Շվեդիայի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար Կարլ Բիլդտը կարծում է, որ հայկական հեղափոխության մոդելը կարող է օրինակ ծառայել Բելառուսի համար: Այս մասին քաղաքագետը գրել է Project Syndicate կայքում հրապարակված հոդվածում:
Անդրադառնալով Բելառուսում օգոստոսի 9-ին նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին՝ Բիլդտը գրել է, որ աննախադեպ թվով մարդիկ դուրս են եկել փողոց՝ չվախենալով բռնությունից, ինչը վկայում է այն մասին, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ձախողվել է հերթական ընտրությունը գողանալու և իր իշխանությունը երկարաձգելու ծրագիրը:
«Շատ մեկնաբաններ Բելառուսում ստեղծված իրավիճակը համեմատում են 2004-2005թթ. և 2014թ. Ուկրաինայում տեղի ունեցած Նարնջագույն և Մայդանի հեղափոխությունների հետ: Բայց Բելառուսը Ուկրաինա չէ, Մայդանի մոդելի կիրառումը Մինսկում ու Բելառուսի այլ քաղաքներում օգտակար չի լինի»,-գրել է Բիլդտը՝ ընդգծելով, որ Մայդանի հեղափոխությունն ուղիղ արձագանք էր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ եվրաինտեգրումից հրաժարվելու փորձերին, իսկ հեղափոխականները դուրս էին եկել փողոց Եվրամիության դրոշներով:
Շվեդիայի նախկին վարչապետը կարծում է, որ Բելառուսում ընդվզումը տարբերվում է, գերակշռում են ներքին խնդիրները: «Բելառուսցիները կուշտ են մի մարդու 26-ամյա իշխանությունից, որը գնալով կորցնում է կապը հասարակության հետ: Հեղափոխության դրոշն արգելված սպիտակ-կարմիր-սպիտակ բելառուսական ազգային դրոշն է, որն, ամենայն հավանականությամբ, շուտով կդառնա երկրի պաշտոնական դրոշը (ինչպես դա եղավ 1918-ին և 1991-1995-ին)»:
Կարդացեք նաև
Շվեդ գործիչն առաջարկում է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները համեմատել 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցածի հետ, երբ բողոքի զանգվածային ցույցերը հանգեցրեցին երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին, ու երկրում ժողովրդավարական նոր դարաշրջան բացվեց:
«Հայաստանը միշտ սերտ հարաբերություններ է ունեցել Ռուսաստանի հետ ինչպես պատմական, այնպես էլ ռազմավարական պատճառներով: 2013 թվականին Հայաստանը չմիացավ Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային և չստորագրեց Եվրամիության հետ խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, փոխարենը նախընտրեց միանալ Ռուսաստանի առաջնորդած Եվրասիական տնտեսական միությանը։ 2018թ. իրադարձությունների ժամանակ հիմնավոր մտավախություններ կային, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ ձև միջամտել՝փորձելով կանխել նախկին խորհրդային հանրապետությունում հերթական «գունավոր հեղափոխությունը» Բայց քանի որ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը չէր պատրաստվում փոխվել, Կրեմլը զսպվածություն ցուցաբերեց:
Իրադարձությունների լավագույն դասավորության պարագայում Հայաստանի հեղափոխությունը կարող է ձևանմուշ դառնալ Բելառուսի համար»,-գրել է հոդվածագիրը և ընդգծել, որ սեղանին չպետք է դրվի Բելառուսի արտաքին կողմնորոշումների հարցը, ընտրություններն ու պայքարը պետք է տարվեն միայն երկրի ներքին ժողովրդավարացման համար:
Բիլդտի խոսքով՝ Եվրամիությունը «հայաստանյան մոդելի» նախապայմաններ ստեղծելու համար պետք է զգուշություն ցուցաբերի առաջիկա պատժամիջոցների հարցում՝ թիրախավորելով միայն նրանց, որոնք պատասխանատու են ու մասնակցել են ընտրությունների կեղծմանը և ցուցարարների դեմ բռնաճնշումներին, իսկ ցանկացած այլ սահմանափակում, որը բացասական ազդեցություն կունենա ժողովրդի և տնտեսության համար, ապակառուցողական կլինի:
«Ժողովրդավարական հեղափոխությունից հետո Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ռազմաբազան: Թեպետ Ռուսաստանը չունի համանման ռազմական ներկայություն Բելառուսում, բայց ակնհայտ անվտանգության շահեր են առկա… Իհարկե, բաց է մնում հարցը՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի հայկական ոճի քաղաքական անցումը Բելառուսում… Բելառուսի իրավիճակը աշխարհաքաղաքական պայքար չէ։ Դա ներքին հարց է, որը վերաբերում է Բելառուսի ժողովրդին և ռեժիմին, որը կորցրել է լեգիտիմությունն ու սպառել իրեն։ Արևմտյան դիվանագիտությունը կարող է օգնել Բելառուսի ժողովրդին հասնելու ժողովրդավարական արդյունքների, բայց միայն խելացի գործելու դեպքում»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ