Ալեքսեյ Նավալնիի վիճակը հաջողվել է կայունացնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Օմսկի շտապ օգնության № 1 հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն: «Հաշվի առնելով Նավալնիի վիճակը, երբ նա տեղափոխվել էր մեզ մոտ, հաշվի առնելով, որ հստակ ախտորոշում չկա, մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակն այս պահի դրությամբ»,-ասել է բժիշկը:
Նա նաև նշել է, որ բուժումը շարունակվում է և հրաժարվել է հայտնել Նավալնիի ախտորոշման կամ անալիզների արդյունքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով ռուս ընդդիմադիր քաղաքական գործչի առողջական վիճակի կտրուկ վատթարացմանն ասել է, որ եթե հաստատվի թունավորման վարկածը, ապա հետաքննություն կանցկացվի:
«Պետք է սպասել անալիզների վերջնական պատասխաններին, որոնք կօգնեն բժիշկներին պարզել, թե ինչ է տեղի ունեցել, ինչն է դարձել նրա գիտակցության կորստի պատճառը: Եթե պարզվի, որ գործ ունենք թունավորման հետ, եթե լինեն համապատասխան հայտարարություններ, հետաքննություն կանցկացվի»,-ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Նավալնին գտնվում է կոմայի մեջ: Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օդանավում: Քաղաքական գործչի թիմակիցները պնդում են, որ նրան թունավորել են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ