Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բժշկական գիտությունների դոկտոր. «Ո՞նց են պատկերացնում՝ առաջին դասարանի երեխան 4 ժամ նստի դիմակով»

Օգոստոս 19,2020 15:01

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ, ավելի ուշ Ազատություն ռ/կ-ին նախարարը հայտնել էր, որ աշակերտներն ու ուսանողները դասի կնստեն դիմակներով, դպրոցներում դասերն առավելագույնը 20 աշակերտով կանցկացվեն: Նա նաեւ ուսանողներին եւ աշակերտներին կոչ էր արել ինքնամեկուսանալ մինչեւ դասերի սկսվելը:

Аravot.am-ը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Աղաբեկյանից հետաքրքրվեց՝ արդյոք 4 եւ ավելի ժամեր փակ տարածքում դիմակներով գտնվելը վտանգավոր չի՞ լինի աշակերտների առողջության համար: Պարոն Աղաբեկյանն ասաց, որ դասերը միանշանակ ճիշտ է սկսելը, որովհետեւ այլընտրանք չկա, եւ կրթությունն առանց այն էլ տուժել է համավարակի պատճառով:

Ինչ վերաբերվում է փակ տարածքում երեխաների՝ երկար ժամանակ դիմակներով գտնվելուն, այս մասին էլ պրոֆեսորը նշեց. «Ո՞նց են պատկերացնում՝ առաջին դասարանի երեխան 4 ժամ նստի դիմակով: Նախ 3-4 ժամ հետո դիմակի տակ դու երեք անգամ ավելի պակաս թթվածին ես շնչում, եւ քո արտադրած ածխաթթու գազը, ըստ ամերիկացի մասնագետների, 70 %-ով ավելանում է: Հետո երեխաներն ինչպե՞ս են սոցիալական հեռավորություն պահպանելու, ասենք՝ դասի ժամանակ ուսուցիչն այդ հարցը կարգավորեց, ինչպե՞ս է դա կարգավորելու դասամիջոցին: Խեղճ ուսուցիչը հո չի կարող բոլորի հետեւից վազել ու հետեւել, որ իրար հետ չխաղան, իրար չբռնեն, չգրկեն, չվազվզեն: Դա հնարավոր չէ վերահսկել:

Երեխաները ձեռք են տալու գրատախտակին, պատերին, սեղանին, աստիճանավանդակին, կավիճին, դռան բռնակներին, ո՞նց են վարվելու, երեխաներին ասելու են՝ եթե մեկը ձեռք է տվել, մյուսը ձեռք չտա՞: Երեխաները դասամիջոցներին է՞լ են դիմակներով լինելու, ինչպես են զուգարանից օտվելու…»:

Նա փաստում է, որ շատ դպրոցներում, հատկապես կենտրոնում գտնվող, քառասուն երեխա կա ամեն դասարանում, ու մի քանի հերթով դասեր անելու դեպքում էլ ծնողների համար են խնդիրներ առաջանալու. «Դա շատ դժվար հարց է նաեւ իշխանությունների համար, բայց ես կարծում եմ, որ դպրոցները պետք է նորմալ ձեւով աշխատեն՝ առանց դիմակի: Թող ալկոգել դնեն, երեխաները ձեռքերը շփեն, նույն էլ դասամիջոցից հետո՝ դասասենյակ մտնելից: Դպրոցներում պետք է պարտադիր բժիշկներ լինեն, ուսուցիչները պետք է աչալուրջ լինեն, որ եթե որեւէ երեխա վատ զգա, անմիջապես բժշկի դիմեն եւ տեղեկացնեն ծնողին: Դպրոցներ ներս մտնելիս պետք է պարտադիր ջերմաչափում անել»:

Գարիկ Աղաբեկյանը բուհերին էլ անդրադարձավ, մասնավորապես՝ բժշկական համալսարանին. «Որքանով տեղյակ եմ, ԿԳՄՍ նախարարությունը թողել է բուհերի հայեցողությանը՝ դասերը օնլայն կամ առկա անցկացնելը: Օրինակ՝ բժշկական համալսարանն ինչքա՞ն կարող է օնլայն դասեր անցկացնել; Բժշկականի ուսանողը պետք է հիվանդ տեսնի, հիվանդանոց գնա պրակտիկայի: Հո կլինիկայից վիրահատություններին օնլայն չե՞ն հետեւելու»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Գարիկ Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31