Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանը պարտավոր չէ Կրեմլի սխալները կրկնել

Օգոստոս 19,2020 22:00

Մինչ բելոռուս ժողովուրդը հիացնում է աշխարհին եւ մեզ իր պայքարով ընդդեմ բռնապետության, համաձայն որոշ շրջանառվող լուրերի՝ Մոսկվայի որոշ պնդաճակատ շրջանակներ մտմտում են եւս մի ներխուժում, այն «հիմնավորելով» ոչ միայն Բելառուսի անդամակցությամբ ՀԱՊԿ-ում, որտեղ, ի դեպ, գլխավոր քարտուղարը բելառուս Ստանիսլավ Զասն է։ Խոսվում է այսպես կոչված «միութենական պետության» մասին, ինչը կարող է «հիմնավորել», ըստ այդ լուրերի՝ Մոսկվայի «եղբայրական» ներխուժումը Բելառուս։

Իմաստ չունի ծավալուն վերլուծել, խորհրդային կամ հետխորհրդային հայտնի դեպքերի հետ զուգահեռներ մեջտեղ բերելով, թե ինչո՞ւ Մոսկվան չի կարող իրեն նոր ներխուժում թույլ չտալ, քանզի ուղղակի մակերեսին են այն հանգամանքները, որոնք նման հնարավորությունները զրոյացնում են եւ ակնհայտ է, որ Մոսկվան այլեւս չի կարող իրեն նման լայնածավալ ինտերվենցիաներ թույլ տալ, եւ խոսքը դրա մասին էլ չէ։ Խոսքն այն նոր իրողությունների մասին է, որոնք ձեւավորվում եւ ձեւավորվելու են առաջիկա օրերի եւ նույնիսկ ժամերի ընթացքում։

Բելառուսը դառնում է ՀԱՊԿ-ին եւ ԵԱՏՄ-ին անդամակցող երկրորդ երկիրը, որտեղ տեղի է ունենում, ըստ էության, թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխություն, եւ այդ կառույցների ի սկզբանե «մոսկվակենտրոն» բնույթը հաշվի առնելով, Հայաստանը ձեռք է բերում մոտիվացված դաշնակցի, թեկուզ եւ մարտավարական։ Ակնհայտ է, որ իր ապագա հարաբերությունները Բելառուսի հետ Մոսկվան կառուցելու է, հենվելով այն «պարտավորությունների» վրա, որոնք Լուկաշենկոն իր պաշտոնավարման ընթացքում փաթաթել է իր երկրի պարանոցին, եւ ճնշումներ է գործադրելու, մեջտեղ բերելով «միջազգային-իրավական» փաստարկները, փորձելով դրանք «միջազգայնացնել» տարբեր հարթակներում, առնվազն՝ իր կողմից վերահսկվող։

Ամենայն հավանականությամբ, Բելառուսի նոր իշխանությունները տեսանելի հեռանկարում ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում անդամակցության դադարեցման հարց չեն բարձրացնի, իհարկե, եթե Մոսկվան իրեն բնորոշ քառակուսի-կացնային քայլերով ֆորս-մաժորներ չստեղծի։ Սակայն պարզ է, որ «միութենական պետություն» ասված ալքիմիան ուղղակի դե-ֆակտո կսառեցվի։ Լուկաշենկոյի սարքած «հետխորհրդային չուչխեի» հաղթահարման ճանապարհին Բելառուսի նոր ղեկավարությունն առաջին հերթին կօգտագործի իր բոլոր հնարավորությունները Արեւմուտքի հետ բնականոն գործընկերային հարաբերություններ հաստատելու համար, եւ առաջին հերթին հարեւանների հետ՝ Լեհաստանի, Լիտվայի եւ Լատվիայի, ինչպես նաեւ՝ Ուկրաինայի հետ։ Բացի դրանից, Մինսկը կակտիվացնի իր կապերը Եվրամիության հետ, այդ թվում՝ ԵՄ Արեւելյան Գործընկերության շրջանակներում։ Բելառուսը մինչ օրս նույնիսկ Եվրոպայի Խորհրդին չի անդամակցում, երկրում գործում է մահապատիժը։

Ակնհայտ է, որ այս խնդիրների լուծման ճանապարհին հաջողությունը հնարավոր է, երբ Բելառուսը դիրքավորվում է որպես ինքիշխան սուբյեկտ, եւ Ռուսաստանի ճնշումներն այս ուղղությամբ եւս դժվար չէ պատկերացնել։ Ասենք, հարաբերությունների սերտացումը հարեւանների հետ կանվանվի «դավաճանություն», ինչ-ինչ տնտեսական հարցերով պայմանավորվածությունները ԵՄ կամ ԱՄՀ, Համաշխարհային բանկի հետ՝ «ռուսոֆոբիա», ամերիկյան նավթի գնումների շարունակությունը՝ «հարված մեջքից» եւ այլն, եւ դրա մեկնարկը տվեց ինքը՝ Լուկաշենկոն իր ելույթի ժամանակ Մինսկի կենտրոնում՝ ավտոբուսներով բերման ենթարկված «կողմնակիցների» առաջ։ Լուկաշենկոյի հրաժարականից հետո այդ «հոգեւոր թեման» կշարունակեն Մարգարիտա Սիմոնյան-Անդրանիկ Միհրանյան-Սոլովյով-Կիսելյով-Դուգին եւ Ընկ. «փառավոր» դեմքերը տարբեր «ազատ» հեռուստաալիքներով։

Դժվար չէ նաեւ պատկերացնել, թե սեփական մի-քանի «Խաբարովսկ» ունեցող Ռուսաստանում սա ինչ հասարակական արձագանք կստանա, խորացնելով համատարած սրտխառնոցը… Բայց դրանից արդեն թող Կրեմլի գլուխը ցավա, այլ ոչ թե մեր…

Անշուշտ, Բելառուսի այս վերափոխումը, որի մեկնարկը մենք տեսնում ենք երկրի փողոցներում՝ աննախադեպ ազգային զարթոնքի եւ վերելքի ֆոնին, նոր իրողություն է ձեւավորում հետխորհրդային տարածքում, եւ հատկապես՝ նրա եվրոպական մասում։ Լուկաշենկոյի անխուսափելի հրաժարականի հաջորդ իսկ պահից Արեւելյան Գործընկերության տարածքում միակ բռնապետի «պատվավոր կոչումը» մնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա «առաջին փոխնախագահ» տիկնոջ այլանդակ ռեժիմին։

Պաշտոնական Երեւանը Բելառուսի ԿԸՀ կողմից նախնական «արդյունքները» հրապարակելուց ժամեր անց պաշտոնական շնորհավորանքներ հղեց վեցերորդ անգամ «հաղթող» Լուկաշենկոյին, ի շարս մի-քանի երկրների ղեկավարների։ Որոշումն ընդունված էր ռիսկերի իրատեսական հաշվարկի հիման վրա, եւ հաստատապես, հաշվի առնելով մեր խնդիրները, սա այն հարցը չէր, որով Երեւանն իր վրա պետք է ուշադրություն գրավեր։ Սակայն, եւս հաստատապես, եթե Հայաստանի ղեկավարը ռուսական լսարանին ուղիղ տեքստով բացատրում է, որ Ռուսաստանը դաշնակցում է ոչ թե Հայաստանում առանձին անհատների, այլ Հայաստանի ժողովրդի հետ, ապա նույնն է մե՛ր պարագայում։ Հետեւաբար, Բելառուսում մեր բարեկամը ոչ թե վելիկոռուս խավարամիտ կայսերապաշտների դուչեն է, այլ Բելառուսի լուսավոր ժողովուրդը, որի կողմից ընտրվելիք նոր իշխանության հետ մենք հաստատապես լայն օրակարգ ունենք։ Կրեմլը շարունակելու է իր էպիկական կռիվն ընդդեմ ժամանակի եւ շարունակելու է մեծ ու փոքր սխալները, բայց մենք պարտավորություն չունենք դրանց հետեւելու, մանավանդ կրկնելու։

Ժի՛վե Բելառուս, եւ թող Աստված պահպանի Բելառուսի ազատ ժողովրդին։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31