Լրահոս
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ իշխանական վերնախավում

Օգոստոս 20,2020 12:00

Ինչ է կատարվում Ադրբեջանում

Պաշտոնական Բաքուն Անկարայի հետ ռազմաքաղաքական միասնություն ցուցադրելով փորձեց Հայաստանին հասկացնել, թե հաջորդ ռազմական գործողություններում Թուրքիայի Զինված ուժերն աջակցելու են Ադրբեջանին:

Սակայն ակնհայտ է, որ Ալիեւն իշխանության ներսում փորձում է «բարեփոխումների» իրականացման ֆոն ստեղծել, թերեւս, հասարակության մոտ իշխանության նկատմամբ ձեւավորված որոշակի դժգոհությունը մեղմելու նպատակով:

Ադրբեջանի իշխանական վերնախավում խմորումներ են: Անցյալ շաբաթ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելվել է լքել երկիրը: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների՝ դա կապված է Ադրբեջանի ԱԳՆ-ում հակակոռուպցիոն գործողության հետ կապված քրեական գործի հարուցմամբ, եւ տեղեկություններ են շրջանառվում, որ Էլմար Մամեդյարովը պետք է պատասխանի քննության բազմաթիվ հարցերին:

Հիշեցնենք, որ Էլմար Մամեդյարովն ազատվեց Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից անցյալ ամիս: Նրան փոխարինեց Ջեյհուն Բայրամովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դժգոհություն էր հայտնել Էլմար Մամեդյարովի աշխատանքի արդյունավետության հետ կապված:

Անցյալ շաբաթ նաեւ տեղեկություն ստացվեց այն մասին, որ Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը, որը կասկածվում է խոշոր գումարի յուրացման ու բյուջետային միջոցների վատնման մեջ։ Պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ ֆինանսական ստուգումների ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Սերբիայում, Չեռնոգորիայում, Բոսնիա եւ Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանը ոչ բուն նպատակով զգալի բյուջետային միջոցներ է ծախսել ու այլ իրավախախտումներ կատարել։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հասանովը ձերբակալվել է կասկածյալի կարգավիճակում։ Նա Բաքու էր ժամանել օգոստոսի 10-ին Սերբիայի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ միասին, եւ կալանավորվել էր հայրենիք վերադառնալուց անմիջապես հետո։ Հասանովը նախկին գլխավոր դատախազ է։ 2001-2013թթ. նա Ռումինիայում Ադրբեջանի դեսպանն էր։

Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պաշտոնանկ արեց Վրաստանում երկրի դեսպան Դուրսուն Հասանովին, պաշտոնանկության պատճառների մասին չի հաղորդվում: Ալիեւի մեկ այլ հրամանագրով Վրաստանում դեսպան է նշանակվել Ֆաիգ Գուլիեւը: 2016-ից Վրաստանում ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարող Դուրսուն Հասանովը Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Ռամիզ Հասանովի եղբայրն է։

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Ադրբեջանի իրավապահները «ֆինանսական մեքենայությունների» գործի շրջանակներում խուզարկությունների արդյունքում ձերբակալեցին ԱԳՆ-ի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործի շրջանակներում վերջին օրերին իրավապահները ժամեր շարունակ հարցաքննել են նաեւ Ռամիզ Հասանովին:

Ադրբեջանում, ըստ էության, բարձրաստիճան պաշտոնյաների հերթական ձերբակալությունների շարքն է, որը սկսվել է 2019թ. դեկտեմբերից։

2019թ. դեկտեմբերին կալանավորվեց Ադրբեջանի շրջաններից մեկի գործադիր իշխանության ղեկավարը։ Նա մեղադրվեց կոռուպցիայի եւ պետական միջոցների յուրացման մեջ։ Նման մեղադրանքով կալանավորվել էին շրջանների եւս չորս ղեկավարներ, այնուհետեւ՝ մշակույթի եւ զբոսաշրջության փոխնախարարը։

2020թ. մայիսին կալանավորվեցին մի քանի բարձրաստիճան զինվորականներ՝ դարձյալ պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքներով։ Նրանց թվում էր սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ Աֆղան Նագիեւը, որը բազմաթիվ պետական պարգեւներ էր ստացել, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան։

2020թ. հուլիսին աղմկահարույց ձերբակալություններ տեղի ունեցան: Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվեցին Ադրբեջանի ԱԳՆ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Իսկ 2020թ. հուլիսի 16-ին՝ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողություններից ընդամենը մի քանի օր անց, պաշտոնանկ արվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 16 տարի։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31