Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող «Պատվո Բլուր» հուշահամալիրում այսօր հարգեցին ռուս-թուրքական պատերազմների (1828, 1855 և 1877-1878թթ․ ) ընթացքում զոհված ու այստեղ հուղարկավորված ռուսական բանակի 240 սպաների հիշատակը։ Նշենք, որ «Պատվո Բլուր»-ը վերականգնվել էր տաս տարի առաջ, հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը Հայաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։
Նախքան ռուսական կողմի ու Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների այցն ու հանդիսավոր միջոցառման մեկնարկը, այսօր վաղ առավոտյան ռուս սպաների հիշատակը հարգեցին Շիրակի մարզի ՀՀԿ-ականները։ Նրանք ծաղկեպսակ դրեց Սերժ Սարգսյանի անունից ու ծաղիկներ խոնարհեցին ռուս սպաների հիշատակին։
ՀՀԿ ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք այս քայլով կարևորել են հայ-ռուսական հարաբերությունները, մեկ անգամ ևս բարձրաձայնել դրանց անհրաժեշտությունը։
«Ինչպես գիտեք, 2010 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բացվեց այս հուշահամալիրը, որը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունները, դրանց անհրաժեշտությունն ու բարձր մակարդակը։ Եթե պատմական ակնարկ կատարենք, 1853-1856 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, կամ ինչպես պատմության մեջ հայտնի է՝ Ղրիմի պատերազմի ժամանակ 150-ից ավելի ռուս զինվորներ են հուղարկավորվել։ Հետագայում՝ 2010 թվականին նորից ոգեկոչելով ռուս զինվորի հերոսությունը՝ կառուցվեց «Պատվո Բլուր»-ը։ Միևնույն ժամանակ, եթե հիշում եք ՀՀ և ՌԴ նախագահների միջև կնքվեց դաշնագիր, ըստ որի՝ երկարացվեց Հայաստանում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը, որն, ըստ իս, շատ կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի անվտանգության, և թե՛ նաև Գյումրիի տնտեսական վիճակի առումով»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները բարձր մակարդակի վրա չեն գտնվում։
«Թե՛ քաղաքական ժեստերում, և թե՛ տարբեր միջոցառումներում, նաև իշխանություններին կից արբանյակներով մենք անընդհատ լսում ենք, որ ռազմաբազան պետք չէ Հայաստանին։ Մենք շատ լավ գիտենք, որ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներ անընդհատ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս փորձեն այդ հարաբերությունները թուլացնեն, բայց, իմ կարծիքով, դա կլինի ՀՀ ներկայիս իշխանությունների մեծագույն սխալը, եթե իրենք փորձեն ինչ-որ ձևով կպնել այս դաշնագրին և առհասարակ այս հարաբերություններին։ Այս հարաբերությունները ձևավորվել են շատ ավելի վաղուց, տեսեք հենց նույն «Պատվո բլուր»-ը խորհրդանշում է այդ հարաբերություններն ու դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը»։
Կարապետ Պողոսյանի ասելով, Գյումրիում տեղակայված ռազմաբազան անվտանգության խնդիր լուծելուց զատ, Գյումրիում սոցիալական խնդիրներ է լուծում․ 4000-ից ավելի զինծառայողներ կան, որոնք իրենց գումարը ծախսում են Գյումրիում։
«Ինձ համար կարևոր է հենց անվտանգության խնդիրը, ոչ միայն սոցիալականը, պատերազմող երկիր Հայաստանը չի կարողանալու և իրավունք չունի որևէ չմտածված քայլ անելու, որը կբերի անվտանգության թեկուզև շատ փոքր խախտման»,-ասում է մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, թե գյումրեցիների համար երբեմն մեծ սպառնալիք են հենց ռուսական ռազմաբազայի զինծառայողները, դաժան սպանություններ են տեղի ունեցել Գյումրիում՝ ռուս զինծառայողների ձեռքերով, Կարապետ Պողոսյանն ասում է, որ այդ դեպքերը ցավալի են, բայց հանցագործներ կան ցանկացած բանակում։
«Ինչքան էլ դրանք շատ ցավալի, ողբերգական լինեն, 2-3 դեպքով չեն կարող ստվերել հայ-ռուսական հարաբերությունները»,-կարծիք հայտնեց Կարապետ Պողոսյանը։
Ըստ նրա, շատ կարևոր է, որ ռուսական կողմը բարձր պատասխանատվությամբ վերաբերվի այն հարցին, թե ովքեր են ընդգրկվում ռուսական ռազմաբազայի կազմում, այդուհանդերձ հանցագործությունները բացառել հնարավոր չէ ո՛չ Հայաստանում, ո՛չ ՌԴ-ում ու ո՛չ էլ աշխարհի որևէ երկրում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ