Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Մկրտչյանի կին․ «Երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն»

Օգոստոս 19,2020 12:42

«Սասնա ծռերի» գործով նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը։

«Ինչպե՞ս կարելի է լինել պետությունից նեղացած և ամբողջ մեղքը գցել ոստիկանության աշխատակիցների՝ ոստիկանների վրա՝ վրեժխնդիր լինելով նրանցից։ Ամբողջ դատաքննության ընթացքում խմբավորման անդամները իրենց գործողությունները արդարացնելու համար նշում էին՝ իբր իրենք ապստամբության իրավունք են ունեցել. իհարկե՛, չէին ցանկանա, որ մարդիկ զոհվեին, բայց դե եղել է, ի՞նչ անենք։ Նման ձևակերպումները, նման վարքագիծը պարզապես անտանելի է։ Անմեղ մարդկանց վրա կրակել են, նրանց կյանքից զրկել են, դատարանում մատուցվում է ինչպես մի դեպքում ինքնապաշտպանություն, մի դեպքում՝ պատահական կրակոց, մյուս դեպքում՝ ընդհանրապես իրենց հետ կապ չունեցող դեպք։ Եվ այս ամենը մենք դատական նիստերի դահլիճում լսել ենք ամեն անգամ շուրջ երկու տարի»,- ասաց նա։

Հասմիկ Ոսկանյանի խոսքերով՝ պետության պարտականությունն է դատարանի միջոցով իրականացնել արդար քննություն և արդարադատություն, որպեսզի ամեն մարդ իր արարքի համար արժանի պատիժ ստանա․ «Ուսումնասիրե՛ք աշխարհի տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պատմությունը, և կտեսնեք, որ ապստամբությունները հիմնականում տեղի են ունեցել ժողովրդին կեղեքող օտար լծի դեմ, և երբեք եղբայրասպան գործողությունները չեն կարող դիտարկվել իբր ապստամբություն։ Վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովրդի համակրանքը չվայելող ուժին հնարավոր է եղել հեռացնել առանց գեթ մեկ կաթիլ արյուն թափելով։ Այլ խոսքերով՝ 2018 թվականի ապրիլի պայքարը ցույց տվեց, որ 2016 թվականի հուլիսի աննախադեպ բռնությամբ ուղղորդված իրադարձությունը ի սկզբանե սխալ է և դատապարտված է անհաջողության։ Ուստի՝ ավելորդ է անմեղ ոստիկանների մահվան պայմաններում ապստամբության մասին խոսել։ Այս մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալների աթոռին, մեր խորին համոզմամբ, հանցագործներ են և վերջ։ Նման պայմաններում դատարանը պետք է արդարացի վճիռ կայացնի, յուրաքանչյուրին իր հասանելիք պատիժը նշանակի, որպեսզի մեր զավակների սրտում ատելություն և վրեժխնդրության բույն չդնի և մի օր էլ նրանց հանցագործներ չդարձնի։ Ամբաստանյալնե՛ր, դուք բողոքում եք՝ ձեր հանդեպ անարդար են, բայց չէ՞ որ դուք ողջ և առողջ նստած եք, դուք իմ ամուսնու հանդեպ արդար վարվեցի՞ք ու դեռ զարմանում եք, որ իրավահաջորդները պահանջում են ցմահ ազատազրկում։ Ձեր որդիները ձեր կողքին են ու դուք ձեր կանանց և ծնողների կողքին եք, դուք դեռ բողոքելու և պահանջելու ինչ-որ բան ունե՞ք»։

Հասմիկ Ոսկանյանը անդրադարձավ նաև մեղադրողի ճառին․ «Միջնորդած պատիժները անհամաչափ մեղմ են և չեն համապատասխանում կատարված արարքների հանրային վտանգավորության բարձր աստիճանին։ Ուստի՝ դատարանին միջնորդում եմ բոլոր ամբաստանյալների նկատմամբ նշանակել օրենքով նախատեսված ամենախիստ պատիժը»։

Զարուհի Փոստանջյանը դատարանին ներկայացրեց տեղեկանք Պավել Մանուկյանի կայուն ծանր առողջական վիճակի վերաբերյալ, և որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Տուժողի իրավահաջորդներին լսելուց հետո, դատարանը պետք է լսեր պաշտպանական ճառերը։ Սակայն, պաշտպանները խնդրեցին իրենց ժամանակ տալ մինչև սեպտեմբերի 30-ը։ Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և բավարար ժամանակ տրամադրեց կողմին։ Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 30-ին։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31