«Այդ հայտարարությունը մեծ շահարկումների առիթ է տվել առաջնահերթ այն մարդկանց, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 80-ականների զենք»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով ապրիլյան ռազմական գործողություններից հետո Գերմանիայում արած իր այն հայտարարությանը, որ հայկական կողմը կռվել է 80-ականների զենքերով, ասաց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դիվանագիտական լեզվով իմ ասածը հետեւյալն էր՝ ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում Ադրբեջանի մինչեւ ատամները զինվելու վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը…Սա շատ պարզ բան է: Դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու՝ այսօր աշխարհում կա՞ մի բանակ, որը չունի այդ թվականների զենք: Եթե կգտնենք նման բանակ՝ ամենաժամանակակից բանակների թվում, ես կհայտարարեմ, որ այդ գործից ոչինչ չեմ հասկանում»,-նշեց Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան 80-ականների է. «Շատ բանակների սպառազինություններում այսօր նույնիսկ 40-50-ականների զենքեր են առկա: Սա է ողջ ճշմարտությունը: Կարող եմ օրինակ բերել ԱՄՆ-ի, Իսրայելի բանակների սպառազինությունից, ուստի շահարկումները քաղաքական նպատակներով էին եւ գուցե թեմային չտիրապետելն էր պատճառը»:
Սարգսյանը պատասխանեց նաեւ հարցին, թե ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում ինչու հայկական կողմից «Իսկանդերը» չկրակեց. «Որովհետեւ քառօրյա պատերազմն առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, այլ քառօրյա ռազմական լայնածավալ գործողություն էր: Եթե այդ ժամանակ «Իսկանդեր» օգտագործեինք, դա կլիներ կրակոց՝ թնդանոթներից ճնճղուկների վրա: Այն շատ հզոր զենք է, որի առաջին առաքելությունը հակառակորդին զսպելն է: Մնացած հեռահար միջոցները ճիշտ ժամանակին եղել են կրակակետերում եւ պատրաստ էին ցանկացած հրաման կատարելու»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ