Մեծ ինքնաթիռներն այլեւս լայն պահանջարկ չեն ունենա, բազմաթիվ մարդիկ այլեւս այն ծավալի հագուստի կարիք չեն ունենա, որքան նախկինում
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թենգելը ներկայիս իրավիճակը բնութագրում է հետեւյալ կերպ.
1.կորոնավիրուսը կշարունակի գոյություն ունենալ մեր կյանքում առնվազն մի քանի տարի,
2.խիտ բնակեցված բազմազգ մայրաքաղաքներում ինչպես կորոնավիրուսի, այնպես էլ ցանկացած այլ տեսակի համաճարակի տարածումն առավել հավանական է,
Կարդացեք նաև
3.մահացության աստիճանը նվազեցնելու ճանապարհը ծերերի շրջանում վիրուսի տարածման կանխարգելումն է,
4.մինչեւ օրս համաճարակաբանական կանխատեսումների մեծ մասը հիմնովին սխալ է եղել,
5.կորոնավիրուսի համավարակի ավարտից հետո մահացության մակարդակը կկազմի մոտ 0.1%-ից 0.5%՝ գրեթե նույնքան, որքան գրիպների համաճարակների պարագայում,
6.գրեթե անհավանական է, որ նույն մարդը երկու անգամ կորոնավիրուսով վարակվի. Շվեդիայում չկա մեկը, որի մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս ախտորոշված լինի,
7.շատ դժվար է չափել իմունիտետի նախնական գոյությունը: Ենթադրենք՝ Անդերս Թենգելը ճիշտ է ու շարունակենք զարգացնել մեր թեզը: Royal Bank of Canada-ն (RBC) Կանադայի ամենամեծ բանկն է: Չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, RBC-ի բաժնետոմսերի գինը պատմական ամենաբարձր կետից նվազել է ընդամենը 10%-ով:
Մինչդեռ բազմաթիվ զարգացած երկրների բանկերի (ինչպիսին HSBC-ն է) բաժնետոմսերը շուրջ 50% անկում արձանագրեցին: RBC-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ ՄքՔեյնն ապրիլ ամսվա սկզբին «Դը Գլոբ էնդ Մեյլ» թերթում հոդված հրապարակեց, որը վերնագրված էր՝ «Ինչպե՞ս Կանադան դարձնել առավել ինքնաբավ պետություն կորոնավիրուսի համավարակից հետո»:
Հոդվածի հիմնական գաղափարը Կանադան՝ իր տնտեսության տարբեր ճյուղերով, առավել ինքնաբավ դարձնելու միանշանակ կոչն էր: Եթե Կանադայում օրակարգային է դառնում առավել ինքնաբավ դառնալու անհրաժեշտությունը, ապա ի՞նչ պիտի անեն ԱՄՆ-ն, Եվրագոտու երկրները, Բրազիլիան, Հնդկաստանը, Ռուսաստանը եւ Չինաստանը:
Ինչպես պնդում էինք մեր նախորդ էլեկտրոնային նամակում, որը նվիրված էր հարստության ստեղծմանը (հասանելի է մեր կայքում), համաշխարհային առեւտուրը, որպես համաշխարհային ՀՆԱ-ի մաս, կշարունակի անկում արձանագրել, քանի որ բազմաթիվ երկրներ կփորձեն շատ ավելի ինքնաբավ դառնալ:
Թվարկենք մի քանի հավելյալ միտումներ (թրենդեր), որոնք շարունակական զարգացման 90% հավանականություն ունեն.
1.Զբոսաշրջություն եւ զվարճանքներ. հյուրանոցները, ռեստորանները, ընդունելության սրահները, սրճարանները եւ ոլորտի մյուս օղակները միայն աստիճանաբար կկարողանան վերականգնվել, իսկ դրանցից շատերն առհասարակ չեն վերսկսի իրենց գործունեությունը: Դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու պարտադիր պահանջները զգալիորեն ավելացրել են բոլոր այս ոլորտներում բիզնես վարելու գինը՝ առանց շահույթի ավելացման: Մեծ ինքնաթիռներն այլեւս լայն պահանջարկ չեն ունենա, քանի որ երկարատեւ թռիչքների վերականգնման համար դեռեւս տարիներ կպահանջվեն:
2.Անշարժ գույք. առեւտրային անշարժ գույքը (գրասենյակային շենքեր եւ առեւտրի կենտրոններ), ինչպես նաեւ այն կառուցող շինարարներն ու դիզայներները տարիների չիրացված ներուժ կկուտակեն, քանզի մարդկանց մի մասն անհետադարձ անցում է կատարում առցանց կյանքի: Մանրածախ առեւտրի խանութները կշարունակեն շուկայի իրենց բաժինը զիջել այնպիսի ընկերությունների, ինչպիսին «Ամազոնն» է: Ավելին, բազմաթիվ մարդիկ այլեւս այն ծավալի հագուստի կարիք չեն ունենա, որքան նախկինում:
3.Առողջապահություն. ծերանոցներն ու ծերերի խնամքի կենտրոններն իրենց վատագույնս դրսեւորեցին ստեղծված պայմաններում, ուստի գործարարության այս տեսակը լիակատար վերաիմաստավորման կարիք կունենա: Առցանց առողջապահությունն ու ախտորոշման մեթոդները կշարունակեն արագ զարգանալ:
4.Կրթությունը կփոխվի. բազմաթիվ մասնավոր քոլեջներ, դպրոցներ եւ համալսարաններ, որոնց վճարը տարեկան 30-ից 50 հազար ԱՄՆ դոլար է, կփակվեն՝ մասնավորապես նրանք, որոնք զգալի պարտքեր են կուտակել: Ըստ ամենայն հավանականության, իրավիճակը կհաղթահարեն միայն լավագուն կրթօջախները, իսկ առցանց կրթությունը կստանա շուկայի իր բաժնեմասը:
5.Հարկերը (ժառանգության հարկ, եկամտահարկ, ԱԱՀ) եւ պաշտպանողականությունը (պրոտեկցիոնիզմ) կաճեն. մենք ականատես կլինենք նոր հարկերի սահմանման, որոնց մինչ օրս ծանոթ չենք եղել: Կառավարությունները ստիպված կլինեն բարձրացնել հարկերը՝ պարտքերը մարելու եւ աճող սոցիալական պարտավորությունները կատարելու նպատակով: Աշխարհը կդառնա շատ ավելի պաշտպանողական եւ պակաս գլոբալիզացված (ինչպես պնդում է RBC-ի գործադիր տնօրենը): Սա կհանգեցնի գնաճի այնպիսի երկրներում, ինչպիսին Կանադան է, քանի որ զարգացած երկրներում արտադրությունն ավելի թանկ է, քան զարգացող երկրներում: Բայց խոսքը «մեկանգամյա» գնաճի մասին է. այն չի հանգեցնի շարունակական պարուրաձեւ գնաճի:
6.Ֆինանսական ոլորտ. Ռիսկի պրեմիան անընդհատ կաճի ակտիվների բոլոր տեսակների համար: Ակտիվների եւ դրանց խմբերի միջեւ կապը կնվազի, ինչը առավել կարժեւորի միջազգային բազմազանեցումը: Մարդկանց զգուշավորությամբ պայմանավորված խնայողությունները կաճեն, իսկ դա նշանակում է, որ մարդիկ կսկսեն խնայել իրենց վաստակած գումարի ավելի մեծ մասը:
Եզրակացություն
Հետկորոնավիրուսային աշխարհում ամենակարեւոր բառը լինելու է «հիստերեզիսը» կամ «հիստերեզիսի էֆեկտները»: Տնտեսագիտության մեջ հիստերեզիսը վերաբերում է մարդկային վարքագծի շարունակական փոփոխությանը նույնիսկ այն դեպքում, երբ այն խթանող գործոններն այլեւս գոյություն չունեն: Այսպիսով, հիմնական հարցն այն է, թե մեր կյանքի որ բաղադրիչներն այլեւս երբեք նույնը չեն լինի: Այս ակնարկի առաջին մասում մենք փորձեցինք նկարագրել երկու քիչ հավանական, բայց ահռելի ազդեցություն ունեցող սցենարներ: Այս մասում մենք ներկայացրինք հիմնական սցենարը՝ տարբեր ոլորտներում հիստերեզիսի էֆեկտների հնարավոր ուղեկցմամբ: Եթե համադրենք մեր նախորդ՝ էկոհամակարգերին, կառավարության օպտիմալ չափին եւ հարստության ստեղծմանը նվիրված զեկույցները, ապա հեշտորեն կկարողանանք նախանշել հիստերեզիսի մի քանի էֆեկտներ:
Նասիմ Թալեբը ճիշտ է, լավագույն «սթրես-թեստը» իրականությունն է: Մարդիկ, ընկերություններն ու պետությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում սթրես-թեստերի վրա: Մինչդեռ, իրականությունը հաճախ տարբերվում է մոդելավորված սցենարներից: Ուստի, ինչպես պնդում է Նասիմ Թալեբը, այն մարդիկ, ընկերությունները կամ պետությունները, որոնք կկարողանան նվազագույն վնասներով հաղթահարել ներկայիս ճգնաժամը, գալիք տասնամյակում առավել կենսունակ կլինեն:
Դացիթ ԹԱՎԱԴՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.08.2020