Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կրեմլն ուզում է, որ Լուկաշենկոն մնա, բայց մնա լեգիտիմության թույլ կարգավիճակով». Բորիս Նավասարդյան

Օգոստոս 19,2020 16:08

Բելառուսում շարունակվում են բողոքի ցույցերը. բելառուսցիները չեն ընդունում նախագահական ընտրությունների արդյունքներն, ըստ որի 80% քվե է ստացել 26 տարի երկիրը ղեկավարած եւ կրկին առաջադրված Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս երկրում համազգային գործադուլ է, օր օրի ցուցարարների եւ գործադուլ հայտարարողների թիվն ավելանում է: Ցույցերի առաջին օրերին իրավապահները բիրտ ուժ են կիրառել, կա երեք զոհ: Լուկաշենկոն չի պատրաստվում հեռանալ. ընդդիմությունը համակարգող խորհուրդ է ստեղծել, որի առնչությամբ Լուկաշենկոն հայտարարել է՝ իշխանության զավթման փորձ է կատարվում: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն չեն ճանաչում Բելառուսի ընտրության արդյունքները:

Լուկաշենկոն դիմել է Ռուսաստանի «աջակցությանը»: Այս իրավիճակում Ռուսաստանն, իհարկե, շահագրգիռ կողմ է, բայց ինչպե՞ս կմիջամտի իրադարձությունների զարգացումներին: Բելառուսն էլ կարծես թե գոնե այս շրջանում ԵՄ-ին ինտեգրվելու մեծ ամբիցիաներ չի ներկայացնում, թեեւ ԵՄ-ի հետ անմիջական սահման ունի:

«Ռուսաստանի վերաբերմունքը Բելառուսին եւ այնտեղ տեղի ունեցող զարգացումներին առաջին հերթին պայմանավորված է նրանով, որպեսզի Բելառուսը մնա Ռուսաստանի քաղաքագիտական օրբիտայի մեջ, (ՌԴ-ի առավել մտերիմ գործընկերներից Բելառուսն առաջին տեղում է) եւ դրա լավագույն տարբերակն այն է, որ այնտեղ իշխանությունները լինեն հնարավորինս թույլ: Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ այն երկրներն են մնում Ռուսաստանի հուսալի դաշնակիցներ, որոնք չեն կարողանում ոչ թե հենց Ռուսաստանի հետ համագործակցությունից շահեր ունենալ, այլ՝ չեն կարողանում տարբեր պատճառներով զարգացնել իրենց հարաբերությունները այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ: Իսկ նման համագործակցության համար անհրաժեշտ է կատարել որոշակի քաղաքական պայմաններ՝ զարգացնել ժողովրդավարությունը, ընտրությունները պետք է լինեն թափանցիկ եւ օրենքին համապատասխան»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նկատում է՝ Ռուսաստանի հետ ավելի հեշտ է լեզու գտնել, ՌԴ-ն ժողովրդավարական որեւէ չափանիշներ իր գործընկերների, դաշնակիցների առջեւ չի դնում: Հետեւաբար, այդ կարգի պետությունները նաեւ ուժեղ չեն կարող լինել, եւ ինչպես պարոն Նավասարդյանն է ասում, նրանք մնում են ՌԴ ազդեցության տակ եւ կախվածության մեջ:

Բնականաբար, որքան ոչ լեգիտիմ լինեն իշխանությունները, այնքան ավելի հեշտ կլինի Ռուսաստանին այդ երկրներին պահել իր ազդեցության տակ:

Պարոն Նավասարդյանը նշում է՝ Բելառուսի ընտրությունների դեպքում Կրեմլի քաղաքական նպատակներից մեկն այն է, որ փոփոխություն չլինի, բայց միեւնույն ժամանակ նախագահն ու իշխանությունը լեգիտիմության հետ խնդիր ունենան. «Ռուսաստանի քաղաքականությունն այս իրավիճակում հենց դրանով էր պայմանավորված՝ մի կողմից քննադատել առկա զարգացումները, մյուս կողմից էլ՝ այս իշխանությանը ուժեղ դիմադրություն լինի՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Բելառուսում: Այդ զարգացումները ՌԴ-ին ձեռնտու են»: Այս համատեքստում էլ պարոն Նավասարդյանը դիտարկում է ՀՀ վարչապետի եւ նախագահի արձագանքը՝ շնորհավորանքը Լուկաշենկոյին: Բորիս Նավասարդյանը չի գտնում, որ Ռուսաստանի համար սկզբունքորեն կարեւոր էր, որ Հայաստանը միանա շնորհավորանքներին. «Այստեղ Ռուսաստանի կողմից հստակ շահ չկար: Բայց Ռուսաստանը շահագրգռված է, որ օրինակ, մենք անընդհատ աշխարհին ցույց տանք Եվրասիական միության ադամ պետությունների համերաշխությունը բոլոր հարցերում: Այս տեսանկյունից եթե նայեք, միգուցե ձեռնտու կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի շնորհավորանքները: Սակայն, առաջին գործոնն ավելի ուժեղ է եւ կարեւոր: Այս երկու գործոնների համատեքստից ես առայժմ հանում եմ Հայաստանի միջազգային վարկը՝ մենք հակառակ առաջադեմ մարդկությանը, գնահատում ենք այս քաղաքական զարգացումները»: Պարոն Նավասարդյանը կարծում է՝ զուտ հայ-ռուսական հարաբերությունների տեսակետից, Կրեմլում հանգիստ եւ նորմալ կընդունվեր, որեւէ վնաս չէր լինի հարաբերություններին, եթե ՀՀ ղեկավարները չշտապեին շնորհավորել:

Իսկ թե ինչո՞ւ են ՀՀ ղեկավարները շտապել, պարոն Նավասարդյանն իր բացատրությունն ունի. կարծում է՝ պաշտոնական Երեւանի եւ Մոսկվայի միջեւ չկա վստահելի հաղորդակցություն, որպեսզի կարողանանք մեր քայլերը ներդաշնակեցնել ՌԴ շահերի կամ մեր համատեղ շահերի հետ. «Եվ, կարծես, ստիպված ենք կռահել՝ իսկ ի՞նչ կուզենային որպեսզի մենք անեինք: Եվ պարտադիր չէ այդպիսի կանխատեսումներ անել, դրանցից բխեցնել մեր հերթական քայլերն ու պարտադիր չէ, որ մենք ճիշտ ենք կռահում, եւ չենք սխալվում: Այսօր սա է մեր ամենամեծ խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում, եթե սա դիտարկում ենք զուտ հայ-ռուսական հարաբերությունների շահերից: Կարող են լինել այլ հանգամանքներ՝ հավատարմությունը ժողովրդավարության սկզբունքներին, մարդու իրավունքներին: Սա այդ խնդրի այլ հարթությունն է, եւ այս այլ հարթության մեջ դժվար է ողջունել այն քայլը, որ կատարել են վարչապետն ու նախագահը»:

Բելառուսում ինչ զարգացում էլ լինի, ինչպես նշում է պարոն Նավասարդյանը, անկախ ամեն ինչից, Բելառուսի եւ ՌԴ հարաբերությունները կլինեն բավականին սերտ, եւ դա պայմանավորված է նախ պատմությունով, վերջին տարիներին զարգացումներով, կան նաեւ օբյեկտիվ գործոններ: Պարոն Նավասարդյանի դիտարկմամբ՝ Բելառուսում աշխարհաքաղաքական կողմնորոշման կտրուկ փոփոխություն չի լինի:

«Ակնհայտ է, որ Լուկաշենկոն իր կամքով կամ խաղաղությամբ իշխանությունը չի զիջելու, նա այդպիսի մարդ չէ: Պարզ է, որ տարբեր տեխնոլագիաներ կօգտագործեն Բելառուսում, որպեսզի հոգնեցնեն բողոքի ցույցերը եւ հնարավորինս ակտիվացնեն Լուկաշենկոյին աջակցող հասարակական շրջանակների ակտիվությունը: Թե ուժերի ինչպիսի հարաբերակցություն կձեւավորվի մոտակա շաբաթների ընթացքում, ես կանխատեսելու պատասխանատվություն չեմ վերցնի: Ռուսաստանն իր միջամտությունը շատ զգուշավոր է դրսեւորելու, աշխատելու է ցույց տալ, որ լուրջ միջամտություն չունի: Կրեմլն ուզում է, որ Լուկաշենկոն մնա, բայց մնա լեգիտիմության թույլ կարգավիճակով»,-ասում է Բորիս Նավասարդյանը: Նա վստահ է՝ եթե Բելառուսում իշխանությունը փոխվի, ով էլ գա իշխանության, եթե անգամ Լուկաշենկոն մնա, հայ-բելառուսական հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չի լինելու, որովհետեւ դրանք շատ ցածր մակարդակի վրա են. «Ինչպես եղել է, այդպես էլ կմնա՝ ցածր մակարդակի վրա: Հայաստանն էլ լուրջ գործոն չէ Բելառուսի համար, եւ ոչ էլ հակառակը: Եթե նույնիսկ մեր ղեկավարությունը հույս ուներ շնորհավորելով կնպաստի մեր հարաբերությունների բարելավմանը, կարծում եմ դա էլ միամիտ հաշվարկ էր: Լուկաշենկոն այնպիսի մարդ է, որն իր այժմեական շահերով է շարժվում: Եթե Ադրբեջանը Բելառուսի հետ շարունակի հարաբերությունները ռազմական համագործակցության ուղղությամբ, պարբերաբար էժան վարկեր տա, միանշանակ է, որ Լուկաշենկոն, եթե մնա, չի էլ հիշելու, որ ՀՀ-ն առաջիններից էր, որ շնորհավորեց նրան պայմանական հաղթանակի համար»,-ասում է Բորիս Նավասարդյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31