Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը՝ արված իր խոսնակի շուրթերով, շոկ է առաջացրել Հայաստանի եւ Արցախի քաղաքական շրջանակներում։ Խոսքն այն մասին է, թե նախագահ Հարությունյանի համար «ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ապշած է այդ հայտարարությունից։
– Պարոն Պետրոսյան, խոսնակի շուրթերով արված հայտարարությունը ԲՀԿ-ում ի՞նչ զգացողություններ է առաջացրել, եթե այսուհետ լինի հրավեր, կհյուրընկալվե՞ք Արայիկ Հարությունյանին, բարդույթներ չե՞ք ունենա։
– Անկեղծ ասած, զարմացած եմ Արցախի նախագահի հայտարարությունից։ Վերանանք, թե ում էր ուղղված այդ հայտարարությունը, բայց եթե իսկապես այդպիսի բան եղել է, եւ Վանեցյանը ցանկություն է ունեցել հանդիպել, ամեն պատճառաբանություն կարելի էր բերել, բացի նրանից, ինչը որ ներկայացվեց։
Կարդացեք նաև
Տպավորություն է, որ Արցախի նախագահը լավ չի պատկերացնում պետական կառավարման համակարգը, երկու հայկական պետությունների փոխհարաբերությունները, չի տիրապետում «Արցախի անկախություն» հասկացությանը։ Եթե Արցախն ինքնուրույն պետություն է, ի՞նչ է նշանակում այդ հայտարարությունը, թե ինքը չի պատրաստվում հանդիպել մի այնպիսի քաղաքական ուժի ու պաշտոնյայի հետ, որը չի կիսում ՀՀ իշխանությունների ցանկություններն ու տրամադրությունները։ Բա էլ ինչո՞վ է Արցախն անկախ, որ իր պետական հանդիպումները կախման մեջ է դնում ՀՀ իշխանություններին հաճոյանալու ցանկությունից։ Ես ուղղակի ապշած եմ, իրենից չէի սպասում։ Ճիշտ է՝ անձնական շփումներ չենք ունեցել, բայց ես որքանով իրեն ընկալել եմ, լուրջ, պետականամետ մարդու տպավորություն է թողել։ Եվ, ի վերջո, չմոռանանք, որ իրենից հանդիպում հայցողը չի եղել մի բախտախնդիր քաղաքացի կամ քրեական հետապնդման դադարեցման անձնական խնդրանքով մեկը, այլ ՀՀ գեներալ, որն իր պաշտոնավարման ընթացքում պատվով իրականացրել է մեր երկրի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները։ Չէր կարելի նման անհեռատես պատճառաբանությամբ հանդես գալ, ամեն ինչ կարելի էր ասել, բացի նրանից, ինչը որ ասվեց։
– Մի քանի օր առաջ Արայիկ Հարությունյանն ընդունել է նախկին իշխանության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ Հովիկ Աբրահամյանին, այլ ընդդիմադիրների էլ է ընդունել այս ընթացքում, իսկ այսօր այսպիսի հայտարարություն է անում։ Ի՞նչ է սա նշանակում։
– Ես դրա համար եմ ասում՝ դատելով իր անցյալի քայլերից, այսօրվա պահվածքն ինձ համար զարմանալի է։ Այդ ի՞նչ պետք է նրանից հայցեր Արթուր Վանեցյանը, որ նման պատճառաբանությամբ հանդիպումը վիժեցներ։ Ես չգիտեմ, բայց վստահ եմ՝ եթե այդ հայտարարությունն ուսումնասիրել են հարեւան թշնամիները, ահագին զվարճացած կլինեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: