Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրի» բժշկական կենտրոնը վերաբացեց դռները. ջերմաչափման ու ախտահանման թանկանոց սարքեր են տեղադրվել

Օգոստոս 19,2020 17:46

«Գյումրի» բժշկական կենտրոնը, որը կորոնավիրուսի տարածման ժամանակաշրջանում միայն անհետաձգելի բուժօգնություն էր իրականացնում՝ արգելելով քաղաքացիների մուտքն ու ելքը հիվանդանոց, վերաբացել է կենտրոնական մուտքը, սկսել պլանային վիրահատությունները։ Հիվանդանոցը ձեռք է բերել հատուկ սարքավորումներ, որոնք առանց մարդկային գործոնի իրականացնում են հեռահար ջերմաչափում ու հնարավորություն տալիս առանց ձեռքի հպմամբ, ոտքի սեղմումով ախտահանել ձեռքերը (Տես լուսանկարում):
Aravot.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Արմեն Իսահակյանն ասաց․ «Նախարարի թույլտվությամբ անցած ամսվանից վերսկսեցինք պլանային վիրահատությունները, իհարկե՝ քիչ քանակությամբ և շատ զգուշորեն։ Փորձում ենք առավելագույնս պահպանել կանոնները, հիվանդանոցը համաճարակաբանի հսկողությամբ բաժանվել է տարբեր գոտիների՝ կարմիր, կանաչ, որոնք մատնանշում են` որ տեղերն են վտանգավոր, որտեղ է արգելված մտնել, որտեղ պետք է մտնել արտահագուստով, պաշտպանիչ միջոցներով։ Այսպիսով` կարողացանք հասնել նրան, որ «Գյումրի» բժշկական կենտրոնն ընդհանրապես չունի կորոնավիրուսով հիվանդ՝ բուժանձնակազմից, իսկ տրիաժ՝ միջանկյալ բաժանմունքում պառկած է 4 հիվանդ։

Նախկինում տրիաժ բաժանմունքում 17-18 հիվանդներ էին, հիմա օրական միջինը 3-6 են, նմուշառում իրականացնելիս էլ ունենում ենք այս պատկերը․ 4-ից 4-ը բացասական կամ 4-ից մեկն է լինում դրական, դա էլ տոկոսային առումով խոսում է այն մասին, որ մարզում համաճարակային իրավիճակը վերահսկելի է։

Հիվանդատեսներին ու խնամողներին դեռ չենք թողնում հիվանդանոց․ մինչ այս պահը ստացիոնար բուժում ստացող հիվանդներին սննդի փոխանցումը կազմակերպվում էր մեր աշխատակիցների միջոցով կամ թողնում էինք ներս միայն ծանր վիճակում գտնվող հիվանդների խնամողներին։ Նրանք ներս էին մտնում հիվանդանոց ու դուրս չէին գալիս մինչև հիվանդի դուրս գրվելը։

Պլանային վիրահատությունները վերսկսում ենք, կբացենք դռները, այսուհետ հիվանդատեսներին ջերմաչափելով, կանոնները պահպանելով՝ դիմակներով, ձեռնոցներով, կթողնենք ներս։

Եթե մեր քաղաքացիները ճիշտ պահպանեն կանոնները, սոցիալական հեռավորությունը՝ գծանշումները, գոտիներ մտնել-չմտնելը, համոզված եմ՝ կունենանք քիչ դեպքեր և կկարողանանք անցնել բնականոն աշխատանքի»։

Այս պահին «Գյումրի» բժշկական կենտրոնում բուժվում է 70 հիվանդ, համավարակի տարածման ընթացքում եղել է 35-40։

Թե այս ընթացքում ինչքա՞ն վնասներ է կրել հիվանդանոցը, տնօրենն ասաց․ «Մենք բավական մեծ վնաս կրեցինք, թվային տվյալներ ներկայացնեմ, որ պատկերացնեք․ մոտ 55-57 միլիոն վճարովի ծառայություններից իրականացնում էինք մոտ 7-10 միլիոնը։ Բավական մեծ գումար ենք կորցրել․ պլանային վիրահատությունները մեծ թիվ էին կազմում մեր համախառն եկամուտների մեջ, հիմա մոտ 50 տոկոսը վերականգնել ենք, 40 տոկոս էլ պլանային պետպատվերից կորցրեցինք, բայց ունեինք կուտակած գումար՝ պետպատվերով արված վիրահատություններից։

Պետպատվերի առումով շատ տուժած իրավիճակում չհայտնվեցինք, նաև պետությունը օգնեց․ կանխավճար տվեց պետպատվերի վիրահատությունների այն չափով, որը մենք ամսական կատարում ենք։ Այստեղ խնդիր չառաջացավ, բայց վճարովին կորցնելով՝ պարզ է, որ ծախսերի ու աշխատավարձի խնդիր առաջացավ, կարողացանք կարգավորել միայն պետական աջակցության, վարկի միջոցով։

Պետությունը թույլ տվեց մեզ վարկ վերցնել, 6 տոկոսը մարում է պետությունը, իսկ 6 տոկոսը՝ մենք, քանի որ շահույթ հետապնդող հիմնարկ ենք։ Դա օգտագործեցինք այս ամիսներին, որով հարկադիր պարապուրդի ուղարկված մեր աշխատակիցներն աշխատավարձ  են ստացել։ Նրանք կամաց-կամաց հետ են գալիս, հիմա էլ դժվար է ամբողջ ծավալով ֆինանսավորումը կազմակերպել ու աշխատավարձերը լիարժեք վերականգնել, բոլորս ենք տուժել այդ առումով, բայց հույս ունենք, որ պլանային վիրահատությունների վերսկսմամբ կկարողանանք հաղթահարել»։

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Արդյոք Գյումրի ԲԿ- ում հիվանդասենյակներն ախտահանվում են։ Հատուկ սարքավորումներ կան փակ համակարգով աշխատող, որոնք օդն ախտահանում են։ Ես չգիտեմ արդյոք Շիրակի մարզում մյուս հիվանդանոցներն ունեն նման սարքավորումներ։ Ինչու հիվանդները պահանջատեր չեն, չէ որ հիվանդանոցներն ամենալավ վարակի աղբյուրներից մեկը կարող են հանդիսանալ։ Օրինակ Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում օդն ախտահանող սարքավորումներ չկան, որքան տեղյակ եմ նաեւ Գյումրու Վերականգնողական կենտրոնում եւս բացակայում են վերը նշված սարքավորումները։ Իշխանությունները շատ վատ են իրականացնում վերահսկողությունը համաճարակի տարածումը կանխելու հարցում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31