Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանն 10 տարվա իր կառավարման շրջանում հնարավորություն չի ունեցել որեւիցե հաղթանակ արձանագրելու, որպեսզի պարգեւատրում ունենա». Արմեն Գրիգորյան

Օգոստոս 20,2020 16:08

Հարցին՝ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմում Ռուսաստանի մատը խառն է եղել, որակեց «տգետ» հայտարարություն, ինչպե՞ս կմեկնաբանեք, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո ի պատասխան Factor.am-ի հարցի` ասաց. «Ընդհանրապես, շատ դժվար է Սերժ Սարգսյանի ասածներին մեկնաբանություն տալ: Նախ՝ քաղաքական գործիչների մասին, մանավանդ այդպիսի պաշտոն զբաղեցնողը, երբ նման բառապաշար է օգտագործում, իհարկե, կարելի է նրան ավելի կոշտ պատասխան տալ: Բայց էթիկային հետեւելով` նման բնորոշում չեմ տա: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանին, լավագույն բնորոշումը տվել է ժողովուրդը՝ 2018 թ.-ին եւ դա շատ հստակ բնորոշում է՝ Սերժ Սարգսյանին մերժում էր իր ամբողջ կերպարով, իր ամբողջ՝ 30 տարվա կառավարման բնույթի մերժում էր»:

Հարցին՝ ձեր իշխանությունը շարունակո՞ւմ է կիսել այն տեսակետը, որ Ռուսաստանի «մատը խառն» է եղել ապրիլյան պատերազմի գործում, պարոն Գրիգորյանը պատասխանեց՝ վարչապետը Կապանում տեղի ունեցած ասուլիսում հստակ սրան անդրադարձել է եւ հստակ պատասխանել է այդ հարցին:

Արմեն Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ 2016 թ.-ին ադրբեջանցիների հարձակումն անակնկալ է եղել հայկական կողմի համար, քանի որ հետախուզությունը թերացել է: Հարցրին նաեւ՝ թերացողներն այսօր կառավարությունում պաշտոն են զբաղեցնում, հնարավո՞ր է, որ նրանք պատասխանատվության առաջ կանգնեն:

ԱԽ քարտուղարն ասաց, որ դա եղել է Սերժ Սարգսյանի կառավարման ընթացքի պատասխանատվության հարց, եւ ասել, որ հետախուզությունը թերացել է` հենց իր թերացումն է. «Հետախուզության աշխատանքը համակարգում է պահանջում եւ համակարգողն էլ հենց ղեկավարն է: Եվ, այդ առումով, ոչ միայն հետախուզության, այլ, հենց Սերժ Սարգսյանի ձախողումն է, որովհետեւ նա եղել է պատասխանատու, նա եղել է գլխավոր գերագույն հրամանատարի պաշտոնը զբաղեցնող մարդ եւ, երբ որ ձախողում է լինում նման մեծ ծավալի, դա, բնականաբար, Սերժ Սարգսյանի ձախողումն է»:

Սերժ Սարգսյանի այն հարցադրման առնչությամբ ՝ 71 հոգի ի՞նչ են արել Տավուշում, որ պարգեւի են արժանանում, կա՞ իշխանություններից մեկնաբանություն՝ ով ինչի համար է պարգեւատրվում, պարոն Գրիգորյանն ասաց, որ հստակ կներկայացվի՝ ով ինչի համար է պարգեւատրման ներկայացվում. «Սերժ Սարգսյանը տասը տարվա իր կառավարման շրջանում ընդհանրապես հնարավորություն չի ունեցել որեւիցե հաղթանակ արձանագրելու, որպեսզի պարգեւատրում ունենա: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը դրա համար է շատ ծանր տանում այս պարգեւատրումները: Եթե նրա կառավարման շրջանը կարելի է ձախողումներով բնութագրել, ապա մեր այս կարճ կառավարման շրջանում տնտեսական եւ այլ հաջողությունների տրամաբանության մեջ նաեւ հուլիսյան մեծ հաղթանակն է: Եվ բոլոր նրանք, որոնք այդ հաղթանակում իրենց ներդրումն են ունեցել մենք բարձր ենք գնահատում եւ պարգեւատրումները համապատասխանում են նրանց կատարած գործին»:

Հարցին՝ քաղաքացիների մոտ հարց է առաջանում ինչո՞ւ Սերժ Սարգսյանը պատասխանատվություն կրելու փոխարեն այսօր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանի բակում նստած ասուլիս է տալիս, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Այդ հարցն ամբողջովին լեգիտիմ հարց է եւ դրա պատասխանն ամբողջությամբ պետք է իրավապահ համակարգը տա: Հեղափոխության արդյունքում ահռելի մեծ փոփոխություններ են կատարվել, բայց դատական համակարգում գոյություն ունեցող խնդիրները շարունակում են խոչընդոտել հեղափոխության նպատակներին հասնելու համար, բայց, ես կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ այս հարցին հստակ պատասխան է տրվելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31