«Եթե 200 հոգուց ավելի չհիվանդանան, կբացենք: Այսինքն՝ որեւէ հստակ բան չկա, այդ ամենը ենթադրություններ են, մարդիկ 6 ամիս սպասում են, էլ ինչքա՞ն սպասենք: Առանց աշխատանք այլեւս հնարավոր չէ ապրել»,-այսօր կառավարության բողոքում էին Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիները: Նրանք կրկին ցույց էին անում՝ վարչապետից պահանջելով սահմանները հատելու հարցերը կարգավորել:
«Ես երկու երկրի քաղաքացի եմ, Նիկոլ Փաշինյանը պարտավոր է իջնի ու ինձ լսի: Էն, որ ընտրվում էր, այստեղ կանգնած ծափահարում էինք, իսկ հիմա չի իջնում այնտեղից: Կարմիր «պալասա» է գծել Հայաստանի վրա»,-վրդովված ասում էր ցուցարարներից մեկը՝ պահանջելով բանակցել Ռուսաստանի հետ, որ իրենց առջեւ սահմանները բացեն:
Հարցին ի պատասխան՝ հայկական կողմն այստեղ անելիք չունի, քանի որ սահմանները բացել է եւ խնդիրը հիմա ռուսական կողմի հետ է, ցուցարար մի կին ասաց՝ քանի որ Հայաստանը կարմիր գոտում է եւ այդ պատճառով Ռուսաստանը չի բացում սահմանները մեր քաղաքացիների առաջ:
Քաղաքացիներից մեկն էլ սպառնաց այլեւս չվերադառնալ Հայաստան, եւ ասաց, որ այս օրերին նրա պես շատերն են հիասթափվել: Քաղաքացին ձեռքին բռնել էր մեկ այլ քաղաքացու մեծադիր լուսանկարը՝ նշելով, որ նա արդեն մահացել է, սակայն մինչեւ վերջերս պայքարում էր գնալու համար. «Մենք հավաքվել ենք այստեղ, որ ընկեր Փաշինյանը մեզ լսի: Վրացական կողմը մեզ մարդու տեղ չի դնում: Մենք անասուն չենք, որ մեզ անասունի պես են վերաբերվում: Վրացական կողմը պետք է ամաչի, որ իր պատճառով այդ մարդը մահացել է: Եթե չեն ուզում, որ այս դեպքը կրկնվի, պետք է տարանցման հարցը լուծեն, այստեղ ոչ աշխատանք կա ոչ՝ ապրուստ: Եկել ենք, ուրախացել էինք, որ հեղափոխություն է եղել, կյանքը լավանալու է, բայց այսօր այդ խոստումները մոռացել են: Այսպես չի կարելի անել, մարդկանց պիտի հարգել»:
Կարդացեք նաև
Նույն քաղաքացին պատմեց, որ Վրաստան-Հայաստան սահմանին քաղաքացիները մեկ ամիս է կանգնած՝ սպասում են, բայց տարանցման հարցը դեռ չի լուծվում: Նրա խոսքով՝ համաձայն են գումար ծախսել, կորոնավիրուսի թեստ հանձնել, միայն թե թույլ տան վերադառնալ Ռուսաստան. «Բայց ո՛չ մեր կառավարությունն է ուզում օգնել, ոչ՝ վրացական կողմը»:
Հավաքված քաղաքացիների խոսքով, կառավարությունից իրենց որեւէ մեկը չէր արձագանքել: Նրանք արդեն որերորդ շաբաթն է կառավարության մոտ բողոքի ցույց են անում՝ պահանջելով հարցը լուծել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ