Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հայ կանայք Փարիզում ճանապարհ հարթեցին բարձր նորաձևության ամենավառ դեմքերից մեկի՝ Էլզա Սկյապարելլիի համար

Օգոստոս 19,2020 21:00

ХХ-րդ դարի առաջին կեսին էլեգանտ ֆրանսուհի Կոկո Շանելը, անխոս, նորաձևության առանցքային դեմքերից մեկն էր․ կին, որը փոխում էր ոչ միայն կնոջ հագուկապը, այլև վերջինիս դերն աշխարհում։ Մադմուազել Կոկոն կոտրում էր բոլոր կարծրատիպերը՝ ճանապարհ հարթելով տասնյակ մոդելավորողների համար, սակայն Շանելն այդ շրջանում միակ կինը չէր, որը նորաձևության ու կենսակերպի կանոններ էր ստեղծում ու թելադրում․ պրագմատիկ ու էլեգանտ ֆրանսուհին մրցակցուհի ուներ՝ ավանգարդ ու խելահեղ իտալուհի Էլզա Սկյապարելլին։ Եվ այսօր գուցե նորաձևության աշխարհն այդքան հետաքրքիր, բազմազան ու յուրօրինակ չլիներ, եթե չլիներ այդ խենթ մրցակցությունը, որն այսպես է բնորոշել ֆրանսիացի լրագրող ու կենսագիր Բերտրան Մեյեր- Ստաբլին․

«Կոկոն՝ Էլզայի դեմ․ կլասիցիզմը՝ բարոկկոյի դեմ։ Պրագմատիկ գեղջկուհին ընդդեմ խենթ ազնվականուհու։ Նրանք ոչ միայն հագցնում էին իրենց ժամանակակից կանանց, այլև ինչ-որ չափով կանխորոշում նրանց սովորություններն ու կենսակերպը։ Շանելը կարճացնում էր զգեստի փեշը՝ մտածելով կանանց շարժումների ազատության ու անկաշկանդության մասին, իսկ Սկյապն (Էլզային ավելի հաճախ այդպես էին դիմում՝ խմբ․) առաջարկում էր աչքի ընկնող դեկորատիվ դետալներ՝ իրականացնելով կլասիցիզմի ու բարոկկոյի աներևակայելի սինթեզ»։

Կին, որը փոխեց աշխարհը․ Էլզա Սկյապարելլի

Էլզա Սկյապարելլին ծնվել է 1890 թ․-ին Հռոմում՝ կիրթ ու ապահովված ընտանիքում․ նրա հայրը Թագավորական գրադարանի տնօրենն էր և զարմանալի չէ, որ մի փոքր մեծանալուն պես Էլզան ժամեր էր անցկացնում գրադարանում՝ թերթելով բացառիկ գրքեր ու ձեռագրեր և ուսումնասիրելով այդ ձեռագրերը զարդարող հրաշալի նկարազարդումները։ Էլզային մանկուց գրավում էր արվեստը, հատկապես գեղանկարչությունը, աֆրիկական մոտիվներն ու կրոնական հնագույն ծեսերը։
Ստանալով այդ ժամանակների կնոջ համար փայլուն կրթություն՝ Էլզան որոշում է մեկնել Լոնդոն՝ ընդունելով ընկերուհու առաջարկն աշխատել իր որդեգրած երեխաների հետ։ Ի ուրախություն երիտասարդ իտալուհու, երեխաները բավականին խելոք ու լսող էին, և Էլզան կարողանում էր ժամանակ գտնել նաև զբոսանքների ու քաղաքը բացահայտելու համար։ Մի օր Էլզան մասնակցում է թեոսոֆիայի վերաբերյալ դասախոսության և սիրահարվում դասախոսին, որի հետ էլ ամուսնանում է ծանոթության հաջորդ օրը։

Գրաֆ Վիլյամ դե Վենդտ դե Կերլորը շատ գեղեցիկ ու կիրթ տղամարդ էր, որը, սակայն, բավականին տհաճություններ է պատճառում Էլզային։ Նրանց ամուսնությունը շատ կարճ է տևում, և Էլզան մնում է մենակ իր փոքրիկ դստեր հետ։
Որոշ ժամանակ անց Էլզան հայտնվում է Փարիզում՝ մանկական կաթվածով դստերը բուժելու և աշխատելու համար։ Շուտով դստեր վիճակը բարելավվում է, իսկ Էլզան հասկանում, որ կրկին ցանկանում է նկարել։

Ապրելու և գեղանկարչության դասերին հաճախելու հնարավորությունը չկորցնելու համար իտալուհին չէր խորշում տարբեր աշխատանքներ կատարելուց, երբեմն որպես էքսկուրսավար քաղաքի հյուրերին ցույց էր տալիս սքանչելի Փարիզը։ Նա չէր էլ կարող մտածել, որ այդ աշխատանքը չափազանց կարևոր դեր է ունենալու իր կյանքում։ Էլզայի հաճախորդները, որոնք ցանկանում էին տեսնել Փարիզը, հարուստ ամերիկացիների կանայք էին, որոնց ոչ այնքան հետաքրքրում էին էքսկուրսիաները, որքան խանութների գրավիչ ցուցափեղկերը։ Հարուստ ամերիկուհիները գնում էին գրեթե ամեն ինչ՝ ընկերուհիներին ֆրանսիական հագուկապով զարմացնելու համար։ Էլզային սկզբից դա բարկացնում էր, այնուհետև նրա գլխում այսպիսի գաղափար ծնվեց․ «Ես կստեղծեմ հագուստ, որը ոչ ոք չի համարձակվի գնել, սակայն կերազի տեսնել։ Իմ հագուստը կցնցի բոլորին»։

Էլզա Սկյապարելլիի համար ճակատագրական կարելի է համարել ժամանակի նշանավոր դիզայներ Պոլ Պուարեի հետ ծանոթությունը, սակայն բավականին երկար ժամանակ Էլզան քմահաճ Փարիզում իր տեղը չէր գտնում, օրինակ՝ Մագգի Ռուֆի նորաձևության տանը նրան առաջարկում են կարտոֆիլ մշակել, քանի որ այլ հմտություն ու տաղանդ նա պարզապես չունի։ Բայց Սկյապարելլին այն կանանցից չէր, որոնք ընկրկում են անհաջողություններից, ու մի օր էլ նրան ժպտում է հաջողությունը․ Սկյապարելլիին հյուրընկալվում է մի ծանոթ կին Ամերիկայից, որի հագին ձեռքով գործած էլեգանտ սվիտեր էր։ Էլզային այն շատ է դուր գալիս․ այն հարցին, թե որտեղի՞ց է գնել այդ սվիտերը, ամերիկուհին հայտնում է՝ մի կնոջից․․․ այդ կինը Փարիզում ապրող հայ կին էր։ Էլզան ծանոթանում է նրա հետ և առաջին պատվերը կատարում, ու մի օր այդ կնոջ գործած սվիտերով ներկայանում ընթրիքի։

Էլզա Սկյապարելլին՝ ծավալուն ժապավենակապով գործած սև սվիտերով հայտնվում է հյուրերի ուշադրության կենտրոնում։
Որոշ ժամանակ անց Փարիզի հայ կանայք անցնում են գործի․ Սկյապարելլին մեծ պատվեր էր ստացել Նյու Յորքից։

Այսպես Էլզան թևակոխում է բարձր նորաձևության աշխարհ՝ Փարիզում նորաձևության տուն, այնուհետև խանութ բացելով։ Ի դեպ, խանութի անվանումը բավականին ինտրիգային էր՝ «Սպորտային նորաձևություն»։ Եվ եթե Կոկո Շանելի առաջարկած սպորտային նորաձևությունը հարմարավետ ու էլեգանտ էր, ապա Էլզայինը կարող ենք անվանել «սպորտային շիկ»։

Սկյապարելլիի էներգիան ու լավ տրամադրվածությունը գրավում էր մարդկանց։ Օրերից մի օր Էլզան իր սրահում նկատում է թախծոտ ու համեստ հագնված երիտասարդ մի կնոջ ու նրան առաջարկում ընտրել հետաքրքիր զգեստներ ու աքսեսուարներ։ Նրանց շփման ավարտին երիտասարդ կինը վերածվում է շքեղ գեղեցկուհու, իսկ որոշ ժամանակ անց ամերիկյան թերթերից մեկում Էլզային նվիրված հրապարակում կատարում՝ նշելով, որ Սկյապարելլիի սրահում իր կերպարանափոխությունը դարձավ «հրաշալի կարիերայի ելակետ»։ Այդ երիտասարդ կինը դերասանուհի Քեթրին Հեփբերնն էր։

Դերասանուհի Քեթրին Հեփբերնը

Սկյապարելլիի առաջին հաճախորդներից մեկը Հոլիվուդի սցենարիստ Անիտա Լուսն էր՝ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» գրքի հեղինակը, որի հիման վրա էլ նկարահանվել է Մերիլին Մոնրոյի ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Ջազում միայն աղջիկներն են»։

Այդպես Սկյապարելլին սկսում են ճանաչել Հոլիվուդում․ նրա զգեստներն էին կրում սքանչելի կինոդերասանուհիներ Ջոան Քրոուֆորդն ու Գրետա Գարբոն։ Շատ շուտով իտալուհուն ընդունում է նաև բոհեմական Փարիզը․ նրա հետ սիրով համագործակցում էին արվեստի այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Ժան Կոկտոն, Մեն Ռեյը և այլն։
1935 թ․-ին Էլզան տեղափոխվում է Վանդոմյան հրապարակ՝ այնտեղ բացելով աշխարհում առաջին բուտիկներից մեկը։
Մինչ Կոկո Շանելը կանանց համար տրիկոտաժե զգեստներ ու տվիդե պիջակներ էր կարում՝ նախընտրելով ուղիղ եզրագծերն ու զուսպ էլեգանտությունը, 30-ականներին Էլզան հայտարարում էր․ «Բարձր նորաձևությունը հագուստներ չի ստեղծում, որոնք կրում են փողոցներում։ Այն մտքերի ու ոճերի լաբորատորիա է»։

Սկյապարելլի երևակայությունն անսահման էր՝ սկսելով սպիտակ բանտով սև գործած սվիտերից ու սպորտային տրիկոտաժից՝ Էլզան ստեղծեց այնպիսի անհավանական մոդելներ, որոնք մինչ օրս զարմացնում են հասարակ մահկանացուներին։
1930 թ․-ին նա կանանց առաջարկեց անտիկ շրջանին բնորոշ զգեստների ուրվագծեր՝ գեղեցիկ ծալազարդերով ու բարձր գոտկատեղով։
Էլզայի՝ ավիացիայի հանդեպ հետաքրքրության արդյունքում ստեղծվեցին «օդաչու» ոճի մոդելները, թափանցիկ վերարկուներն ու թիկնոցները՝ «Ապակյա» հավաքածուից (1935), 1936 թ․-ին Էլզան նորաձևության աշխարհ բերեց վառ վարդագույնը՝ shocking pink, որն արդիական է մինչ օրս, ժանյակներն ու անգլիական ասեղնագործությունը (1936)։

1937 թ․-ին նա ցուցադրեց նստաբարձիկավոր շրջազգեստներ գծավոր ատլասից, որոնք կրելը գրեթե անհնար էր, դրանցով չզմայլվելը՝ նույնպես։
Էլզա Սկյապարելլին 1938 թ․-ին անդրադարձավ կրկեսի թեմային, իսկ 1939 թ․-ին կանանց առաջարկեց կրել շոտլանդական վանդականախշերով զգեստ-վերարկու՝ շատ վառ ատլասից:

Նորաձևության մեջ Էլզայի համար անհնարին ոչինչ չկար․ նրա երևակայությունը սահման չէր ճանաչում․ նա իր հաճախորդուհիներին հագցնում էր հսկա խեցգետիններով ու մաղադանոսի թերթիկներով զարդարված զգեստներ, օգտագործում կոշտ կտորներ՝ մեկ կնոջ ուսերը դարձնելով քառակուսի, մեկ էլ ընդգծելով կնոջ մարմնի ողջ նրբագեղությունը։ Սկյապը կարում էր պաղպաղակի եղջյուրիկի, կնոջ կոշիկի, աստղադիտակի, զամբյուղի մեջ գտնվող ճտերի տեսքով գլխարկներ և օդապարիկ հիշեցնող կանացի պայուսակներ, որոնք լույս էին տալիս կամ որևէ երաժշտություն հնչեցնում դրանք բացելուն պես։

Էլզան սիրում էր համադրել ամենատարբեր ոճերը․ օգտագործում էր թվիդը երեկոյան զգեստների համար, ներկում մորթիներն ու կանանց առաջարկում ֆոսֆորե կրծքազարդեր ու թերթի նախշերով զարդարված շարֆեր։

Էլզա Սկյապարելլին ֆրանսիական առաջին կուտուրյեն էր, որի հագուստները հայտնվեցին ԽՍՀՄ-ում։
1935 թ․-ին նա որպես պատվարժան հյուր մասնակցեց Մոսկվայում Նորաձևության տան բացմանը և ԽՍՀՄ-ում ապրող կանանց առաջարկեց կոկիկ սև զգեստի, կարմիր լայն վերարկուի ու գործած փոքրիկ գլխարկի գրավիչ համադրությունը։
Իսկական ցնցում էր էքստրավագանտ Էլզայի վերադարձը ԽՍՀՄ-ից․ այնտեղից Էլզան բերեց մետաքսե զգեստ-օդապարիկ, որը ստեղծվել էր օդային շքերթներից ստացված տպավորությունների ազդեցությամբ։ Շրջազգեստը պատրաստված էր մի քանի կտորներից և փողփողում էր իրական օդապարիկի նման։

Սկյապն առաջինն էր, որը սովորական դեֆիլեն զարմանալի շոուի վերածեց։

Էլզա Սկյապարելլի, Սալվադոր Դալի

1930 թ․-ին կյանքի կոչված նրա գաղափարները կրկնօրինակելու և նորովի էին մատուցելու 20-րդ դարի վերջին՝քաթանե զգեստները, ներկած մորթիները, պլաստիկե ճարմանդներն ու «ցնցող վարդագույնը»։

Սկյապարելլիի արվեստի վրա մեծ էր նշանավոր սյուրռեալիստ Սալվադոր Դալիի ազդեցությունը։
Դալին պաշտում էր նորաձևությունը։ Նա սերտորեն համագործակցում էր խենթ իտալուհու հետ, որն էլ իր հերթին ստեղծագործում էր՝ ոգեշնչվելով Դալիի արվեստից։
Երկու սյուրռեալիստների փոխըմբռնումը շատ արդյունավետ էր։

Այդպիսի օրինակ է 1930-ական թթ․ Վինդզորյան դքսուհու համար կարված օմարով զգեստը՝ նկարչի «Հեռախոս օմար» կտավի մոտիվներով։

1939 թ․-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն պես Էլզան մի քանի տարով լքում է Փարիզն ու տեղափոխվում ԱՄՆ, որտեղ հանդես է գալիս նորաձևության մասին դասախոսություններով ու աշխատում կինեմատոգրաֆիայում՝ կերտելով այնպիսի աստղերի կերպարները, ինչպիսիք են Մառլեն Դիտրիխը, Միշել Մորգանն ու Հարրի Կուպերը։
Վերադառնալով Եվրոպա՝ Էլզան հասկանում է, որ այլևս չի կարող զբաղեցնել իր նախկին տեղը բարձր նորաձևության աշխարհում, որ իր ժամանակն անցել է և եկել են նորերը․ պատերազմից հետո նորաձևության հանդեպ պահանջներն այլ են։

«Շոկի թագուհին»՝ այդպես էին անվանում Էլզային, բարձր նորաձևությունից հեռանում է 1954 թ․-ին, հենց այդ տարի էլ 15-ամյա դադարից հետո Փարիզ է վերադառնում Կոկո Շանելը՝ կրկին նվաճելու նորաձևության աշխարհը։
Մինչ օրս բազմաթիվ լեգենդներ են պտտվում նշանավոր այդ երկու կանանց թշնամանքի մասին։ Ասում են՝ Շանելը երբեք նրա անունը չէր տալիս՝ Էլզային անվանելով «այդ իտալուհին, որը հագուստ է կարում», իսկ Էլզան մադմուազելին անվանում էր «այդ փոքրիկ, ձանձրալի քաղքենին»։

Եվ որքան էլ մեծ էր նրանց միջև մրցակցությունն ու թշնամանքը, դրանից նորաձևության աշխարհը միմիայն շահեց, քանի որ ստեղծվեցին ոչ միայն ժամանակի լավագույն զգեստներն ու կյանքի կոչվեցին անհնարին թվացող գաղափարները, այլև միլիոնավոր կանայք այս աշխարհում հավատացին իրենց ուժերին՝ դառնալով ավելի գեղեցիկ, ազատ ու հաջողակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31