Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաշինյան, արի՛ Գյումրի, խոսենք․ ստամոքսաթափ ենք եղել»․ հացադուլ հայտարարած տղամարդու պահանջը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Օգոստոս 20,2020 21:33

Շիրակի մարզպետարանի դիմաց 3 օր շարունակ հացադուլ հայտարարած Գետափ գյուղի 41-ամյա բնակիչ Գոռ Մարտիրոսյանը, որը «ՎԱԶ 21-07» մակնիշի մեքենայի վրա Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում, Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ունի սոցիալական խնդիրներ, որոնց կառավարությունը լուծում չի տալիս։ Ի դեպ, վերջինս մի ամիս առաջ բենզինը լցնելով իր վրա՝ ինքնահրկիզման փորձ էր արել մարզպետարանի շենքի դիմաց։ Այդ ժամանակ մարզպետարանից դիմեցին ոստիկանություն, ոստիկանները կանխեցին նրա ինքնասպանության փորձը։

Նա մանրամասնեց, որ ինքը սոցիալապես անապահով չի եղել, սոցիալական ծրագրերից չի օգտվել, մասնագիտությամբ ավտոմեխանիկ է, զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Իր խնդիրները սկսվել են ՀՀ-ում կարանտին հայտարարելու հետ մեկտեղ։

«Երբ երկրում հայտարարվեց կարանտին, մեր հարգարժան վարչապետն ասաց, որ բոլոր քաղաքացիները պարտավոր են պահպանել կարանտինի օրենքը, Պարետատունը խստացված ռեժիմով ծառայություն մատուցեց՝ ոստիկանությանը հրահանգելով, որ ՀՀ քաղաքացիներս որևէ տեղաշարժի իրավունք չունենանք, ես՝ Գոռ Մարտիրոսյանս, հարգեցի կառավարության, հարգեցի պարետատան որոշումները, բայց, ցավոք, կառավարության հանդեպ տածած իմ հարգանքը տարավ իմ ընտանիքի կործանման»,- ասաց Գոռ Մարտիրոսյանը։

Վերջինս ասաց, որ մի ամսվա պաշար ուներ, բայց այն սպառվելուց հետո չկարողացավ արտակարգ դրության պայմաններում աշխատել, իր խոզերին կեր հայթայթել ու կենդանիներին սովից փրկեր։

«Դիմեցի կառավարություն, դիմեցի սոցապնախարարություն, դիմեցի մարզպետարան, դիմեցի համայնքապետարան, ցավոք, մինչ այսօր իմ դիմում-բողոքները, ինձ օգնության ձեռք մեկնելու խնդրանքները չեն բավարարվում։ Մարզպետը իրեն իրավունք է վերապահում ասել, որ մենք ի զորու չենք կառավարությանը գրած դիմում -բողոքներիդ պատասխանը տալու»,- ասաց Գոռ Մարտիրոսյանը։

Վերջինս կառավարությունից պահանջում է հանդիպում ու լրատվամիջոցների ներկայությամբ պարզաբանում առ այն, թե ինչու իր գրավոր դիմումները չեն բավարարվել, իր հարցը վերջնական լուծում չի ստացել։

Նա պահանջում է փոխահատուցել իր կորուստը․ 12 խոզամայրեր ու 100 գոճիներ է կորցրել, այսինքն՝ իր կորուստը 5 միլիոն դրամից ավելի է։ Նա պահանջել է, որ հանձնաժողով ուղարկեն, որպեսզի գա ու իր կորուստները արձանագրի, սակայն հրաժարվել են հանձնաժողով ուղարկելուց։

«Ես պահանջում եմ մեր հարգարժան վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ հարկ համարի այցելի Գյումրի, այցելի իր կողքը կանգնած քաղաքացիներից մեկին, ով իր հեղափոխության համար ջանք չի խնայել։ Հիմա նույն քաղաքացին մատնվել է սովի, հայտնվել է անելանելի վիճակի մեջ, այս կառավարության օգնության կարիքն ունի, ինչո՞ւ իմ կառավարությունն ինձ չի փոխհատուցում կամ չի մերժում։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ես հո չե՞մ դիմել Ադրբեջանին։

Պարոն Փաշինյան, եթե ի զորու չեք ձեր երկրում խաղաղ ապրող, գյուղատնտեսությամբ զբաղվող, հայրենասեր քաղաքացիներիս կողքը կանգնելու, նման խնդիրներին լուծում տալու, գնանք երկրից։ Ես հարկ եմ համարում, ինձ իրավունք եմ վերապահում ասելու ձեզ՝ եթե ՀՀ քաղաքացիներս չեք կարող Հայաստանում պահել, տեղեկատու կառույցներ ունենք, թող մեր խնդիրների մասին տեղեկացնեն այն պետություններին, որոնք հայց կհայտնեն մեր նման քաղաքացիներին ընդունելու, քաղաքացիություն շնորհելու, անձնագիր տալու։ Մենք էլ գնանք մեր մնացորդ կյանքը մեր ընտանիքների հետ ապրենք մեկ ուրիշ պետության մեջ, քանի դեռ դու չես կարող քո պետության մեջ ձեր կողմից ստեղծած սոցիալական խնդիրներին լուծում տալ»։

Վերջինս պահանջում է, որ վարչապետն իր հետ հանդիպում ունենա Շիրակի մարզպետարանի դիմաց։

«Դուք ասֆալտին եք փռում, ես ասֆալտին չեմ փռում, ես ասֆալտի վրա ձեր հետ հանդիպում եմ ունենալու․ չէ՞ որ հայ քաղաքացիներս ասֆալտի վրա գոռացինք «Նիկո՜լ, վարչապետ», գոռացել ենք այս օրերիս համար։ Դու լավ գիտես, պարոն վարչապետ, որ նախորդ իշխանությունների օրոք գրպանաթափ էին եղել ՀՀ քաղաքացիները, դուք գրպանաթափ քաղաքացիներին առաջնորդել եք, խոստումներ եք տվել, բայց այսօր ոչ թե գրպանաթափ ենք եղել, այլ ստամոքսաթափ ենք եղել։

Պարոն վարչապետ, խնդրում եմ ձեզանից կամ աշխատանք տարեք, հեղափոխության արդյունքները ցույց տվեք, կամ հրաժարական տվեք, որպեսզի կարողանանք մենք մեր երկրում ապրենք, արարենք, չդառնանք գողեր, հանցագործներ, ինքնասպաններ»,- ասում է Գոռ Մարտիրոսյանը։

Ի դեպ, նա սպասում է իր առաջնեկին։

«Պարոն Փաշինյան, եթե դուք իմ նման քաղաքացու կողքը կանգնած իշխանավոր չեք, ապա ո՞ւմ ՝ մարզպետի իշխանավո՞րն եք, իշխանավորների՞, որոնց դուք կարող եք մեծ դրամական պարգևավճարներ տալ։ Նրանց համա՞ր ես դու եղել վարչապետ, իսկ ինչո՞վ ես տարբերվում նախորդներից։ Այդ հարցերն են, որ պիտի գաս, խոսենք․․․

Մինչև երեքօրյա հացադուլը, ես 21 օր հացադուլ էի հայտարարել, տաս օր դուրս եմ եկել, բայց նորից հայտարարեցի, քնում եմ ասֆալտի վրա, քնում եմ մեքենայի մեջ՝ առանց անկողին մտնելու, առանց հաց ուտելու, առանց արևից պաշտպանիչ միջոցներ ունենալու։ Ես արդեն թույլ եմ, թուլացած եմ, դուք ամուր եք, ձիգ եք, հացադուլի մեջ չեք, խնդրում եմ պարոն վարչապետ, արի՛ այստեղ, իրար հետ հանդիպում ունենաք, ես հարցերը տամ, դու պատասխանները տուր», -ասաց Գոռ Մարտիրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31