Լրահոս
Օրվա լրահոսը

Կճշտեք՝ Փաշինյանը որտե՞ղ եւ ո՞ւմ է խոստացել խաղաղություն, եւ արդյոք այդ խոստումը կարո՞ղ է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ. Արփինե Հովհաննիսյան

Օգոստոս 20,2020 11:42

«Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ հիմնադիր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» եւ «պատասխանատվություն» բառերը պատեհ – անպատեհ օգտագործողների ուշադրությունը ուզում եմ հատուկ սեւեռել այդ դրվագի վրա։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»։

Ես ասվածից հասկանում եմ հետեւյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, եւ չենք արել ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։

Եվ ուրեմն, հարգելի՜ լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին հարց ուղղեք.

1.Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն՝ անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո՝ ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավել ու քաղաքական ղեկավարությո՞ւնն է արգելել դա կատարել, թե՞ այլ պատճառ է եղել եւ այլն։

2.Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչո՞ւ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու թե ոչ։

Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերեւս արժե այս հարցերը հնչեցնել՝

1.Ո՞ւմ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը եւ արդյոք ըստ ձեզ հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։

2.Ո՞ւմ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները եւ հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։

3.Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջեւանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ՝ ներողության մասին – հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ-որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ.Գ. Եթե ժամանակ լինի մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը՝ մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց, ըստ էության, դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ որտե՞ղ եւ ո՞ւմ է խոստացել խաղաղություն եւ արդյոք այդ խոստումը կարո՞ղ է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31