Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր արվեստագետների ուղերձը թշնամուն

Օգոստոս 20,2020 13:00

Համավարակը, փաստորեն, բոնուսներ էլ ունի, ինչպես մեզ հետ զրույցներում փաստել են մեր որոշ արվեստագետներ։ Նրանք նկատի են ունեցել հիմնականում մարզային մշակութային կյանքի աշխուժացումը։ Քանի որ «Առավոտի» հյուրը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանն է, հոդվածում կխոսենք միայն պատերազմների ու տարբեր արհավիրքների ժամանակ իրենց գործունեությունը մեկ օր նույնիսկ չընդհատած մեր երաժշտական թատրոնների մասին։ Տեսեք՝ Հայրենական մեծ պատերազմի տարիներին՝ 1942թ. վարագույրն առաջին անգամ բացեց  Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը,  չընդհատվեցին մեր օպերային թատրոնի ներկայացումներն ու պրեմիերաները։ Գանք 1992թ.՝ արցախյան պատերազմի շրջան։

Այդ տարի օպերային թատրոնում Տիգրան Լեւոնյանի ռեժիսուրայով եւ դիրիժոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ կայացավ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերայի առաջնախաղը։ 1993-ին Տիգրան Լեւոնյանը դիրիժոր Օհան Դուրյանի հետ համագործակցության արդյունքում ներկայացրեց   Դոնիցետիի «Պողիկտոսը», նույն թվականին Դուրյանն ու խորեոգրաֆ Վիլեն Գալստյանը՝ Ճգնավորյանի «Օթելլոն»։ Մինչեւ 1990-ականների վերջ մեկը մյուսի ետեւից կայացան Տիգրանյանի «Անուշ», Վերդիի «Օթելլո» օպերաների, Լեոնկավալոյի «Պայացներ», Պրոկոֆեւի «Մոխրոտիկը», Բիզե-Շչեդրինի «Կարմեն-սյուիտ» բալետային ներկայացումների պրեմիերաները։ Ի դեպ, այսօր համավարակով պայմանավորված՝ հրատապ դարձած թատրոնների բացօթյա ներկայացումներ անցկացնելու առիթով նշենք, որ ժողովրդի որակմամբ՝ մութ ու ցուրտ տարիներին, օրինակ՝ օպերային թատրոնը խաղացանկային «Պողիկտոսն» ու «Անուշը» ներկայացրել է նաեւ «Զվարթնոց» պատմամշակութային տաճարի տարածքում։ Փաստորեն, պատերազմներն ու ցանկացած ճգնաժամ չեն խաթարել մեր մշակութային կյանքի ընթացքը, բացառությամբ այս համավարակի։ Տեւական ժամանակահատված է, ինչ մշակութային օջախներ ենք «այցելում» օնլայն։

«Թիկունքը՝ մշակույթ»

Հուլիսի 12-ի կեսօրից սկսված ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի ուղղությամբ հրադադարի խախտումներն էլ ի զորու չեղան խաթարել մշակութային կյանքը։ ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հերթական  մշակութային նախագիծը՝ «Թիկունքը՝ մշակույթ», մեկնարկեց Տավուշում, օգոստոսի 5-ին, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի ներկայացմամբ, որին հաջորդեցին «Մասունք» ավանդական երգի-պարի անսամբլի, «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի պատանի երաժիշտների ելույթները, օրերս էլ իր արվեստն է ներկայացրել «Առավոտի» զրուցակիցը։

Մեզ հետ զրույցում Վարսենիկ Ավանյանը հայտնեց, որ Տավուշ էր մեկնել նախարարության աջակցությամբ, ամուսնու՝ ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանի, դաշնակահար-կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի հետ։ «Համերգը կայացավ բացօթյա, Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում։ Հավաստիացնում եմ, որ մինչ օրս կայացած նույնիսկ արտերկրյա հյուրախաղերը այնքան հետք չեն թողել իմ հոգում, որքան այս երեկոն։ Հասկացա, որ այդ մարդիկ այլ իրականության մեջ են ապրում։ Պատկերացրեք՝ նրանք շատ երազկոտ են, միեւնույն ժամանակ մարտական ու աննկարագրելի քաջ։ Այ հիմա հասկացա, որ մեր սահմանամերձ շրջանների բնակիչները փաստորեն ամեն օր պայքարում են մեկ բանի՝ խաղաղ կյանքի համար»,- նշեց երգչուհին։ Նա տպավորված էր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի ծայրաստիճան մշակութասեր լինելու հանգամանքով, ինչպես նաեւ առաջին անգամ այդ մարզում ելույթից հետո իր համար արձանագրել է մի փաստ. իր խոսքերով՝ տավուշցին իսկապես շշմելու արվեստասեր է եւ ինչքա՜ն իր հող ու ջրին կառչած։ Վարսենիկ Ավանյանին հիշեցրինք 2019թ. Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կլայպեդա եւ Վիլնյուս քաղաքներում կայացած իր մենահամերգները՝ նվիրված Կոմիտասի ծննդյան 150 եւ Տերտերյանի 90-ամյա  հոբելյաններին։ Հիշեցրինք նաեւ, որ մեր դիտարկմամբ՝ առաջին հայ երգչուհին է, որը Մոսկվայում մենահամերգով հանդես է եկել՝ ծրագրում միայն հայ-հրեական երաժշտություն։

Մեր խոսքը շարունակելով, երգչուհին տեղեկացրեց, որ համավարակով պայմանավորված չեղարկվել են իր մի քանի հյուրախաղեր, այդ թվում՝ հուլիսի 22-ին Կլայպեդայում կայանալիք Մարիա Մագդալենայի տոնի առիթով, դրանից առաջ՝ մայիսի 25-ին Մոսկվայում՝ ժամանակակից երաժշտության փառատոնի շրջանակներում կայանալիք Տիգրան Մանսուրյանի՝ Գարսիա Լորկայի բանաստեղծությունների հիման վրա գրված երգաշարի կատարումը. «Այս երգաշարը ներկայացրի օնլայն հարթակում, ի դեպ՝ մոսկվաբնակ կոնցերտմայստերի ընկերակցությամբ։ Վերադառնալով մարզային ծրագրերին, նշեմ, որ նախարարության աջակցությամբ վաղօրոք պլանավորված Ալեքսանդր Հարությունյանի  ստեղծագործությունների կատարումը հետաձգվել է, այն կկայանա աշնանը»։ Հետաքրքրությանը՝ ստեղծագործական առումով օնլայն հարթակում ի՞նչ ծրագրեր ունի երգչուհին օպերային թատրոնում, մեր զրուցակիցը փակագծերը չբացելով ընդամենն ասաց. «Ինչպես ընդունված է ասել՝ դա առանձին օպերա է։ Մեր թատրոնի նվագախմբի երաժիշտների հետ առաջիկայում հանդես կգամ  բեթհովենյան ստեղծագործությունների կատարումով, որոնք լայն հանդիսատեսին ծանոթ չեն, նկատի ունեմ Երեւանում երբեք չեն կատարվել»։

Տավուշի մարզում, թշնամու մարտական գործողություններից ու դիվերսիայից հետո առաջին արվեստագետը, որ ելույթ ունեցավ, բելգիաբնակ, բոլոր մայրցամաքներում ու հեղինակավոր համերգասրահներում բեմ բարձրացած թավջութակահար Սեւակ Ավանեսյանն է։ Նա հայրենիք է ժամանել  հուլիսի 4-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով եւ պարետի թույլտվությամբ։ Երաժիշտը զինադադարի խախտման ամենաթեժ շրջանում վերցրեց իր «զենքը»՝ թավջութակը եւ մեկնեց սահման։

Սեւակ Ավանեսյանը Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում                                   

Մեզ հետ զրույցում Սեւակ Ավանեսյանն ասաց, որ Տավուշում գտնվելու հենց առաջին օրը իրեն տեղեկացրել են, որ նախօրեին հարսանիք է եղել՝ ստեղծվել է նոր ընտանիք։ «Ելույթս տեղի ունեցավ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Հանդիսատեսը գյուղի բնակիչներն ու հայ զինվորներն էին։ Թեեւ իմ նվագացանկում մշտապես իր տեղն ունի հայ հոգեւոր երաժշտությունը, սակայն հանդես եկա կատարումներով՝ Բախի սյուիտներից…»,- հայտնեց թավջութակահարը։ Ռեպլիկին՝ ինչո՞ւ ոչ թե հայ հոգեւոր, այլ Բախի երաժշտություն, արվեստագետը պատասխանեց. «Վստահ եմ, որ եկեղեցում Բախը մշտապես մատչելի է բոլորին։ Վերջապես, դա այն լեզուն է, որ բոլորն են հասկանում։ Մի բան էլ. թող մեր հարեւան կոչվածներն այնքան զարգանան, որ մզկիթներում  ջիհադ գոռալու փոխարեն դասական երաժշտություն լսեն…»։ Քանի որ մեր զրուցակցի հետ առաջին հանդիպումը չէր, կատակեցինք՝ դուք նաեւ քիք-բոքսինգի Եվրոպայի չեմպիոն եք, Տավուշում եղած ժամանակ հավանաբար կրակոցներ էլ եք լսել եւ եթե դուք ձեր կյանքի համար չեք վախեցել, գոնե նման զգացում չե՞ք ունեցել ձեր շուրջ 500 տարեկան գործիքի՝ թավջութակի համար։ «Առանց կատակի համամիտ եմ. գործիքիս կորուստը աշխարհի համար կլիներ անդառնալի կորուստ… Ինչ վերաբերում է վախենալուն, բացարձակ նման զգացում չեմ ունեցել։ Մարդիկ այնտեղ, գնացեք ու տեսեք, համոզվեք, թե ինչ սիրով են ապրում, մշտապես ժպտում մեկմեկու…»,- հավաստիացրեց երաժիշտը։

Տավուշյան համերգից հետո օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանն ու թավջութակահար Սեւակ Ավանեսյանը միմյանցից անկախ քանիցս նույն միտքն արտահայտեցին՝ աշխարհը թող իմանա, որ սա է Հայաստանը ու սահմանը։ Իսկ սահմանում կա արվեստ, սեր ու հավատ եւ սա է մեր միակ ուղերձը թշնամուն։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Սեւակ Ավանեսյանը Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում
«Թիկունքը՝ մշակույթ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31