Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան մեծացնում է թշնամանքի չափաբաժինը

Օգոստոս 21,2020 12:00

Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձը՝ պաշտոնական Անկարայից կոշտ հայտարարությունների նոր առիթ

Պաշտոնական Անկարան հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողություններից հետո «եղբայրական Ադրբեջանին» աջակցության ու հավատարմության հայտարարություններից հետո շարունակում է Հայաստանի ուղղությամբ քննադատությունը: Հերթական առիթը Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին Հայաստանի իշխանությունների հայտարարություններն էին:

Նախ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ հղեց Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին՝ արձանագրելով, որ Սեւրի պայմանագիրը պատմական փաստ է: «Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սեւրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին եւ զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում: Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սեւրի պայմանագիրը միջպետական հարաբերությունների նոր համակարգ էր ձեւավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաեւ արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում»,- նշել էր նա:

Ապա` հավելել էր, որ այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման եւ քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության եւ տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման եւ հետագա զարգացման համար: «Երկրորդ՝ Սեւրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախությունը: ՀՀ-ն հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: ՀՀ-ն պայմանագրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարաբերությունների լիիրավ անդամ եւ միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ»: Որպես երրորդ կարեւոր արձանագրում՝ Փաշինյանն ընդգծում էր. «Սեւրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում եւ ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամյակներ ի վեր ծնվել, ապրել եւ պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը»:

Փաշինյանն ամփոփում էր, որ Սեւրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, եւ այն ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետեւանքների հաղթահարման համար. «Չնայած Սեւրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը»:

Փաշինյանի ուղերձին անմիջապես արձագանքեց Թուրքիայի ԱԳՆ-ն` անուղղակի սպառնալով. «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմիններն ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն եւ խելքները գլուխները հավաքեն»։ Հայտարարությունում նշվում էր, որ Սեւրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան եւ վերջ դնել անկախությանը եւ ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել եւ պատմության աղբամանն է նետել այն»։

Ըստ Ermenihaber.am-ի՝ հայտարարությունում կրկնվել էր նաեւ վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաեւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։ Թուրքիայի ԱԳՆ-ն չէր մոռացել նաեւ արցախյան հիմնախնդիրը՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջեւ միակ խոչընդոտը լինելու» մեջ։

Թուրքիայի ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունը միակը չէր: Պաշտոնական Անկարայի համար եւս մեկ առիթ ստեղծեց արտահայտվելու: Օգոստոսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել Արեւելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ, արձանագրելով, որ ուշադիր հետեւում են Թուրքիայի ապօրինի եւ սադրիչ գործողությունների հետեւանքով Էգեյան եւ Արեւելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին եւ նավատորմային մոբիլիզացիային: «Արեւելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարեւան տարածաշրջաններում հետեւողականորեն վարվող ագրեսիվ եւ ծավալապաշտական քաղաքականությունը: Մենք վերահաստատում ենք Հայաստանի անվերապահ աջակցությունն ու համերաշխությունը Հունաստանին եւ Կիպրոսին եւ կոչ ենք անում Թուրքիային քայլեր ձեռնարկելու լարվածության նվազեցման ուղղությամբ, հարգելու միջազգային իրավունքը եւ դադարեցնելու Հունաստանի եւ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտիներում բոլոր գործողությունները»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Վերոնշյալ հայտարարությանն էլ բավական կոշտ արձագանքեց Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյը, մասնավորապես նշելով. «Տեսնում ենք, որ Արեւելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելու հավակնություն ունեցող Հայաստանը աշխարհի աշխարհագրության ու այդ աշխարհագրության մեջ իր տեղի հետ կապված սխալմունքի մեջ է։ Այստեղ խնդիրը ոչ թե Սեւանա լճի մասին է, այլ՝ Արեւելյան Միջերկրականի»։

Աքսոյը, հիշեցնելով Սեւրի պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, դրանից հետո էլ Հայաստանի՝ Արեւելյան Միջերկրականի մասին կարծիք հայտնելը, «չափն անցնելու ու անպատասխանատվություն օրինակ» էր որակել։ «Այն, որ ԱՄԷ-ից ու Ֆրանսիայից հետո էլ ծով ելք չունեցող Հայաստանն է համարում, որ տարածաշրջանում խոսքի իրավունք ունի, ցույց է տալիս, թե ինչ ընդգրկում ունի հակաթուրքական նենգ դաշինքը, որը ցանկանում են ձեւավորել»,- ասել է Աքսոյը: Վերջինս նույնպես չէր մոռացել հիշեցնել. «Մեր բոլոր հնարավորություններով կանգնած ենք եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Թուրքիայի իշխանություններն, ինչպես երեւում է, ապագայում որեւէ առիթ բաց չեն թողնելու ընդդեմ Հայաստանից հնչող հայտարարություններին հակազդելու, եւ ընդդեմ Հայաստանի ու Արցախի գործելու: Հուլիսյան ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարայի հավատարմության ժեստերը Ադրբեջանին եւ այդ համատեքստում նրանց ակտիվությունը նոր մարտահրավեր էր պաշտոնական Երեւանի համար: Այդ քաղաքականությանը համարժեք եւ համակարգված աշխատանք պետք է տարվի ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության կողմից:

Հայաստանի նկատմամբ երկու տասնամյակից ավելի թշնամական բացահայտ գործողություններ իրականացնող Թուրքիայի եւ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը քաղաքակիրթ աշխարհին պետք է էլ ավելի ցցուն կերպով ներկայացվի: Տարածաշրջանում Թուրքիայի առանց այն էլ ակտիվ, բոլոր հակամարտություններում ազդեցություն ունենալու, իսկ երբեմն էլ ագրեսիվ քաղաքականությունը ակնհայտ է միջազգային հանրության համար: Հետեւաբար, մեր տարածաշրջանում պաշտոնական Անկարայի ազդեցության մեծացման փորձերը պետք է հնարավորինս կանխել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31