Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Տեփանոսյանի կին․ «Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա ծուռ» կոչել»

Օգոստոս 19,2020 11:51

«Սասնա ծռերի» գործով շարունակվում է դատական վիճաբանությունների փուլը։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին մեղադրողը հրապարակեց մեղադրական ճառը և միջնորդեց մեղավոր ճանաչել գործով ամբաստանյալներին։

Դատարանը լսեց տուժողների իրավահաջորդներին։ Սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի կինը՝ Արփինե Թումասյանն ուրախություն հայտնեց, որ դատաքննությունը վերջապես ավարտվում է․ «Ինչ ասես չտեսանք այս ընթացքում՝ ստախոսությունից մինչև դավաճանություն, հերոս ներկայանալու խղճուկ փորձից մինչև սպանության սուտ գաղափարներով արդարանալու ջանքեր։ Եվ այս ամբողջ խեղկատակության գլխավոր նպատակը սեփական կաշին փրկելն է, ամեն գնով արդարությունից խույս տալու ձգտումը։ Ուրախ եմ, որ այս ամենը շուտով կվերջանա, բայց տագնապներ ունեմ՝ արդարություն իրականացնողները կկարողանա՞ն մեղքի համարժեք պատիժ սահմանել, կկարողանա՞ն դիմակայել ճնշումներին, անտեսել սուտ մարդասիրական կոչերը, չտրվել հայրենասիրության ու ապստամբության մասին բարբաջանքներին։ Ի՞նչ հայրենասիրություն, ի՞նչ ապստամբություն սրանք իրենց «Սասնա ծուռ» են կոչում, որը նորից սուտ ու կեղծիք է։ Ո՞ր մի Սասնա ծուռն է իր հայրենիքի մայրաքաղաքում հարձակվում իր հայրենիքի ամրոցի վրա և սպանում դրա պահապաններին։ Սասունցի Դավիթը նույնիսկ թշնամուն քնից հանում, որ անմեղ արյուններ չթափեր, իսկ սրանք սպանել են արյունակիցներին, վիրավորել և սպանել, բժիշկ պատանդ առել, բանկոմատից փողեր գողացել։ Մեղք է գրպանահատի մտածողությամբ և պահվածքով այս խմբակին «Սասնա ծուռ» կոչել»։

Դատավոր Մեսրոպ Մակյանը խնդրեց նրան իր ճառն այնպես կառուցել, որ որևէ մեկի վերաբերյալ վիրավորական, քամահրական արտահայտություններ չհնչեն․ «Նախորդ դատական նիստին տեսաք՝ մեղադրողների ճառը ինչ ոճով էր գրված, իրավական վերլուծություն էր, ես հասկանում եմ՝ Ձեզ մոտ ճառը, բնականաբար, հուզական պետք է ստացվեր, բայց խնդրում եմ «սրան», և այլն …»։

Արփինե Թումասյանը արձագանքեց. «Մենք իրավունք ունենք»։ Մեսրոպ Մակյանը պատասխանեց․ «Չէ՛, իրավունք չունեք։ Իրավունք չունի ոչ մեկ ոչ մեկի դատական նիստի դահլիճում վիրավորելու»։ Արփինե Թումասյանը ասաց, որ չեն վիրավորում, սակայն դատավորը պնդեց, որ նրա խոսքում վիրավորական արտահայտություններ կան, Արփինե Թումասյանը ներողություն խնդրեց և շարունակեց․ «Սակայն վերջնական գնահատականը ժողովուրդը և ժամանակը կտա։ Իմ կորուստի և ցավի պահանջատերն եմ։ Այս աշխարհում այլևս ոչ ոք չի վերադարձնի իմ ամուսնուն, չի վերադարձնի իմ երեխաների հորը, մեր օջախի լույսն ու ջերմությունը, մեր աչքերը միշտ չբացվող դռանն են լինելու, մեր ականջին՝ միշտ նրա ձայնը, մեր սիրտը միշտ մարելու է ամեն տարելիցին։ Ո՞վ է պատասխան տալու ամուսնուս անմեղ արյան, մի ողջ ընտանիքի կործանման համար։ Պատիժը պետք է համարժեք լինի, որպեսզի հաղթի արդարությունը, քանզի այն մարդիկ, որոնք դատարանում նստած են ամբաստանյալի աթոռին մեր խորին համոզմամբ հանցագործներ են և վերջ։ Ես արյան գին չեմ ուզում, ես արդարություն եմ պահանջում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31