«Ոչ, չենք իմացել նախապես, որ Ադրբեջանը պատրաստում է լայնածավալ գործողություն: Իսկ թե ինչու չենք իմացել, դա մասնագիտական հարց է: Ցավոք, աշխարհի անգամ լավագույն հետախուզությունները չեն կարողանում ամբողջական տեղեկատվություն ունենալ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմի հետախուզությանը հայտնի եղե՞լ է հակառակորդի ձեռնարկելիք հարձակման մասին, ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարծում եմ՝ չեք կասկածում, որ աշխարհում լավագույններից մեկը ԱՄՆ-ի հետախուզությունն է, որը տեղեկություն չուներ սեպտեմբերի տասնմեկի ողբերգության մասին: Այո, այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, տարակուսելու ոչինչ չկա: Ունեցել ենք ամսի մեկին նախնական տեղեկություն՝ օրվա երկրորդ կեսին, որ ադրբեջանցիների կողմից դիվերսիոն գործողություն է պատրաստվում: Այս բնույթի է եղել մեր տեղեկությունը եւ ենթադրվող հատվածներում համապատասխան աշխատանք կատարվել է: Եթե դեմ չեք, այսքանով սահմանափակվենք»,-հավելեց Սերժ Սարգսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ