Բելառուսի նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան Եվրոպական խորհրդին կոչ է արել չճանաչել քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստացել է ձայների ավելի քան 80 տոկոսը: «Կոչ եմ անում ձեզ չճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները: Լուկաշենկոն կորցրել է լեգիտիմությունը մեր ժողովրդի և աշխարհի համար»,-ասել է Տիխանոսվկայան տեսաուղերձում:
Նրա խոսքով՝ օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններ չեն եղել արդար, թափանցիկ, իսկ արդյունքները կեղծվել են, ինչից հետո մարդիկ դուրս են եկել փողոց, որպեսզի պաշտպանեն իրենց ընտրությունը: Նա նաև շեշտել է, որ ցուցարարները դաժան ծեծի, կտտանքների են ենթարկվել:
Տիխանովսկայան հայտարարել է, որ նախաձեռնել է Բելառուսի Ազգային համակարգող խորհրդի ստեղծումը, որը ղեկավարելու է իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը: «Խորհուրդը անհապաղ հանդես է գալու նոր, արդար և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջով… Բոլոր երկրներին կոչ եմ անում հարգել Բելառուսի ինքնիշխանությունը և բելառուս ժողովրդի ընտրությունը»,-հավելել է նա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ