Հարկադիր պարապուրդում գտնվող ոստիկանության ավագ լեյտենանտ Հայկ Սարգսյանը դեռ չի պատրաստվում իրեն կադրերի ռեզերվ ուղարկելու վերաբերյալ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանը անվավեր ճանաչելու ու իրեն աշխատանքի վերականգնելու պահանջով դիմել դատարան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հարկադիր պարապուրդում հայտնված ավագ լեյտենանտը facebook-ում գրառում էր արել՝ հայտնելով իր հետ կատարվածը: Ըստ նրա՝ «Մի քանի պագոնակիր անձինք ոտնահարել են իմ` ազատության իրավունքը և հիմնավորում են ներկայացրել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին առ այն, որ ես ֆեյսբուքում լայքել եմ ՀՀ երկրորդ նախագահ՝ Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» գրառումը», ինչից հետո նա ազատվել է աշխատանքից:
Հայկ Սարգսյանը նաեւ հայտնել էր, որ ձեռքի տակ ունի խոսուն ապացույց, որը հիմնավորում է իր այն թեզը, որ ինքը ռեզերվ է ուղարկվել բացառապես ապօրինի և կամայական կերպով: Այս ապացույցը նույնպես Հայկ Սարգսյանը դեռեւս չի պատրաստվում հրապարակել: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Ոչինչ դեռ հստակ պլանավորված չէ, ես դեռ սպասում եմ իշխանություններից արձագանքին»: Նա ասաց նաեւ, որ քաղաքական հայացքներ չունի, չի սիրում քաղաքականությունը, իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրառումը լայքել է, որովհետեւ. «Արցախը ցանկացած զտարյուն հայի համար պետք է լինի գերագույն արժեք: Հարգում և սիրում եմ Հայաստանի և Արցախի բոլոր հերոսներին, և ինչպես իմ դեպքում ոստիկանությունից դուրս էլ մնալու եմ ավագ լեյտենանտ, այդպես էլ Ռոբերտ Քոչարյանը լինի նախագահ, թե՝ ոչ , մնալու է Արցախի հերոս, այդ կոչումն իր հետ է»:
Հայկ Սարգսյանը մեզ նաեւ մի տեղեկություն փոխանցեց, որն իմացել է իր համածառայակիցներից. «Ինձ հասել են տեղեկություններ, որ նոր ձեւավորվող Պարեկային ծառայություն տեղափոխվելու համար ոստիկանության ծառայողներից պահանջել են իրենց facebook-ի տվյալները, որ ստուգեն facebook-ները»:
Կարդացեք նաև
Ոստիկանությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ Հայկ Սարգսյանը ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 15.02.2020 թ. թիվ 413-Ա հրամանով՝ համաձայն՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 48-րդ (ոստիկանությունում ծառայողների կադրերի ռեզերվը) հոդվածի, ՀՀ կառավարության 13.12.2002 թ. թիվ 2043-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվելու և ռեզերվից հանելու» կարգի 2-րդ կետի «դ» (կադրերի ռեզերվում գրանցվում են ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոստիկանության ծառայողին այլ պաշտոնի փոխադրելիս՝ զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր թափուր պաշտոն չլինելու դեպքում) ենթակետի, ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում։ Ոստիկանությունից չմեկնաբանեցին ավագ լեյտենանտի՝ կադրերի ռեզերվում հայտնվելու ու ՀՀ երկրորդ նախագահի գրառումը լայքելու կապի մասին տեղեկությունը:
Ինչ վերաբերում է նոր պարեկային ձեւավորվող ծառայությունում ծառայության տեղափոխվելու համար Ոստիկանության ծառայողներից facebook-ի տվյալները պահանջելու մասին տեղեկությանը, Ոստիկանությունից խոստացան պատասխանել առաջիկայում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ