Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայկական բնապահպանական ճակատի անդամները և ջերմուկցիները երթով շարժվեցին դեպի կառավարության շենք։
Նրանք պաստառներով կանգնեցին կառավարության շենքի առջև, ցուցարարներից ոմանք էլ սկսեցին կավիճով սարեր նկարել գետնին։
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ընթերցեց վարչապետին և շրջակա միջավայրի նախարարին նամակը, որով պահանջում են ուժը կորցրած ճանաչել նախորդ կառավարության՝ 2016 թվականին տված փորձաքննական դրական եզրակացությունը, և որը հետո փոխանցեցին կառավարությանը։
Թեհմինե Ենոքյանն էլ հայտարարեց, որ սադրանքի ականատես են եղել. «Ահազանգ ենք ստացել, որ առնվազն օգոստոսի սկզբին, երբ ձեր բոլորի աչքի առաջ ապացուցվեց, որ Ամուլսարի տարածքում տեղադրված վագոն-տնակները ապօրինի են և տեղափոխվեցին՝ համայնքի ղեկավարության, ոստիկանության, լրագրողների աչքի առաջ, պատգամավորների ներկայությամբ, մեր բոլորի աչքի առաջ, մեր պահանջով, այսօրվա դրությամբ հենց տեղացիները տարածքից դուրս են եկել և եկել են այստեղ ցույցի, «Լիդիան»-ի պահնորդական խումբը կամ աշխատակիցները տարածքը, որը իրենց վերահսկողության տակ էր, քայլեր են ձեռնարկել նույն վագոն-տնակները տեղաշարժելու, արհամարհել են Հայաստանի Հանրապետության օրենքը, արհամարհել են Հայաստանի Հանրապետության ՏԻՄ մարմիններին, Հայաստանի քաղաքացիներին և մեզ բոլորիս։ Սա աններելի է, և կառավարությանը մեկ անգամ հիշեցում և պահանջ՝ ձեր ամեն օրվա դանդաղկոտությունը բերելու է արյունահեղության»։
Կարդացեք նաև
Ցուցարարները կառավարության շենքից շարժվեցին դեպի շրջակա միջավայրի նախարարություն։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ