Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն:
Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր, այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել խաղերի ընթացքում հիգիենայի, սանիտարական միջոցառումների խստիվ պահպանումը: Այդուհանդերձ, ՈՒԵՖԱ-ն չափազանց վաղ է համարել սեպտեմբերին կայանալիք հանդիպումներին երկրպագուների ներկայությունը թույլատրելը: Առաջարկ է հնչել որպես այդպիսի նախադեպային հանդիպում դիտարկել Եվրոպայի սուպերգավաթի խաղը, որը կայանալու է սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ