Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը հրավիրում է ներդրումներ անելու, բայց  սփյուռքահայ գործարարները գալիս՝ «կրակն» են ընկնում.   սպառնում են տրակտորը վառել, տրակտորիստին էլ՝ մորթել

Օգոստոս 19,2020 18:01

Սփյուռքահայ գործարար Արա Դագեսյանը 2018-ի հեղափոխությունից խանդավառված, նույն տարվա նոյեմբերին եկել է Հայաստան՝ գյուղատնտեսության ոլորտում ներդրում կատարելու, աշխատատեղեր բացելու:

Հայտարարությունով Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում հողատարածք է գտել, իրավաբանի միջոցով գործարքի իրավական կողմն ուղնուծուծով ստուգել, ապա, համոզվելով, որ փաստաթղթերով ամեն ինչ կարգին է ու օրինական է, գնել է 200 հեկտար հողատարածք: Անգամ Իտալիայից գյուղոլորտի մասնագետ ընկերոջն է հրավիրել, որ վարուցանքը սկսեն: Սակայն, լիբանանցի գործարարը անակնկալի է եկել, երբ հողատարածքում աշխատանքների ժամանակ հայտնվել է 20-25 գյուղացի՝ արգելելով որեւէ աշխատանք կատարել: Գյուղացիները պնդել են, որ դրանք իրենց արոտավայրերն են, եւ որեւէ մեկն իրավունք չունի համայնքապատկան հողերն օգտագործի:
Ֆերիկը ազգությամբ եզդիներով բնակեցված համայնք է:

Aravot.am-ի հետ զրույցում սփյուռքահայ գործարարը պատմեց, որ, երբ կրկին փորձել են դաշտում աշխատանքներ կատարել, եզդի բնակիչները կրկին վրա են հասել եւ տրակտորիստին սպառնացել՝ տրակտորը վառել, նրան էլ՝ մորթել:

«Մեր կյանքի երազն էր հայրենիքի հետ ավելի ջերմ կապեր ունենալ: Եկանք Հայաստան ու որոշեցինք բիզնես դնել: Մենք Լիբանանում ֆինանսական մեծ հնարավորություններ ունենք եւ ժամանակ, ուստի կարող էինք Հայաստանում էլ ներդրում անել, աշխատատեղեր բացել: Հողատարածքը գնելուց առաջ ամեն բան ստուգել ենք եւ համոզվել, որ խարդախություն չկա, խնդիրներ չկան հողատարածքի օրինականությանն առնչվող: 21-22 հողատարածք ձեռք ենք բերել, ունենք սեփականության վկայական: Բայց հենց սկսեցինք մեր հողատարածքում աշխատանքներ կատարել, գյուղացիները սկսեցին ընդվզել ու թույլ չտալ, մեզ էլ անընդհատ ասում էին՝ դուք մեղավոր չեք, ձեզ էլ են խաբել»,-մեզ հետ զրույցում ասում է Արա Դագեսյանը:

Սփյուռքահայ գործարարը որեւէ կերպ չի հասկանում՝ ի՞նչ է նշանակում իրավական երկրում, երբ մարդն ունի սեփականության վկայական, դրա համար պատշաճ վճարել է, հիմա նրան կանգնեցնում են փաստի առաջ ու ո՛չ ոստիկանությունը, ո՛չ որեւէ իրավապահ մարմին չի փորձում խնդիրը, օրինականության սահմաններում լուծել: Նրա կարծիքով, վատ է, երբ իրեն օրինական համարող երկրում «մարդիկ զորբայություն են անում, հեղափոխությունից օգտվում են եւ ուրիշների իրավունքները ոտնահարում»:

Գործարարի խոսքով, գյուղացիների սպառնալիքների առնչությամբ դիմել է մարզի՝ Էջմիածնի ոստիկանապետին՝ խնդրելով ոստիկանական ուժերով ապահովել՝ հողատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու իրենց իրավունքը: Ոստիկանապետը, ինչպես պարոն Դագեսյանը պատմեց, էսօր-վաղն է արել՝ մեկ պատճառաբանել է, որ տղա ոստիկանները զբաղված են այլ գործերով եւ միայն աղջիկ ոստիկաններն են տեղում, մեկ՝ ոստիկանները դասընթացի են՝ 15 օրից կգան: Երբ այդ ժամկետն էլ լրացել է, ոստիկանապետը 3 ոստիկանի ուղարկել է նշյալ տարածք, սակայն, աշխատանքները չսկսած՝ կրկին 20 հոգով հայտնվել են գյուղացիներն ու սկսել հաշիվ մաքրել, նրանց չի զսպել անգամ ոստիկանների ներկայությունը: Ավելին, ըստ մեր զրուցակցի, ոստիկաններն էլ թողել՝ հեռացել են: Գործարարի խոսքով, ավելի մեծ թվով ոստիկանները նույնպես չեն կարողացել իրենց գործառույթը պատշաճ իրականացնել՝ կրկին ենթարկվել են գյուղացիների ճնշումներին: Ոստիկանների անգործությունը գործարարը վիճարկել է դատարանում եւ դատը շահել:

Ըստ Արա Դագեսյանի, հողատարածքը գնել է ոչ թե համայնքից, այլ՝ մեկ այլ սեփականատիրոջից: Այս գործը նաեւ քննչական մարմնում է եղել. քննիչը հավաստիացրել է, որ հողատարածքի հետ կապված որեւէ անօրինական գործընթաց չկա, աճուրդը օրինական կայացել է, եւ, որ գործարարը կարող է այն տնօրինել ինչպես կամենա, քանի որ նա է սեփականատերը:

Արա Դագեսյանի խոսքով, քննիչը նույնիսկ հանդիպում է կազմակերպել Ֆերիկի համայնքապետի եւ իր հետ, որի ժամանակ համայնքապետն էլ սպառնացել է, որ գյուղացիները թույլ չեն տալու հողատարածքներում աշխատանքներ կատարել, քանի որ դրանք իրենց համայնքի սեփականությունն են:

Սփյուռքահայ գործարարին զարմացրել է նաեւ «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանի պահվածքը, որը տեղում լինելով, դատավորի դեր է ստանձնել ու հայտարարել, որ հողերն անօրինակ են վաճառվել. «Նա թե՛ տուժող կողմ էր, թե՛ դատավոր էր, թե՛ վճիռ արձակող էր, ամեն ինչ էր: Որեւէ հիմք չունենալով, նա էլ ասաց, որ այդ հողերն անօրինական են վաճառվել, որ դրանք գյուղի արոտավայրերն են»: Գործարարը պնդում է, որ իր գնած հողատարածքները անխնամ են, անմշակ, քարքարոտ տարածքներ են, եւ ոչ արոտավայրեր. «Ուզում ենք մաքրել, գոմ սարքել, ջերմոցներ հիմնել, աշխատատեղ բացել»:

Ռուստամ Բաքոյանի դեմ նույնպես դատարան են դիմել եւ դատը շահել: «Նրա նկատմամբ էլ դատական հայց ներկայացրինք, դատարանը նրան երկու անգամ կանչեց հարցաքննության, երկու անգամ էլ չներկայացավ: Բայց դատարանը նրան մեղավոր ճանաչեց»:

Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իր համայնքի բնակիչները խոչընդոտում են եւ թույլ չեն տալիս այդ հողատարածքներում աշխատանքներ կատարել:

Մեր հարցին, թե որեւէ իրավապահ մարմին հողատարածքների աճուրդը չի համարել հակաօրինական եւ հայտարարել է՝ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվել, պարոն Հասանյանը պատասխանեց, որ իրենց նախկին գյուղապետը Հողային օրենսգրքի պահանջներով այդ հողատարածքները վաճառելու իրավունք չուներ, քանի որ դրանք արոտավայրեր են եւ միայն կարող էր պայմանագրով տալ. «Մեր համայնքի վարչական տարածքն ընդհանուր 405 հեկտար է, որից 205 հեկտարն արոտավայր է, համայնքը եզդիաբնակ է, որոնք  100 տոկոսով զբաղվում են անասնապահությամբ: Մոտ 500 մեծ եղջերավոր անասուններ են պահում, 500 գլուխ էլ՝ ոչխար: Հիմա, եթե նախկին գյուղապետը համայնքի հողատարածքները՝ արոտավայրերը անօրինական վաճառել է, մեր բնակիչներն ի՞նչ անեն: Մարդիկ ստիպված պետք է լինեն գյուղը լքել, մնան ի՞նչ անե՞ն, որ իրենց ապրուստի միակ միջոցն անասնապահությունն է»:

Ըստ մամուլի հրապարակումների՝ 2004 թվականին Ֆերիկ համայնքի սեփականություն հանդիսացող հողերից 205 հեկտարը Ֆերիկի նախկին ղեկավարն ավագանու որոշմամբ եւ աճուրդով վաճառել է գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդուն, նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին:  Նա էլ իր հերթին է հողատարածքները վերավաճառել: Ռուստամ Հասանյանի խոսքով, 2018 թվականին գործարարին հրավիրել են իրենց համայնք եւ իրավիճակը ներկայացրել. «Բացատրել ենք՝ ինչը ոնց է: Դրանից հետո, թե նրան «քցեցին», ինչ արեցին, չգիտեմ»:

Համայնքապետն ասաց, որ Ֆերիկի բնակիչները հայցով դիմել են դատարան՝ աճուրդն անօրինական ճանաչելու պահանջով: Առաջին նիստը պետք է կայանար այս տարվա օգոստոսի 11-ին, սակայն պատասխանող կողմից բացակայողի պատճառով դատը հետաձգվել է՝ նշանակվելով հոկտեմբերի 7-ին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31