Լրահոս
Օրվա լրահոսը

«Հները» շարունակում են վայելել, իսկ «նորերը»` արագորեն հարստանալ

Օգոստոս 20,2020 13:30

Իրավապաշտպան կազմակերպության նախագահը դիմում է հանրապետության նախագահին, վարչապետին

Ձեզ եմ դիմում որպես «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, 2011 թվականին Ընտանիք, Պետություն, Հասարակություն կապի ամրապնդման ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ կողմից խրախուսանքի արժանացած հասարակական գործիչ, եւ հայտնում, որ երկրում օրեցօր աճող սոցիալական լարվածությունը շատուշատ ընտանիքների կանգնեցնում է քանդման վտանգի առջեւ, մարդիկ կորցնում են հույսը վաղվա օրվա նկատմամբ եւ դիմում ծայրահեղ քայլերի։

Հատկապես անմխիթար է հասարակության հոգեւոր վիճակը, որը հղի է անդառնալի հետեւանքներով։ Դրանից առաջին հերթին տուժում է հայ ընտանիքը, աճող սերնդի ճիշտ եւ հոգեւոր-բարոյական ազգային արժեքներով տոգորված դաստիարակության գործը անտեսվում է, մարդիկ ապրում են միայն նյութականի պահանջով, երիտասարդ սերունդը այլեւս հոգեւորի կարիքը չի էլ զգում։ Սա մի եզրագիծ է, որ պետք է սթափեցնի յուրաքանչյուր բանական հայի։

Ընտանիքները քանդվում են ծայր աստիճան կարիքից՝ կորցնելով հույսը վաղվա օրվա նկատմամբ։ Պետության նկատմամբ վստահության մասին խոսելն արդեն ավելորդ է։ Հարգելի եւ մեծարգո ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, երեւելի գործարարներ եւ խոշոր սեփականատերեր, ես այս օրհասական պահին դիմում եմ ձեզ, փորձելով արթնացնել ձեր խղճմտանքը գոնե, եթե բանականությունն ու առողջ տրամաբանությունը խելահեղ մրցակցության եւ նյութականի մեջ կռիվ տալու պայմաններում ձեր մեջ մթագնել է։ Ես այս հրապարակմամբ կոչ եմ անում արթնանալ, խղճով ու առողջ բանականությամբ մրցակցել իրար հետ, լույսի մեջ բանել, քանզի այդպես լավ կլինի թե ձեզ, թե ձեր երեխաների, եւ ամբողջ ժողովրդի համար։ Հարգելի իշխանություններ, բանակի եւ պետության հզորացումը, հասարակության առողջացումը, որը բոլոր հարցերի հիմնահարցն է, բայց մղված է հետին պլան, պետք է լինի ձեր եւ մեր բոլորի առաջնային նպատակը։ Այսօրվա այս դառը պտուղները մեր հետագա սերունդներին է մնալու, նրանք դեռ փոքր են, լավ չեն հասկանում, թե ինչ պիտի ստանային, որ չեն ստանում, սակայն հաստատապես այսօրվա նրանց չստացածը վաղը ուժգին հարված է լինելու մեր ազգին ու պետականությանը։

Մենք ապրում ենք այսօր, բայց պատասխան ենք տալու վաղը մեր ապրածի եւ չապրածի համար։ Ապրածն ու չապրածը այն գործերն ու տարիներն են, որ անում ենք միայն մեզ կշտացնելու համար, մոռանալով մեր դրացու մասին, մոռանալով խիղճ ու խղճմտանք։ Ամեն քայլափոխի փողոցներում կտեսնես մտահոգ ու տխուր դեմքեր, նրանք ՀՀ քաղաքացիներ են, որոնք լավ կյանքի մնացին կարոտ, սակայն շարունակ կերակրվում են անորոշությամբ, սթրեսով ու վախով։ Հայ մարդը կարոտել է իր հարազատ էությամբ ապրելուն եւ արարելուն, մինչդեռ տեսնում է միայն հին «հանցավորների» եւ «թավշյա» նորեկների պատերազմը, սակայն ինքը այդ «պատերազմից» ոչինչ չի շահում։

Մեծ հաշվով այդ «պատերազմից» իրականում ոչինչ էլ ակնկալել պետք չէ, միայն տեսանելի է այն, որ դրանից բան չի փոխվում, «հները» շարունակում են վայելել, իսկ «նորերը»` արագորեն հարստանալ։ Մեծարգո պարոնայք, սա չի մեր ուզածը, մենք դադարում ենք հավատալ ձեր հայրենաշունչ դատարկ ճառերին եւ մեկդ մյուսիդ նվագակցելու մելամաղձոտ նոտաներին։ «Հանուն Նոր Հայաստանի» ձեր ըմբոստացումներին նույնպես չենք հավատում, միայն կոնկրետ գործ ենք պահանջում, ու շատ արագ, կոնկրետ գործեր: Եթե սթափություն չտեսանք, իսկական ժողովրդական հեղափոխությունը դուք ամպայման կտեսնեք։ Կտեսնեք ու շատ երկար կհիշեք։ Բարով կացեք:

 Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա»

իրավական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31