Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական հանրաքվե նշանակելու մասին ակտ չկա». ԿԸՀ-ն մերժեց Եղեգնուտի ավագանիների բողոքը

Օգոստոս 20,2020 17:24

Ինչպես հայտնել էինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել եւ որոշմամբ կարճել Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Վազգեն Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի Մարտուն Մկրտչյանի եւ Անտոն Խուրշուդյանի՝ տեղական հանրաքվե անցկացնելու մասին դիմումի հիման վրա հարուցված վարույթը: Ավագանիները խնդրել էին օժանդակել հանրաքվե կազմակերպելու հարցում, որպեսզի բնակիչներն ասեն՝ համաձա՞յն են, որ նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը, որը 2018թ.-ին ինքնակամ վայր է դրել լիազորությունները, սակայն մարզպետը չի կատարել հրաժարականից բխող գործողությունները, շարունակի պաշտոնավարել: Ավագանիները մեկ այլ գրություն, արդեն՝ բողոք են հղել ԿԸՀ-ին, որն այսօրվա նիստում եւս քննարկվեց:

Բողոքը կապված է թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հետ. օգոստոսին հանձնաժողովի նիստում տեղի էր ունեցել հանրաքվե կազմակերպելու մասին ավագանիների դիմումի քննարկումը, եւ հանձնաժողովը որոշել էր դիմումով հարուցված վարչական վարույթը կասեցնել: Ավագանիները մատնանշել են, որ գյուղապետի պարտականությունները կատարող, նրա տեղակալ Աշոտ Խուրշուդյանն իրավունք ունի հանրաքվե նշանակել. նրանք ԿԸՀ-ին խնդրել են վարույթ ընդունել հանձնաժողովի որոշման դեմ իրենց բողոքը, վերացնել հանձնաժողովի որոշումը եւ հանձնարարել կազմակերպել հանրաքվե:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց ԿԸՀ որոշումը. «Բողոքին կից ներկայացված են տեղակալ Խուրշուդյանի ստորագրած՝ հանրաքվե նշանակելու մասին պատճեն եւ ստացական այն մասին, որ Եղեգնուտի չորս բնակիչները պարտավորվում են մեկ միլիոն ՀՀ դրամ փոխանցել՝ հանրաքվեի կազմակերպման համար բացվելիք հաշվեհամարին: Բողոքաբերները պահանջում են վերացնել տարածքային հանձնաժողովի որոշումը եւ հանձնարարել տեղական հանրաքվե կազմակերպել…ԿԸՀ-ն արձանագրում է, որ դիմում ներկայացնելու պահանջները պահպանված են, սակայն հանձնաժողովում վարույթը կարճվել է այն հանգամանքի հիմքով, որ տեղական հանրաքվե օրենքով սահմանված ընթացակարգով նշանակված չէ(հանրաքվե կազմակերպելու որոշում պետք է կայացնի համայնքի ղեկավարը), ինչը դիմումը դարձնում է անթույլատրելի: Տեղական հանրաքվե նշանակելու մասին ակտ չկա, ուստի հանձնաժողովը չի կարող ապահովել չնշանակված հանրաքվեի կազմակերպումը: Բողոքը ենթակա է մերժման, իսկ հանձնաժողովի որոշումն իրավաչափ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31