Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապս ասում է՝ իմպրովիզացիան շատ լավ է ստացվում, բայց դու մաքուր հայկականը նվագիր»

Օգոստոս 20,2020 12:30

Ջիվան Գասպարյան կրտսերը՝ օտարների հետ համագործակցության ու La Fabrica-ում խորովածի մասին

Ջիվան Գասպարյան կրտսերը կարանտինային շրջանն օգտագործել է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Օգոստոսի 30-ին էլ  «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում հանդես կգա իր խմբով: «Առավոտի» հետ զրույցում դուդուկահարն ասում է, որ թյուր է տպավորությունը, թե Հայաստանում չէ: Հավելեց, որ նախկինում էլ վեց ամիս ԱՄՆ-ում է ապրել, վեց ամիս Հայաստանում: Առաջին մենահամերգը Հայաստանում կայացել է երկու տարի առաջ, հյուրախաղեր է ունեցել Հայաստանի պետական ջազ բենդի հետ, ցանկություն ուներ այս տարի եւս յուրահատուկ ծրագրով մենահամերգ ունենալ, սակայն կորոնավիրուսի պատճառով այն տեղափոխել է հաջորդ տարի:  Ասում է՝  հիմնականում արտասահմանցի երաժիշտների հետ է աշխատել, այս պահին էլ չինացիների հետ է համագործակցում, որոնք ցանկանում էին հայկական դուդուկ հնչեր:

Ջիվան Գասպարյան կրտսերն ասում է, որ շատ նախագծերում է ներգրավված: Դրանցից մեկը ցյուրիխյան մի նախագիծ էր, որին 57 երկրից մի քանի հարյուր երաժիշտ հայտ էր ներկայացրել, սակայն նրանցից միայն 27-ին են ընտրել, որոնցից մեկն էլ ինքն է: Երկու սկավառակ են թողարկել, երկրորդի պրոդյուսերը «Գրեմմի մրցանակակիր» Լարի Քլեյն է, հարվածային գործիքները՝ Յամահայի ներկայացուչիչն է, կիթառահարը Մայքլ Ջեքսոնի հետ էր աշխատել: Պատմում է, որ 15 օր ապրել են Մարսելի La Fabrica ստուդիայում:

Հիշում է, թե ինչպես է աֆրիկուհիների հետ «Ով սիրուն, սիրունը»  կատարել: Պատմում է նաեւ, թե ինչպես է արտասահմանցի արտիստների համար հայկական խորոված պատրաստել իր ձեռքով:  «Հայրս խոհարար է եղել, ես կարողանում եմ համեղ պատրաստել, խոհարարությունը հորիցս է գալիս, դուդուկ նվագելը Ջիվան Գասպարյանից՝ պապիցս»,-ասում է երաժիշտը:

Ջիվան Գասպարյան կրտսերը նշում է, որ շատ երաժիշտներ այժմ էլ ցանկանում են գալ Հայաստան համերգների, սակայն հովանավորների եւ աջակիցների խնդիրներ են ծագում, մինչդեռ նույնանման նախագծերը «դրսում» ավելի հեշտ են կազմակերպվում: Ասում է, օրինակ, անցյալ հայաստանյան համերգին ինքն է հոգացել երաժիշտների ծախսերը:

Հանրահայտ պապին՝ Ջիվան Գասպարյանին էլ անդրադարձ եղավ մեր զրույցի ժամանակ: «Ջիվան Գասպարյանն ասում է, որ իր հաջողության գրավականն այն է, որ նվագել է զուտ մաքուր հայկական երաժշտություն……Ինքը միշտ ինձ ասում է՝ քեզ մոտ իմպրովիզացիան շատ լավ է ստացվում, բայց դու էլ հայկական մաքուրը նվագիր, ես դրանով եմ նկատվել եւ ճանաչվել: Ինքը շատ բծախնդիր է այդ հարցում»,-նշում է Ջիվան Գասպարյան կրտսերը: Հավելում է, որ պապն իրեն առանձնահատուկ խորհուրդներ չի տվել, ինքը ամեն ինչ սովորել է՝ պապին եւ ծնողներին աչքի առաջ ունենալով: Նրա խոսքերով, պապը դաստիարակվել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլում, ասում է՝ Ալթունյանի նկարն էլ կախված է տանը.  «Ջիվանն ասում է՝ Ալթունյանը մեզ սովորեցնում էր ամեն ինչ՝ դանակ-պատառաքաղ բռնելուց մինչեւ բեմական կուլտուրա»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում առցանց համերգներ իրականացնել արտասահմանցի երաժիշտների հետ համագործակցությամբ, որը բարեգործական բնույթ կունենա, ցանկանում է հանգանակվելիք գումարն ուղղել բանակին ու մանկատներին: Հիշեցնում է՝ պապիկն էլ է մանկատան սան եղել:

Ջիվան Գասպարյանը նաեւ տեղեկացրեց, որ դուդուկի տեսքով ֆլեշ-կրիչներ են արտադրում, որոնք գեղեցիկ հուշանվեր կլինեն հատկապես արտասահմանցի հյուրերի համար եւ կխորհրդանշեն Հայաստանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ջիվան Գասպարյան կրտսերը:

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31