Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղեգնուտցիները դեմ են. մարզպետի ցանկությունը հակադրվում է ժողովրդի կամքին». ԿԸՀ-ն քննեց ավագանիների դիմումը

Օգոստոս 20,2020 16:22

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ հուլիսի 27-ին ստացված՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Վազգեն Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի եւ Անտոն Խուրշուդյանի դիմումը քննարկելու համար: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ ավագանիները նույնաբովանդակ դիմում ներկայացրել են նաեւ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովին, որտեղ քննարկում եղել է: «ԿԸՀ-ն դիմումի համաձայն իրականացրել է փաստական հանգամանքների ուսումնասիրություն»,-նշեց Մուկուչյանը: Ավագանիները գրել են, որ առկա են Եղեգնուտում տեղական հանրաքվե անցկացնելու հիմքեր: Գրության հեղինակները մասնավորապես նշել են.

«Համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը սեփական կամքով, գիտակցելով իր գործողությունների իրավական հետեւանքները, 2018թ.-ի հուլիսին դիմում է ներկայացրել՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Դիմումը ներկայացնելու պահին ավագանու գործող անդամները նույն թվականի հուլիսին արտահերթ նիստում որոշել են չբավարարել Մարգարյանի հրաժարականի դիմումը: Եղեգնուտում 2019թ.-ին տեղի ունեցան ավագանու ընտրություններ, եւ ընտրվեցին ավագանիներ: Այս տարի ավագանին նորից քննարկել է Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը եւ որոշել այն բավարարել, կազմվել է համապատասխան արձանագրություն, որը հունիսին ներկայացվել է Արմավիրի մարզպետին, որպեսզի նա իրականացնի դրանից բխող գործողություններ: Ի պատասխան մարզպետը գրավոր դիրքորոշում է ուղարկել՝ նշելով, որ համայնքի աշխատակազմի քարտուղարն ավագանու նիստ վարելու իրավունք չունի, նաեւ մատնանշելով նույն անձանց միջեւ նույն առարկայի վեճի ավելի վաղ առկայության հիմքով վարչական վարույթը կարճելու մասին (եթե առկա է օրինական ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ): Հունիսին ավագանիները հրավիրել են արտահերթ նիստ՝ համայնքի նախկին ղեկավարի լիազորությունների դադարեցման դիմումի հետ կապված ՏԻՄ մասին օրենքով սահմանված գրավոր ակտ կազմելու համար: Հունիսի 30-ին ավագանու արտահերթ նիստում կազմվել եւ ստորագրվել է արձանագրություն, որով որոշվել է Ռազմիկ Մարգարյանի հրաժարականի մասին դիմումը ներկայացնել մարզպետին: Նա ի պատասխան ասել է, որ չի իրագործելու արձանագրությամբ ընդունված՝ համայնքի նախկին ղեկավարի հրաժարականից բխող հետեւանքները: Մարզպետը ցանկանում է, որպեսզի համայնքի ղեկավարի պաշտոնում վերանշանակվի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը: Մարզպետը հղում է կատարել վերաքննիչ դատարանի որոշմանը: Համայնքի՝ ընտրական իրավունք ունեցող բնակչության մեծ մասը դեմ է, որպեսզի Մարգարյանը վերականգնի ղեկավարի պաշտոնում: Բնակիչներն արգելափակել են համայնքի աշխատակազմի գրասենյակի մուտքը, համայնքի կառավարման հարցը լուծված չէ: Մեր դիմումը հիմնավոր է եւ պետք է բավարարվի»:

Դիմումի հեղինակները մատնանշել են՝ կան օրենսդրական հիմքեր, որպեսզի համայնքի ղեկավարի հարցը հանրաքվեի դրվի, մարդիկ էլ կամքն արտահայտեն: «Ռազմիկ Մարգարյանն ընտրվել է մինչեւ 2018թ.-ը, երբ ընտրակեղծիքները տարածված են եղել, եւ պաշտոնից հրաժարվել է սեփական դիմումով: Բնակիչները դեմ են, որպեսզի նա վերականգնվի պաշտոնում, իսկ մարզպետի ցանկությունը հակադրվում է ժողովրդի կամքին: Միակ լուծումը հանրաքվեն է, հետեւյալ հարցով՝ համաձա՞յն են բնակիչները, որպեսզի նախկին ղեկավարը վերականգնվի պաշտոնում: Խնդրում ենք օժանդակել, որպեսզի Եղեգնուտում անցկացվի հանրաքվե»,-նշել են Եղեգնուտի ավագանիները:

Տիգրան Մուկուչյանը հայտարարեց՝ ԿԸՀ-ն արձանագրում է, որ ավագանիները դիմումն ավելի վաղ տարածքային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ժամանակ չեն ներկայացրել Եղեգնուտում տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի կողմից ընդունված որոշում, ինչպես նաեւ՝ տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու մասին անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հաստատող փաստաթղթեր: «ԿԸՀ-ն հարցմամբ պարզել է, որ օգոստոսի դրությամբ տարածքային հանձնաժողովում հանրաքվեի կազմակերպման աշխատանքներ չեն իրականացվում: ԿԸՀ-ն գործառույթային օժանդակություն կարող է ցուցաբերել այն դեպքում, երբ օրենքով սահմանված կարգով նշանակված է տեղական հանրաքվե, եւ երբ հանրաքվեի նախապատրաստման ֆինանսական միջոցները հաստատող փաստաթղթերը համայնքի ղեկավարը ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողովին, որն էլ իրականացնում է կազմակերպումը: Դիմումատուների պահանջն անիրագործելի է նշյալ հիմքերով: ԿԸՀ-ն որոշում է ավագանու անդամների դիմումով հարուցված վարչական վարույթը կարճել»,-եզրափակեց Տիգրան Մուկուչյանը:

Որոշման նախագծին ԿԸՀ անդամները միաձայն «կողմ» քվեարկեցին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31