Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության փորձագետ. «Նոր նախագծով դպրոցները գլխատվելու են»

Օգոստոս 20,2020 18:30

ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում դպրոցների ֆինանսավորման գործընթացում» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց, որ նախկինում ֆինանսավորումը աշակերտների թվով էր, որը բավականին խնդիրներ էր առաջացնում համակարգում, մասնավորապես դժվարություններ էին առաջանում դասարանների կոմպլեկտավորման հետ կապված, ընդունելության հետ կապված մրցակցության էր բերում, դպրոցները գերադասում էին դասարանում ունենալ մեծ թվով աշակերտներ՝ շատ ֆինանսավորում ունենալու համար, ինչն էականորեն ազդում էր ուսման որակի վրա:

ԿԳՄՍ նախարարության փորձագետի խոսքով, այժմ փորձ է արվում անցնել նոր համակարգի, որի պարագայում դասարանային սկզբունքով է ֆինանսավորումը լինելու, եւ այս դեպքում՝ դպրոցը կոմպլեկտավորելով դասարանը չի ձգտի ունենալ առավելագույն թվեր:

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը հավելեց, որ հետազոտություններ են արվել, բանաձեւն օր օրի փոփոխության է ենթարկվում, առաջիկայում կրկին քննարկում է սպասվում ԿԳՄՍ նախարարությունում, նաեւ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել եւ արդեն 13000 դիտում կա եւ 200 առաջարկ է ստացվել: Վահրամ Գասպարյանի խոսքով, այժմ անցում է կատարվում ըստ դասարանների՝ ֆինանսավորման, եւ այլեւս կապ չունի, թե դասարանը քանի հոգով է համալրված, միեւնույն է ուսուցիչը պետք է վարձատրվի:

Նա ասաց նաեւ, որ աշխատավարձային քաղաքականությունն է կանոնակարգվելու, որովհետեւ կան դեպքեր, երբ մի գյուղում տնօրենը երկու անգամ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան ասենք կողքի գյուղում: Նոր բանաձեւով, անգամ ամենափոքր դպրոցի տնօրենը կստանա նախարարության բաժնի պետի աշխատավարձի չափ աշխատավարձ:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով, մոտ քսան տարի առաջ Հայաստանն անցավ դպրոցների ֆինանսավորման նեոլիբերալ համակարգի, որն արեւմուտքում շատ ընդունված է. հիմնական գաղափարն այն է, որ դպրոցները մրցում են շատ աշակերտ ունենալու մեջ, քանի որ այդ դեպքում պետությունը շատ է ֆինանսավորվում: Կրթության փորձագետի ձեւակերպմամբ, սա բավական բացասական հետեւանքներ ունեցավ մեր կրթական համակարգի վրա, որովհետեւ այսօր բազմաթիվ հարեւան դպրոցներ իրար հետ լարված հարաբերություններ ունեն, քանի որ շատ դեպքերում իրարից աշակերտն էին տանում եւ իրար դեմ աշխատում են:

Սերոբ Խաչատրյանը փաստում է, որ իրար աշակերտ փոխանցելու դեպքեր էլ են եղել. «Ունեցել ենք պաշտոնական վիճակագրական տվյալներ աշակերտների տեղաշարժի մասին՝ մարզից մարզ, Հայաստանից դուրս…Երբ ներքին տեղաշարժերը նայում էիր, տեսնում էիր, որ բազմաթիվ աշակերտներ մտել են ինչ-որ դպրոցներ, բայց թե որտեղից են դուրս եկել, պարզ չի: Այսինքն` տեղի էր ունենում նույն աշակերտին երկու-երեք տեղ գրանցելու քայլը, որպեսզի լրացուցիչ ֆինանսավորում ստացվի:

Այժմ անցնում ենք դասարանային ֆինանսավորման, որով Հայաստանն աշխատում էր իննսունական թվականներին: Թե ինչպիսին պետք է լինի դպրոցի ֆինանսավորումը, մեծապես կախված է նրանից, թե որն է մեր կրթական փիլիսոփայությունն ու տեսլականը, մինչդեռ այս տեսանկյունից ամբողջական պատկեր առայժմ չունենք»:

Կրթության փորձագետը հավելում է. «Հենց հիմա քննարկվում է հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը, ըստ որի նախատեսվում է դպրոցներին տալ բավականին մեծ ազատություններ՝ ծրագրեր գրելու, առարկաների ժամաքանակների որոշելու եւ այլնի առումով…Հիմա, եթե գնում ենք դպրոցներին ավելի մեծ ինքնուրույնություն տալու ճանապարհով, ես ենթադրում էի, որ դպրոցների ղեկավար կազմը ոչ միայն չպետք է կրճատվի, այլ նույնիսկ պետք է ավելացվի, որովհետեւ մենք մեկ այլ ռեֆորմով էլ գնացել ենք ուսուցիչների վերապատրաստման նեոլիբերալ համակարգի, այսինքն` մրցույթով է լինելու վերապատրաստումը:

Ենթադրում էի, որ դպրոցների մենեջմենթը պետք է ուժեղացվի, որ դպրոցին տրվող ինքնուրույնությունը նորմալ ձեւով հնարավոր լինի կառավարել; Իմ պատկերացմամբ, այս նախագիծը գլխատում է դպրոցի ղեկավարությունը եւ հիմնական հարվածը գնում է ղեկավար որոշ հաստիքների վրա: Օրինակ` ուսումնական գծով փոխտնօրենը դառնում է ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն, այսինքն` բեռն ավելացվում է: Մինչեւ 12 դասարան ունեցող դպրոցներում այս փոխտնօրենը ստանում է կես դրույք աշխատավարձ: Այստեղից կարող եմ ենթադրել, որ փոխտնօրենը կարող է առավոտյան 8-ին ներկայանալ աշխատանքի, 12-ին ասել հաջողություն, իմ կես դրույքը լրացավ: Եվ սա այն դեպքում, երբ ուսմասվարը շատ մեծ պատասխանատվություն ունի դասերի ընթացքի, մատյանների, դասալսումների, դասալսումներ քննարկելու առումով:

ՀՀ 1400 դպրոցներից 1000-ում մենք ունենք 12 դասարանից պակաս, այսինքն` ստացվում է՝ Հայաստանի 1000 դպրոց ունենալու է կես դրույքով ուսմասվար, եւ դպրոցները գլխատվելու են բառիս բուն իմաստով: 465 դպրոց ունենք մինչեւ 100 աշակերտ եւ 516 դպրոց ունենք՝ մինչեւ 300 աշակերտ, այսինք հստակ է, որ 960 դպրոցներում հաստատ տասներկու դասարան չկա, ենթադրում եմ, որ ունենք մի քանի տասնյակ դպրոցներ 300-ից ավել աշակերտով, որտեղ էլի տասներկու դասարան չկա»:

Սերոբ Խաչատրյանի բառերով, այլ հաստիքների գծով եւս կորուստներ կլինեն: Նա նաեւ տարակուսանք է հայտնում, որ չի լինելու դաստիարակության գծով փոխտնօրեն: «Չափորոշիչներին գալով ասեմ, որ նախատեսվում է չորսուկես տարի աշակերտներին չգնահատել, գումարած, որ վերանալու է անբավարար թվանշանը, երկտարեցիությունը: Սա նշանակում է, որ դաստիարակության գծով փոխտնօրենի համար աշխատանքի հսկայական ծավալ է բացվում: Բոլորս գիտենք, որ Հայաստանի ընտանիքներում կա թվանշանի պաշտամունք, եւ դաստիարակության գծով փոխտնօրենը պետք է աշխատի այս ընտանիքների հետ՝ խիզախ արմատական ռեֆորմների մասով:

Ասենք՝ տնօրենը հազար ու մի գործ ունի, կանչել են մարզպետարան, կես դրույքով աշխատող ուսմասվարը ժամը 12-ին գնացել է տուն, ի՞նչ է լինելու դպրոցի հետ: Այս նախագծից ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դպրոցը մի տեսակ դառնում է զուտ դաս անելու տեղ՝ դաս ենք անում ու գնում տներով…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31