Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիանա Համբարձումյան. «Դժվար է անհատ լինելը, երբ հլու-հնազանդ չես որոշ խմբավորումների առաջ» (տեսանյութ)

Օգոստոս 20,2020 14:30

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է գրող, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, 2 տասնյակից ավելի գրքերի հեղինակ Դիանա Համբարձումյանի հետ: Նրա պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն եւ այլն, գեղարվեստական երկերը տպագրվել են Հայաստանում և արտասահմանում։ Դիանա Համբարձումյանը մասնակցել է միջազգային փառատոների, գրական հեղինակավոր ծրագրերի՝ Կանադայում, Շվեդիայում եւ ԱՄՆ-ում:

Դիանա Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է անցկացրել կարանտինային, կորոնավիրուսային բարդ շրջանը: «Իհարկե դժոխային էր, շնչահեղձ լինելով եմ անցկացրել, բայց ինչպես ասում են՝ պարտաճանաչ մարդու օրը կտրվի՝ հետեւել եմ պարետատան բոլոր ցուցումներին: Վիրուսը վիրուս, բայց շատ-շատ բացեր ջրի երես ելան այս շրջանում` եւ վիրուսի պատճառով, եւ մարդկանց միջեւ եղած խժդժությունների…Բոլոր խեղումներն իրենց պատճառներն ունեին՝ սկսած վիրուսից մինչեւ մարդկային հոգու աղճատում»,-ասում է մեր զրուցակիցը: Հավելում է, որ այդ շրջանում իրեն ուղղակի որպես պարտաճանաչ քաղաքացի է պահել. «Կարծում եմ, որ երկրի քաղաքացիների 90 %-ը հպատակվեց պարետի ցուցումներին, բայց ցավում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքներն, այնուհանդերձ հուսադրող չէին: Ամեն դեպքում վստահ եմ՝ մենք, որ շատ դժվարությունների միջով ենք անցել, սա էլ կհաղթահարենք»:

Դիանա Համբարձումյանը հավելում է, որ այս շրջանում փոքրիկ էտյուդներ է գրել, որոնք չի համարում պատմվածքներ, ասում է՝ հոգու ներսում տվայտանքներ կային, դրանք են «հորդել», եւ հույս ունի, որ տարիներ անց դեռ լուրջ գործեր կծնվեն այս օրերի մասին. «Դեռ շատ գրողներ կանդրադառնան, անպայման «Ժանտախտ» կգրվի կամ այդ ոճի մի բան, եւ ամեն ինչ իր արտացոլումը կգտնի հայ ժամանակակից գրականության հետ: Ցավում եմ, որ այս ամենը զուգահեռվեց մեր սահմանների անվտանգության խախտման հետ: Մենք պետք է պինդ լինենք որպես երկիր, հզորացնենք ռազմական ներուժը, տնտեսությունը, բայց ամեն ինչի հիմքում պետք է լինեն կրթությունն ու գիտությունը»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ Դիանա Համբարձումյանի «Կանաչ մարգագետնի հմայքը» նորատիպ գրքին, որը գրական շրջանակներում լուրջ հետաքրքրություն է առաջացրել: Հարցրինք՝ ո՞րն է իր գրքի ուղերձը, եւ ինչ արծարծումներ կան, որ զուգահեռվում են մեր օրերի հետ: «Ես փորձում եմ նոր բան անել, բայց դրոշ չեմ դարձնում; Կարծում եմ՝ եթե նոր բան չպետք է անես, ուրեմն չպետք է քայլ անես ընդհանրապես: Ամբողջ աշխարհում է դա այդպես…»,-ասաց մեր զրուցակիցը:

Հավելեց, որ չափազանց շատ պրպտումներ է արել, գիտական հոդվածներ կարդացել այն մասին, թե ինչ աղետի է հանգեցնելու մարդկային գործունեությունը, երբ աղտոտում ենք շրջակա միջավայրը. «Ես մտածեցի, որ պետք է գրվի մի վեպ, որը պետք է հերթական սթափության կոչը լինի մարդկությանը, մեզ՝ հայերիս…Նաեւ փնտրեցի եւ ի վերջո գտա մարդկության փրկության բանալին Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի մեջ…»: Ասում է՝ իր առաջին գրքում կարծում էր, թե մարդկային խելքն ու միտքը կօգնեն այլակերպումներից դուրս գալ, փրկել մոլորակը. «Բայց հետո հասկացա, որ տանուլ ենք տալիս ուղեղով, գիտությամբ, որովհետեւ անգամ մեծ Էյնշտեյնն էր ասում՝ երբ գալիս, դեմ եմ առնում Աստծուն, չգիտեմ՝ ինչ անել, դա անբացատրելի է… ֆիզիկայի օրենքներով հնարավոր է բացատրել ամենը, ինչ կատարվում է տիեզերքում, բայց երբ գալիս-հասնում է Աստծուն, դա հնարավոր չէ բացատրել…Ես հասկացա, որ ես էլ եմ դեմ ընկել Աստծուն, եւ ինձ ո՞վ պետք է փրկեր, եթե ոչ Նարեկացին…

Բոլորիս մեղքերի ծանրության տակ կքած Նարեկացին դեռ 10-11 դար առաջ մաքրվելու ուղի էր ցույց տալիս, դիմացինին սիրելով փրկելու ուղի, բայց մենք այժմ այնքան չենք սիրում իրար, որ սկսել ենք մի մրցավազք՝ հարստանալու, առաջինը, ամենահարուստը, ամենաերջանիկը, ամենահայտնին լինելու….Եվ այս մրցավազքում տանուլ ենք տալիս Երկիր մոլորակը…Նույն կերպ Ամուլսարի հերն ենք ուզում անիծել…Հասկանում եմ աղքատ երկրի՝ փրփուրներից կախվելը, բայց եկեք մեր դրախտավայր երկիրը փրկենք, մեր երկինքը, հողը, ջուրը…Ինչպե՞ս կարելի է այո ասել փող տվողին, եթե դա լինելու է մեր երկիրը թունավորելու հաշվին»:

Դիանա Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե ինչը կարող է իրեն ոգեւորել եւ ինչը՝ հիասթափեցնել: «Ոգեւորում է մարդու անկեղծությունը, արդարամտությունը, ահավոր հիասթափեցնում է անարդարությունը, անազնվությունը, ստախոսությունը…Ամենասիրելի մարդիկ աչքիս գրողն են դառնում, երբ ստում են՝ աչքերիդ մեջ նայելով: Խմբակայնությունն է ինձ զայրացնում, չի հուսահատեցնում, որովհետեւ ես ուժեղ մարդ եմ…Թող վերամբարձ չհնչի, բայց կարծում եմ՝ դժվար է անհատ լինելը, երբ հլու-հնազանդ չես որոշ խմբավորումների առաջ, այդ «չհնազանդվելը» շատերի քիմքին հարիր չէ, ու երբ կուլ չգնացող պատառ ես, Հրանտի խոսքով ասած, կարող են նաեւ թքել: Ես քաղցր պատառ եմ, երբ ընկերներիս պետք է ջերմացնեմ, բայց միեւնույն է՝ ծամվող տեսակ չեմ… Մյուս կողմից էլ լավ է, որ չսիրողներ կան, քանի որ իրենք մղում են ճիշտ ճանապարհով գնալու»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Հարցրինք, թե իր պատկերացմամբ, ո՞րն է երջանկությունը: «Դա չշոշափվող մի բան է, երեւի թե զգացողությունների վայրկյաններ, ակնթարթներ…Բոլորս մեծ հաշվով երջանիկ ենք, որ ծնվել ենք: Իսկապես լավ է, որ ուզում ենք մարդուն երջանկացնել, մեր եսակենտրոնությունը ճնշելով՝ նվիրվել դիմացինին…Եվ եթե դա արվում է իսկապես անարատորեն, առանց ենթատեքստերի, մարդ սիրելու, նվիրվելու պահին ինքն իրեն երջանիկ է զգում…»,-ասում է գրողը:

Խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ պատմել: Գրողն ասաց, որ բազմաթիվ հետաքրքիր դրվագներ կարող է հիշել՝ պայմանավորված իր՝ հաճախ ճամփորդելով: Պատմեց շվեդական Վիսբի քաղաքի մասին, որտեղ մեկ ամիս ապրել է ու ընդգծեց, որ այդ քաղաքից շատ բան ունենք սովորելու՝ հինը պահպանելու առումով. «Մի փոքրիկ ծեփ էր թափվել կամարից, մեկ-երկու շաբաթ շինարարները փոքր ծեփը նորոգում էին ճարտարապետական, շինարարական նվիրումով ու երկյուղով, որ հանկարծ Վիսբիի միջնադարը չանհետանա, մինչդեռ Երեւանի կենտրոնում գտնվող եկեղեցուն կից Աճառյան ինստիտուտի շենքն իսկ պահպանված չէ, էլ չասեմ կենտրոնի մնացած ավերումների մասին… Կուզեի, որ միայն խոսելով չասեինք, թե հազարամյակների պատմություն ունենք, այլ դա ցույց տանք ամենեցուն՝ Վիսբիի նման»:

Դիանա Համբարձումյանն իրեն հաջողակ մարդ է համարում, ասում է՝ հաջողություն է, երբ վայելում ես ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ սերը, հաջողություն է, երբ ձեռքբերումներ ունես, անգամ թշնամիներ ես վաստակել, դա նշանակում է, որ քեզանից ինչ-որ բան ներկայացնում ես:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի եւ Դիանա Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31