«Մի քանի անգամ զրուցել եմ գեներալ Խաչատուրովի հետ եւ ըմբռնումով եմ մոտենում նրա դիրքորոշմանը: Նա երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է հայրենիքի անվտանգությանը, կարեւոր մասնակցություն ունեցել ապրիլյան պատերազմում մեր հաղթանակում, նա ուղնուծուծով զինվորական է, գեներալ եւ նրա համար շատ վիրավորական էին մինչեւ այս եղած հայտարարությունները»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ունի՞ տեղեկություններ՝ ինչո՞ւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն այդպես էլ չներկայացավ ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նշեց. «Մարդը կյանքը նվիրել է Հայաստանի անվտանգությանը, բայց մարդիկ հերյուրանք էին տարածում, թե բիլիարդ էր խաղում: Պատկերացնո՞ւմ եք՝ ձեր կյանքը նվիրեք մի գործի, բայց մարդիկ հեքիաթներ պատմեն ձեր մասին…հանձնաժողովում, երբ խոսք եղավ, ասացի, որ մի անգամ էլ կհորդորեմ մասնակցել նիստին: Այդ հորդորեն էլ չընդունեց Խաչատուրովը: Գուցե մտածեք՝ ինչպե՞ս կարող է նա իմ ասածը չանել, բայց ես այլեւս գերագույն գլխավոր հրամանատար չեմ, նա էլ ԳՇ պետ չի եւ կարող է իր կարծիքն ունենալ: Կարծում եմ՝ կանցնի ժամանակ եւ նա էլ առիթ կունենա լրագրողների հետ խոսելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ