Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փլուզումն ազգի կործանումն է…

Օգոստոս 21,2020 13:00

Հարավաֆրիկյան Հանրապետության Ստելլենբոսսկ քաղաքի՝ 19-րդ դարում հիմնադրված համալսարանի մուտքի պատին գրված է. «Ցանկացած ազգի ոչնչացման համար պետք չեն օգտագործել ատոմային ռումբեր կամ հեռահար հրթիռներ: Դրա համար ընդամենը պահանջվում է նվազեցնել կրթության որակը եւ հանդուրժել խաբեությունը քննությունների ընթացքում…

Կրթության փլուզումն ազգի կործանումն է»: Ենթադրվում էր, որ 1991թ. Հայաստանի այդքան երազած անկախ հանրապետության հռչակումից հետո հիանալի հնարավորություններ կբացվեն լեզվի ու մշակույթի, ազգային կրթության, գիտության զարգացման, ազգային նկարագիր ունեցող սովորութային-բարոյական բարձր արժեքների վերածննդի համար: Դժբախտաբար, սակայն, դա տեղի չունեցավ եւ հետխորհրդային Հայաստանում արժեհամակարգի արմատական փոփոխությունները, տեղեկատվական միջավայրի հետեւողական զարգացումը, գլոբալացումը, կրթության ոլորտում իրականացվող «բարեփոխումները» հետեւողականորեն քայքայեցին խորհրդային կայացած ու քննություն բռնած կրթական ու գիտական համակարգը, քաղաքականացվեցին ու ապականվեցին կրթության տաճարները՝ դպրոցներն ու բուհերը, նվաստացրեցինք ուսուցչին, դասախոսին ու գիտնականին՝ վճարելով չնչին աշխատավարձ եւ ներգրավելով նրանց ընտրակեղծարարության գործընթացներում:

Դրանից բացի, խեղճ ուսուցիչը ստիպված էր լինում ամեն մի կրթության նախարարի հետ իր գաղափարական դավանանքը՝ կուսակցական պատկանելությունը փոխել: Իսկ գիտելիքն ու կրթությունը մի զգալի մասի համար այլեւս դադարեցին արժեք եւ պահանջ լինելուց: Ներկայումս էլ ավելի արագ տեմպերով շարունակվում է կրթության ու գիտության փլուզման, մեղմ ասած, ոչ ազգանպաստ քաղաքականությունը՝ արժեզրկելով գիտելիքն ու կրթությունը, ուսուցչին ու գիտնականին, խրախուսելով գորշությունն ու միջակությունը: Եվ դա միանգամայն հասկանալի է ու օրինաչափ:

Չէ՞ որ ինչպես Գալիլեո Գալիլեյն է ասել. «Աշխարհում չկա ավելի մեծ ատելություն, քան տգիտության տածած ատելությունը գիտության հանդեպ»: Ապրում ենք մեր ազգի համար բախտորոշ ու ճակատագրական ժամանակաշրջաններից մեկը, երբ նորանկախ Հայաստանում կանգնած ենք հայ ժողովրդի դարերով պահպանած ազգային արժեքների՝ ձեւավորված ազգային սովորութային-մշակութային նորմերի ու նրա փառահեղ պատմության խեղաթյուրման, մայրենիի ուրացման, հայկական ավանդական ընտանիքի խարխլման, ազգային արմատներից հեռացման, հայի ինքնության այլասերման եւ ինքնագիտակցության թուլացման, հասարակության պառակտման, պետական ինստիտուտների, ազգային պետության, ազգային կրթական համակարգի ու եկեղեցու արժեզրկման ու փլուզման վտանգի առջեւ: Մինչդեռ, սակայն, դարերով զրկված լինելով ինքնուրույնությունից, չունենալով պետականություն, սփռված լինելով ամբողջ աշխարհով մեկ, հայ ազգը կարողացել է ավելի անաղարտ պահել իր լեզուն, պահպանել իր հոգեւոր հարստությունները, մշակութային ավնդույթները, քան ներկայիս անկախ Հայաստանում: Քաղքենությունն ու օտարամոլությունը հասել է այն աստիճանի, որ գնալով ավելի ենք արժեւորում, այսպես կոչված, արեւմտյան՝ օտար բարքերն ու արժեհամակարգերը, օտար լեզուն ու օտար երկրում ստացած կրթությունը, օտար մասնագետին, ստվերելով ու անտեսելով մեր ազգայինն ու ավանդականը: Մինչդեռ գերմանացի գործարար եւ հնագետ Հենրիխ Շլիմանը գտնում էր, որ. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, եւ ոչ Հայաստանը»: «…Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետեւեն վազենք»,- գրել է Ղեւոնդ Ալիշանը:

Պատմությունը վկայում է, որ կենսունակ են եւ ապագա ունեն այն ազգերը, որոնք ավանդապաշտ են եւ առանձնակի պաշտամունք են տածում ազգային արժեքների՝ ազգային սովորույթների, մայրենի լեզվի, եկեղեցու, ինչպես նաեւ ազգային պետության, մայրերի ու հայրերի, տարեցների, ուսուցիչների ու ազգի մեծերի նկատմամբ: Ներկայումս ամբողջ աշխարհում մեծ նշանակություն է տրվում կրթությանը եւ իմաստուն ու հասուն ազգերը գիտակցում են, որ մարդկության ապագան մեծապես պայմանավորված է հասարակության կրթական մակարդակի հետեւողական բարձրացմամբ, որ այլեւս ոչ թե նավթը, գազը կամ ոսկին, այլ գիտելիքն է ամենակարեւոր ռեսուրսը եւ կրթության ու գիտության վրա կատարում են հսկայական ներդրումներ, առատորեն վճարում են ոլորտի աշխատակիցներին, լավ իմանալով, որ դրա դիմաց շատ արժեքավոր բան են ձեռք բերում:

Պատահական չէ, որ զարգացած երկրներում մեկ շնչի հաշվով կրթության եւ գիտության վրա բյուջետային հատկացումները կազմում են 2,5-4 հազար ԱՄՆ դոլար, մինչդեռ Հայաստանում այն տատանվում է ընդամենը 100 դոլարի սահմաններում: Ֆրանսիացի ֆիզիկոս Պիեռ Կյուրին 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայի հարավում գտնվող քոլեջներից մեկի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ժողովուրդները, ազգերը աշխարհին ներկայանում են գիտության միջոցով, իսկ ովքեր դա չեն անում, պարզապես վեր են ածվում գաղութների»:

Գաղտնիք չէ, որ կրթության ոլորտի արմատական բարեփոխումների իրականացման գործում առանցքային դերը պատկանում է մանկավարժական կադրերին` դաստիարակին, ուսուցչին ու դասախոսին: Ժամանակակից կրթական միջավայրում, սակայն, տեղի են ունենում սոցիալական հիերարխիայի փլուզման երեւույթներ եւ կամաց-կամաց սկսում են պակասել մի կողմից մանկավարժ-դաստիարակների նկատմամբ ձեւավորված ավանդական-մշակութային պաշտամունքը, իսկ մյուս կողմից մանկավարժների պատասխանատվությունը՝ սերնդի կրթման ու դաստիարակության նկատմամբ:

Այս պայմաններում, ինչպես երբեք, աճում է դպրոցի, բուհի եւ մանկավարժի դերի ու նրա անձի հեղինակության վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես հասարակության, այնպես էլ դպրոցականների ու ուսանողների միջավայրում: Դեռեւս հնագույն ժամանակներից ի վեր, սկսած մեծագույն ուսուցիչներ եւ իմաստուններ Արիստոտելից, Սոկրատեսից, ուսուցիչը (մանկավարժը) բոլոր ժողովուրդների, ազգերի ու հասարակությունների համար համարվում է ամենասիրված մարդը, քանի որ նա մարդկանց տալիս է ամենաարժեքավոր բանը՝ գիտելիք եւ դաստիարակություն: Շատ ժողովուրդներ իրենց հասարակության ամենահարգված մարդկանց՝ անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում:

Նշանավոր փիլիսոփա Սենեկայի կարծիքով. «Մանկավարժի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածներն ուզում են պատժել մեկին, նրան մանկավարժ են դարձնում»: Ըստ էության, ազգային կրթությունը հանդիսանում է ազգային ինքնության եւ ազգային պետության հոգեւոր ու մշակութային անվտանգության կարեւոր բաղադրիչը եւ ազգովի պետք է գիտակցենք, որ ազգային կրթության փլուզումը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ մեր երկրի ու ժողովրդի համար:

Իսկ ազգային կրթության մեջ առանձնակի ուշադրության պետք է արժանանա հայոց լեզուն, այն լեզուն, որ անգամ օտարների կարծիքով՝ Աղոթքի լեզու է, աստվածային ճոխ ու աննման լեզու է, Աստծո հետ խոսելու միակ լեզուն է: «Լեզվի մահն արագացնում է ժողովուրդների հոգեւոր մահը»,- գրել է Գարեգին Նժդեհը: Իսկ Հովհաննես Թումանյանն էլ գտնում էր, որ. «Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության եւ էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Մենք նաեւ օտարների կարծիքով ազնվագույն ծագում եւ բարձր որակներ ունեցող ազգ ենք, սակայն դարերի ընթացքում օտար նվաճողների տիրապետության պայմաններում մեր արժեհամակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել, եւ մենք այսօր արժեհամակարգի, բարոյականության եւ սերնդի դաստիարակության հետ կապված խնդիրներ ունենք: Սերնդի դաստիարակման ու կրթման հարցը այսօր նաեւ համաշխարհային հանրության առաջնահերթ խնդիրներից են:

«Հիմա մենք կանգնած ենք սերնդային աղետի առաջ, որը կարող է ի չիք դարձնել մարդկային դեռեւս անհայտ ներուժը՝ վտանգելով տասնամյակների առաջընթացը…»,- բոլորովին վերջերս նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը: Այդ նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ հասարակության շրջանում վերականգնել սերն ու ձգտումը գիտելիքի ու կրթության նկատմամբ եւ ըստ ամենայնի բարձրացնել ուսուցիչների եւ դասախոսների երբեմնի հեղինակությունը եւ պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության ու կրթման, ինչպես նաեւ նոր արժեհամակարգի ձեւավորման եւ ազգային սովորույթների ու արժեքների փոխանցման ու պահպանման գործում:

Երեխաների մոտ նոր բարձր արժեհամակարգ ձեւավորելու, մանկավարժների եւ կրթության դերը հասարակության մեջ արժեւորելու եւ գիտելիքի, կրթության ու ընթերցանության նկատմամբ սեր առաջացնելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել հասարակության շրջանում հեղինակություն վայելող անվանի մարդկանց, մտավորականների, հոգեւորականների, քաղաքական, պետական, մշակույթի ու գիտության անվանի գործիչների հանդիպումներ ուսանողների եւ աշակերտների հետ: Այս գործում դաստիարակչական կարեւոր դերակատարություն կարող են ունենալ նաեւ մամուլն ու հեռուստաընկերությունները:

Գտնում եմ նպատակահարմար՝ դպրոցների բարձր դասարաններում մտցնել «Ազգային արժեհամակարգ» առարկա, որի նպատակը կլինի վերադարձը հայի ազնվագուն տեսակին ու մարդկային բարձր որակներ կրող սերնդի դաստիարակությունը: Դասավանդման ընթացքում կարելի է անդրադառնալ հայի արմատներին ու ծագումնաբանությանը, ազգային ավանդույթներին ու վարվելակերպի նորմերին, հայկական մշակույթին, լեզվին, կրոնին, հայ ժողովրդի հերոսական դրվագներին, հերոսների ու հայ մեծերի կյանքին ու գործունեությանը, հայրենիքի եւ պետականության, որպես գերագույն արժեքի՝ դերին, պատմության ընթացքում մեր թույլ տված սխալներին, կորուստներին ու ունեցած անհաջողությունների պատճառներին, հայի մասին օտարների արտահայտած կարծիքներին, մեր ազգային հավաքական կերպարին, դրանցում առկա թերություններին եւ արատներին:

Դասախոսների եւ ուսուցիչների ընտրության ժամանակ մասնագիտական որակներից բացի, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել նաեւ նրանց բարոյական եւ մարդկային կերպարին: Շատ կարեւոր է նաեւ նրանց սոցիալական ու բարոյական պաշտպանվածության արդյունավետ համակարգի ձեւավորումը եւ ներդրումը:

Երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների եւ գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն եւ կայսրին վայել մեծարանք»: Իսկ գերակշռող երկրներում ուսուցիչը վճարվում է միջին աշխատավարձից բարձր, օգտվում է տարատեսակ արտոնություններից՝ սուպերմարկետների, հասարակական տրանսպորտի զեղչերից, պետական ծառայողի կարգավիճակից եւ անվճար թանգարաններ այցելելու իրավունքից: Ի տարբերություն Ճապոնիայի եւ շատ այլ երկրների, Հայաստանում ուսուցիչն անտեսված է, չի օգտվում որեւէ արտոնությունից, պարգեւավճար չի ստանում, իսկ աշխատավարձը 15-16 անգամ պակաս է նախարարի աշխատավարձից: Որ նախարարներն ու մարզպետները պարգեւավճարներ են ստանում, դա ժողովրդի պատիվն է, բայց որ մանկավարժները թշվառ վիճակում են, դա ժողովրդի պատիվը չէ՞: «Պետության վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ՝ վկայում է կամ պետության ուժի, կամ նրա թուլության մասին»,- ասել է Օտտո ֆոն Բիսմարկը:

Կրթության եւ գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը, առանց չափազանցնելու, ազգային աղետ պետք է որակել, ինչը լրջորեն պետք է անհանգստացնի բոլորիս, թե կառավարության պատասխանատուներին, թե մտավորականությանը, թե եկեղեցուն, թե հասարակության լայն խավերին: Ելնելով ոլորտի կարեւորությունից եւ հանրային հնչեղությունից՝ չի կարելի կրթության բարեփոխումների ու սկզբունքային հարցերի վերաբերյալ ընդունել որոշումներ, առանց հանրային լայն քննարկումների, մասնագիտական, փորձագիտական ու գիտական շրջանակների հետ խորհրդակցելու:

Համոզված եմ, որ հային չի լքի իմաստությունն ու խոհեմությունը եւ Հայաստանում ազգային կրթության եւ գիտության վերջնական փլուզումը, ոլորտում ստեղծված քաոսն ու անորոշությունը կկանխվի հայ ժողովրդի եւ առաջին հերթին մտավորականության համախմբման, վճռական եւ հետեւողական ջանքերի շնորհիվ:

Ընդհանրապես երկրում պետք է ձեւավորել մշակույթ, որպեսզի կարեւորագույն խնդիրների վերաբերյալ որոշոմներ կայացնելիս անպայման կազմակերպվեն հանրային քննարկումներ, իսկ ժողովրդի հետ հաշվի չնստելն ու չափից ավելի ինքնավստահությունը լավ տեղ չեն կարող տանել:

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ     

տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

«Առավոտ» օրաթերթ
20.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31