Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյան․ «Ապստամբությունը ուղիղ ժողովրդավարության զինված դրսևորում է»

Օգոստոս 19,2020 14:26

«Դատաիրավական համակարգում, իրականում, որևէ փոփոխություն չի եղել, անգամ Մնացական Մարտիրոսյանն է իր տեղում»,- «Սասնա ծռերի» գործով դատական նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ գործը կեղծ ապացույցների վրա է հիմնված․ «Ինչպես Մարտի 1-ի գործով են հսկայական քանակությամբ ապացույցներ կեղծվել հենց փորձագետների ձեռամբ, դատախազների հսկողությամբ, դատավարական ղեկավարությամբ և քննիչների միջոցով, այնպես էլ այստեղ ոչ մի տարբերություն չկա։ Երկուսն էլ, ըստ էության, ռեժիմի դեմ ապստամբություն էին, և երկու դեպքում էլ, բնականաբար, հաշվեհարդարի տրամաբանությունն է գործել, այստեղ՝ նույնպես։ Եվ նույն մեղադրողը՝ դատական ղեկավարության ներքո տեղի է ունեցել այս ամբողջ կոծկումը, շարունակում է իբրև թե նոր Հայաստանում պաշտպանել իր իսկ թխած մեղադրանքը։ Կներեք, սա որևէ տրամաբանության շրջանակներում չի տեղավորվում։ Եվ ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ հայկական Նյուրնբերգը, որ շուտով կայանալու է, նաև այս գործի մեջ դերակատարում ունեցած անձանց է վերաբերելու»։

Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ ապստամբությունը ինքնապաշտպանություն է և բոլոր հիմնարար իրավունքների պաշտպանություն է․ «Ապստամբությունը ուղիղ ժողովրդավարության զինված դրսևորում է»։

Նա պնդեց, որ Սմբատ Բարսեղյանը, որի նկատմամբ մեղադրողը միջնորդել է որպես պատիժ կիրառել ցմահ ազատազրկումը, որևէ հանցագործություն չի կատարել․ «Ապստամբը զինվոր է, ապստամբը զինված հակամարտության կողմ է, եթե տվյալ զինվորը, տվյալ ապստամբը, որ ապստամբության իրավունքի բերմամբ որպես քաղաքացի կամավոր ստանձնել է կարգը վերահաստատելու, այսինքն՝ ոստիկանի կարգավիճակ, քաղաքացին ոստիկան է, նա իրավունք ունի զենք կիրառելու։ Բայց կրկնում եմ՝ Սմբատը ուղիղ չի կիրառել, դա իր հերթին։ Այդուհանդերձ, եթե անգամ դա լիներ, և եթե միջազգային մարդասիրական իրավունքի կամ պատերազմի իրավունքի կամ զինված հակամարտությունների իրավունքի, այդ իրավունքը երեք տերմիններով էլ ձևակերպվում է, խախտում տեղի չի ունեցել, այսինքն՝ ուղիղ անզեն մարդու վրա կրակ չի բացվել՝ ոչ կոմբադանտի, գերիների հետ վատ չեն վարվել, չեն ստորացրել, չեն տանջել, սնունդից չեն զրկել, հանգստից չեն զրկել, նրանց արժանապատվությանը չեն դիպչել, ուրեմն՝ որևէ մեղք չկա, և տվյալ ապստամբները անպարտ են օրենքի առաջ։ Տարրական գիտելիք է, և ինքնապաշտպանության գիտելիք է, սա մեր իմունիտետին է վերաբերվում»։

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31