Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քվեատուփն ուներ բացվածք. ձեռքդ ամբողջությամբ կարող էիր մտցնել»

Օգոստոս 19,2020 15:10

Հուլիսի 31-ին կայացած դատավորների ընդհանուր ժողովում ի թիվս կարեւոր ընտրությունների՝ տեղի ունեցավ նաեւ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների ձեւավորումը: Մասնավորապես, ուսումնական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր թեկնածուի կարգավիճակում «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» կողմից առաջադրվել էր սահմանադրագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանը: Այդ հանձնաժողովը կազմված է 5 դատավոր եւ 2 ոչ դատավոր անդամներից ու օժտված է դատավորների թեկնածուների ուսումնառության կազմակերպման, առաջադիմության ստուգման, գործընթացի մշտադիտարկում իրականացնելու լիազորություններով: «Ընտրությունները, հակառակ իմ լավատեսական տրամադրվածության, որ 2018թ.-ի փոփոխությունների արդյունքում դատական համակարգը պետք է վերաիմաստավորեր իր գործունեությունը, զերծ մնար որեւէ ոչ իրավաչափ գործողությունից, հույսերս չարդարացան, ցավոք: Ընտրություններն անցան բավականին կոպիտ խախտումներով եւ ընտրական վարչարարության բավականին ցածր մակարդակով»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Արտաշես Խալաթյանը:

Նա նշեց. «Իմ եւ «հաղթող» թեկնածուի ձայների միջեւ տարբերությունը 4 էր: Իմ բողոքարկման արդյունքում տեղի ունեցավ վերահաշվարկ, որի ընթացքում բացահայտվեցին նոր խախտումներ՝ կապված այդ թվում  քվեատուփն արտաքին ներգործությունից պաշտպանված չլինելու եւ շահերի բախման հետ: Այլ իրավական հիմքեր էլ կան, որոնք կարող են անվավեր դարձնել այս ընտրությունները: Այսօր այդ մասին լռեմ՝ մարտավարական նկատառումներով, բայց իմ փաստաբանական թիմը պատրաստվում է գործընթացը բողոքարկել հայաստանյան բոլոր դատական ատյաններում, իսկ եթե հաջողության չհասնենք, նաեւ՝ ՄԻԵԴ-ում»: Արտաշես Խալաթյանը համոզված է՝ շատ դատավորներ են ողջունում դատական համակարգի բարեփոխումները, սակայն դատական համակարգի մի հատվածն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով այդ գործընթացին ընդդիմանում է, եւ դա ցույց տվեցին նաեւ այս ընտրությունները. «Ցավոք, իրավաբան հանդիսացող դատավորներն անգամ չպահպանեցին տարրական ընտրական կանոնները՝ դրանով արժեզրկելով ընտրական գործընթացը»: Պարոն Խալաթյանը շեշտեց՝ իր օգտին քվեարկել է 58 դատավոր, եւ իրենց բացահայտած խախտումները, ամենահամեստ հաշվարկներով, առնվազն հավասարեցնում են իր եւ մրցակցի ստացած ձայները:

«Առավոտ»-ը զրուցեց նաեւ Արտաշես Խալաթյանի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Սարգսյանի հետ, ով ներկա է եղել վերահաշվարկին: Նա պատմեց. «Հենց սկզբից մտահոգիչ փաստի ականատես եղանք: Քվեատուփը հերմետիկ փակված չէր, եւ դա նկատեց նաեւ հանձնաժողովի անդամներից մեկը: Քվեատուփն ուներ բացվածք, որով ձեռքդ ամբողջությամբ կարող էիր մտցնել եւ մինչեւ ներքեւ իջեցնել»: Դավիթ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ այս պահին վարչական հայց են պատրաստում, իսկ գործընթացի զարգացումների մասին ապագայում կխոսեն: «Սա իսկապես խայտառակություն է եւ նման ձեւով ընտրություններ կազմակերպելն ու անցկացնելը վարկաբեկում է դատական համակարգը»,-համոզմունք հայտնեց Դավիթ Սարգսյանը:

Վերահաշվարկի մասին այլ մանրամասներին ծանոթացեք տեսանյութերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31