«Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագծի շրջանակում «Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնության անդամների ջանքերով անցկացվեց ևս մեկ ֆոտոշարք: Նախագծի գաղափարին՝ խթանել հայկական արտադրությունը, այս անգամ մեծ սիրով և պատրաստակամությամբ միացել են ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը, հեռուստամեկնաբան, հեռուստալրագրող Աբրահամ Գասպարյանը և երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Նախաձեռնությանը միացած «Kammsi», «Ustian», «Nikolay Watches», «Charon Black», «Horus Leather Handcraft Studio», «DANZ» հայկական արտադրությամբ զբաղվող ընկերությունների արտադրատեսակներով հնարավոր դարձավ ստեղծել մասնակիցների հայկական կերպարը՝ #ArmenianLook-ը։
Հարկ ենք համարում նշել, որ «Հայկական կերպար» նախագծի շրջանակում ստեղծվում է կերպար՝ ամբողջովին ձևավորված հայկական արտադրության հագուստով, կոշիկով և աքսեսուարներով, որոնք բավականին հարմար են և մատչելի: Այս մասին փաստում են նաև ֆոտոշարքի մասնակիցները:
Հիշեցնենք, որ Նախագծի նպատակն է խթանել հայկական արտադրանքի սպառումը, ներկայացնել Հայաստանում գործող այն ընկերությունները, որոնց արտադրանքը որակով ու ոճով չի զիջում օտարերկրյա հայտնի ապրանքանիշներին: Նախագծի հեղինակները նշում են, որ ֆոտոշարքը շարունակական է լինելու` հագեցած նոր և հետաքրքիր կերպարային լուծումներով։
«Տեղական արտադրանք» ֆեյսբուքյան նախաձեռնություն