Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ապրիլյան քառօրյա պատերազմը չէր կարելի դարձնել քաղաքական սպեկուլյացիայի օբյեկտ». Նորայր Նորիկյան

Օգոստոս 20,2020 23:03

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասին որևէ մեկը ճշմարտությունը մինչև վերջ չի ասելու՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը:

Պատճառն ակնհայտ է. Գործ ունենք պետական, ծառայողական և ռազմական բնագավառում գաղտնի տեղեկությունների հետ, որոնք հրապարակման ենթակա չեն:

Սրանով թեման փակված է: Այլ խնդիր է, թե կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ նպատակով է ցանկանում այս հարցը պահել հանրային օրակարգում:

Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսի իմ տպավորությունն այն է, որ նա փորձում է սրբագրել առաջին հերթին ինքն իրեն և փորձել հանրությանն ապացուցել ինչ-որ բան, իսկ ավելի կոնկրետ՝ ապացուցել, որ Ադրբեջանը չի հաղթել, իսկ Հայաստանը չի պարտվել:

Իհարկե՛, Ադրբեջանը չի կարողացել լուծել իր առջև դրված ռազմաքաղաքական խնդիրը, և այդ առումով ակնհայտ է, որ նա չի հասել իր նպատակին:

Բայց միայն այն հանգամանքը, որ նա ձեռնարկել է այդ ռազմական ավանտյուրան, ինչ-որ առումով Հայաստանի նախորդ տարիների իշխող վարչակարգերի ռազմաքաղաքական պարտությունն էր, քանի որ, եթե այդ վարչակարգերն իրականացնեին այնպիսի քաղաքականություն, ստեղծեին այնպիսի ուժեղ տնտեսություն ունեցող պետություն, կոռուպցիայից զերծ պետական կառավարման համակարգ, ավելի մարտունակ բանակ, տարածաշրջանում իրականացնեին ավելի արդյունավետ քաղաքականություն և կառուցեին առավել հուսալի անվտանգային միջավայր, Ադրբեջանը նույնիսկ չէր համարձակվի մտածել այդպիսի ավանտյուրայի մասին:

Բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է:

Այդուհանդերձ, Սերժ Սարգսյանն այս հարցում կրակել է իր վերջին փամփուշտը, և նրա նպատակը պարզ է:

Գնդակն այս պահին գտնվում է Նիկոլ Փաշինյանի դաշտում:

Ես չգիտեմ, թե ինչ զեկույց կհրապարակվի քննիչ հանձնաժողովի կողմից և ինչ համատեքստով կներկայացվեն և ինչ հիմնավորումներ կտրվեն մարտական դիրքերի կորստի հարցում, բայց այդ հանձնաժողովի զեկույցից պարզ է դառնալու մի շատ պարզ բան. Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում կրկնել ՝ մեր բանակում սերմացու գողացող մկների պես թալանող գեներալներ եղե՞լ են, թե՞ ոչ, եթե ոչ, ապա վարչապետն ու՞մ մասին էր խոսում, իսկ եթե եղել են, ապա ովքե՞ր են նրանք և ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չեն ենթարկվել…

Հ.Գ. Իմ խորին համոզմամբ, ապրիլյան քառօրյա պատերազմը չէր կարելի դարձնել քաղաքական սպեկուլյացիայի օբյեկտ՝ թեկուզ միայն այդ պատերազմի պատճառով զոհված մեր զինծառայողների լուսավոր հիշատակը հարգելուց դրդված…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31