Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում չեն ճանաչել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ կոչ անելով Մինսկին ճգնաժամին խաղաղ լուծում տալ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ գագաթաժողովի ավարտին հայտարարել է, որ ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանի ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու հետ առնչություն ունեցող անձանց նկատմամբ: Նա նաև հայտնել է, որ բելառուսցի ժողովրդի աջակցությանը կտրամադրվի 53 միլիոն եվրո:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, որ Եվրամիությունը սատարում է խաղաղ ցուցարարներին, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում ընտրությունների արդյունքների վերաբերյալ:
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին իր հերթին ընդգծել է, որ Բելառուսում որևէ արտաքին միջամտություն չի կարող լինել: Սակայն ԵՄ-ը պետք է այնպես գործի, որ Բելառուսի տնտեսությունը կախվածություն չունենա Ռուսաստանից, ասել է վարչապետը:
Կարդացեք նաև
Ավելի վաղ Բելառուսի ընտրությունների թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան դիմել էր Եվրամիությանը՝ ընտրությունների արդյունքները չճանաչելու կոչով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ