Ապրիլյան պատերազմում հաղթանակ է տարել հայ զինվորը, հայ սպան։ «Ա1+»-ի հետ զրույցում պնդեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել։
«Մենք ունեցել ենք և՛ հաղթանակ, և՛ պարտություն։ Մեր պարտությունը այն կորսված տարածքներն են, որոնք Սերժ Սարգսյանի բնորոշմամբ ոչ պիտանի տարածքներ էին, բայց մեր հաղթանակն էր նոր կյանք մտնող երիտասարդների կյանքի հաշվին հերոսական պայքարը»։
Հովսեփյանն ասաց՝ սպասում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին՝ այնտեղ գտնելու համար նաև իր հարցերի պատասխանները․
«Ինչո՞ւ պիտի մեր հետախուզությունը թերանար, քանի՞ օր է թերացել, և հարց է՝ թերացել են, թե չէ, որովհետև, այնուամենայնիվ, մեր հետախուզությունը համարվում է լավագույնը, ինչո՞ւ պիտի թերանար, ինչո՞ւ բոլոր ժամանակներում մեր հետախույզները չեն թերացել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն պնդումներին, թե արդեն 4 տարի տարածվում են միֆեր, բացարձակ ստեր` բահերով կռվող, սոված ու առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զրահատեխնիկայի մասին, պատգամավորը պնդեց՝ որևէ մեկը չի կարող ժխտել, որ վառելիքի մասսայական վաճառք է եղել, գողություններ են եղել, այն, որ փամփուշտները քիչ եղել, վկայել են զինվորները, իսկ 80-ականների զենքերով կռվելու փաստը հաստատել է նաև Սերժ Սարգսյանը․
«Այն, որ բանակում չի եղել խրամատ փորելու բահ, պարոն Սարգսյանը չի կարող հերքել, ամիսներով ես իմ թիմի հետ բահեր ենք մատակարարել, այն, որ չեն եղել մի շարք տեխնիկական սարքեր, դա ևս կարող եմ փաստել»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում