա ինքնին հակասում է իր կողմից գրած ու ստորագրված դիմումներին եւ ծանրաբեռնվածությանը, նաեւ դասավանդված առարկաները ֆիքսող մատյաններին։

Նշվածը գրելու պայմաններում պատասխանողը պարտավոր է ապացույցներ ներկայացնել այն մասին, որ ինքը նախ սիստեմատիկորեն իր ժամաքանակից ավելի ժամեր է պարապել, 2-րդ, որ այդ ժամերը պարապելն իրեն պարտադրել է Լ. Մեհրաբյանը եւ 3-րդ՝ պետք է նշի նաեւ, թե ինչ հարկադրանքի միջոցներով է պարտադրվել իրեն այդ ժամաքանակը պարապել»։

Բացի այդ, հայցվորը «Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի պահանջով ՀՊՏՀ-ն դատարան է ուղարկել Լ. Մեհրաբյանի կազմած նաեւ կեղծ փաստաթղթերը», որպես Լ. Մեհրաբյանի կողմից կազմված կեղծ փաստաթուղթ պատասխանողը նշել է. «Նա Լ.Պետրոսյանին հատկացրել է 1, բայց դատարան է ներկայացրել 0,5 դրույք»։

Լ.Մեհրաբյանի ներկայացուցչի հայցապահանջով, պատասխանողը պետք է ապացուցի` նախ, որ տվյալ փաստաթուղթը կեղծ է, 2-րդ, որ այն կազմել է Լ. Մեհրաբյանը:

Ն. Սարգսյանը գրել էր. «Լ. Մեհրաբյանի բոլոր ապօրինությունները միշտ էլ արժանացել են Ձեզ փոխարինող, բայց խորհրդավոր պատճառներով Լ. Մեհրաբյանին ենթարկվող պրոռեկտորներ Պ. Քալանթարյանի եւ Մ.Հարությունյանի պաշտպանությանը»:

Հայցվորի ներկայացուցչի գնահատմամբ, ասվածը զրպարտություն է, քանի որ Լյուբա Մեհրաբյանը որեւէ ապօրինություն թույլ չի տվել եւ պրոռեկտորներն էլ չեն կարող ենթարկվել Լ.Մեհրաբյանին։

2019թ. սեպտեմբերի 25-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Ն. Սարգսյանը պարտվեց, նրան առաջարկվեց հերքման տեքստ, ինչին համաձայն չլինելով՝ նա դիմել էր վերաքննիչ քաղաքացիական դատարան: Այս տարվա հունվարի 30-ին վերաքննիչ դատարանը բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում էր կայացրել: Փետրվարի 19-ին դատարանն անփոփոխ է թողել դատավոր Էդիկ Ավետիսյանի վճիռը:

Ն. Սարգսյանի ներկայացուցիչ Դ. Սարգսյանի բողոքում կար այսպիսի արտահայտություն. «Առավոտ» թերթի պատասխանատվության մասին որեւէ խոսք չկա, այլ կա հայցվորի կողմից դատարանին ներկայացված խնդրանք՝ պարտավորեցնելու «Առավոտ» օրաթերթին հերքում տպագրելու, ինչն իրավաբանական պատասխանատվության տեսակ չէ»:

Մայիսի 20-ին`համավարակի սահմանափակումների օրերին բողոքը հանգրվանել էր Վճռաբեկ դատարանում, հուլիսի 8-ին պալատը մերժել է Նորիկ Սարգսյանի բողոքը:

«Առավոտն» այն ստացել է օրեր առաջ` օգոստոսի 14-ին: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ. «Սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած հիմնավորումները բավարար չեն բողոքարկվող դատական ակտում դատավարական իրավունքի նորմերի խախտման առկայությունն ու այդ խախտմամբ արդարադատության բուն էության խաթարումը հիմնավորված համարելու համար»: Այստեղ կա մի բայց. Ն. Սարգսյանը հերքման տեքստը չի գրել, եթե նա չի գրել, հայտնի էլ չէ, թե ով է գրել, ինչու պետք է լրատվամիջոցը չորս տարի հետո այն տպագրի:

«Առավոտը» երեկ դիմեց Դավիթ Սարգսյանին` Նորիկ Սարգսյանի ներկայացուցչին, Վճռաբեկ դատարանի որոշման հետ կապված: Նա ասաց. «Մեր գնահատմամբ՝ թիվ ԵԿԴ/2896/02/16 գործով դատարանի կողմնակալության եւ անգրագիտության համադրությամբ մենք գրանցել ենք «տեխնիկական» հաղթանակ: Դատարանը պարտավորեցրել է «Առավոտ» օրաթերթին Ն. Սարգսյանի անունից հրապարակել հերքում, որի իրավունքը չուներ՝ քանզի օրենքով չկա սահմանված ազատ խոսքի սահմանափակման նման ձեւ: Տվյալ գործով դատարանի կողմից որեւէ պարտավորություն չի դրվել Ն. Սարգսյանի վրա: Հետեւաբար, անկախ նրանից, թե ով ինչ կտպագրի, մենք հայտարարում ենք, որ Ն. Սարգսյանի բոլոր ասածները դեռ ուժի մեջ են, նա որեւէ բան չի հերքում եւ եւս մեկ անգամ հաստատում է իր բոլոր ասածները, որոնք տպագրվել էին օրաթերթում՝ «Որտեղ է թաղված շան գլուխը» վերնագրով ՀՊՏՀ ռեկտորին ուղղված բաց նամակում»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31