Aravot.am-ն այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ լրագրողների հետ հանդիպմանը խնդրեց անդրադառնալ ապրիլյան ռազմական գործողություններից հետո համացանցում հայտնված տեսանյութին, որում, ենթադրաբար, հակառակորդը մոտենում է Արցախի սահմանի դիրքերից մեկին, հայկական կողմի զինվորները հարցնում են՝ կրակեն, թե ոչ, եւ հնչում է պատասխան՝ «սպասեք»: Լսվում են նաեւ մեր զինվորների հայհոյանքները, թե ինչու չի թույլատրվում կրակել, երբ հակառակորդը մոտենում է:
Սերժ Սարգսյանը նշեց. «Նախ, առաջնագծում կրակել-չկրակելը որոշում է կոնկրետ ստորաբաժանման ղեկավարը, ոչ թե գլխավոր շտաբը, էլ չասեմ՝ գերագույն գլխավոր հրամանատարը: Բայց չեմ կասկածում, որ այդ հրամանը շատ ճիշտ էր:
«Չկրակել» նշանակում է հենց այնպես չկրակել, թող հակառակորդը մոտենա եւ հասնի խոցման ամենահարմար տեղին: Ի՞նչ կա տարօրինակ, երբ հրամանատարն ասում է կրակել կամ ոչ: Դա հրամանատարի բուն գործառույթն է, նա է որոշողը, խնդիրն ինչո՞ւմն է, որ հրամանատարը զինվորներին ասել է չկրակե՞լ: Բանակում ամեն ինչի հիմքը կարգապահությունն է: Որոշումը հրամանատարինն է: Համոզված եմ, որ հենց այդ դիրքերի շրջանում է հակառակորդը կրել շատ մեծ կորուստներ՝ հրամանատարի համբերատարության եւ նպատակասլացության շնորհիվ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ