Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ես քաղաքապետարանի շենք մտնելուց հետո քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ քաղաքի տնտեսական զարգացմամբ. Մամիկոն Ասլանյան. «Հրապարակ»

Օգոստոս 19,2020 10:39

Լոռու ՔՊ-ական մարզպետ Անդրեյ Ղուկասյանի եւ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հակամարտությունը մտավ վճռական փուլ՝ մարզպետի կողմից քաղաքապետարանի առաջ դրված երկաթ-բետոնե կոնստրուկցիաների պատճառով։ Սրանից առաջ Լոռու ՔՊ-ական մարզպետը հարցազրույց էր տվել եւ հանրապետության երրորդ քաղաքի ղեկավարին մեղադրել անորակ ասֆալտ անելու, վատ աղբահանության, սուբվենցիոն ծրագրերը չկատարելու եւ 2019-ից 2020 տեղափոխելու, քաղաքի ճարտարապետական դեմքն աղավաղելու, անօրինական կառույցների թույլտվություններ տալու ու էժան ռեյտինգ ձեռք բերելու մեջ։ Անդրեյ Ղուկասյանի մեղադրանքների շուրջ զրուցեցինք Մամիկոն Ասլանյանի հետ։

– Ասֆալտապատման որակն ավանդաբար վատն է մնում, այդ ավանդույթները շարունակվո՞ւմ են։

– Ավանդաբար․․․ վատն է, թե լավը, որոշում են տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինները եւ լաբորատորիաները։ Իսկ աչքով միգուցե իրականում լավն է, բայց վատ է կամ, հակառակը՝ լավն է, լաբորատոր փորձաքննությունը տալիս է, որ լավն է։ Էս փուլում մինչեւ իրենք չեն ներկայացնում դրական եզրակացությամբ փորձաքննություն ու տեխնիկական վերահսկողություն, մենք վճարում չենք կատարում։ Եվ այն փողոցները, որոնք ունեցել են բացասական կամ դեռեւս չպարզաբանված փորձաքննություն, այդ փողոցների գումարը չենք վճարել։

– Ասաց՝ էնպիսի մեծությամբ փոսեր են, որ վարորդներն իրենք են խիճ ու ավազ բերում-լցնում։

– Մենք չգիտենք, թե ինքը որտեղ է նման բան տեսել, Վանաձորում այսօր նման փողոց չկա։ Բնականաբար, կան փողոցներ, որ երկար տարիներ չեն ասֆալտապատվել, հիմա ասել՝ իդեալական է, որեւէ մեկը չի կարող, սուտ կլինի։ Մենք էս տարիների ընթացքում մոտ 20-30 փողոց ենք հիմնանորոգել, ու դրանք շարունակվում են։

 – Լոռու մարզպետի խոսքով՝ այս գործելաոճը շարունակելու դեպքում Մամիկոն Ասլանյանը կհայտնվի այնտեղ, որտեղ հայտնվել են «իր քաղաքական հայրերը»։

– Ես չեմ ուզում նման բաները մեկնաբանել։ Ես քաղաքապետարանի շենք մտնելուց հետո քաղաքականությամբ չեմ զբաղվում, զբաղվում եմ քաղաքի տնտեսական զարգացմամբ։ Իսկ թե ով որտեղ է պատկերացնում իրեն կամ ով որտեղից է դուրս եկել, ես էդ ձեւի բաները չեմ մեկնաբանում։ Ես երբեւէ որեւէ տեղ հայտնվելու հեռանկար ինձ համար չեմ տեսել։

– Եվ վերջում․ ասում են՝ Լոռու մարզպետն ամբողջ օրը տարբեր քննչական մարմինների է ուղարկում համայնքապատկան տարբեր կառույցների վրա։

– Եթե մարդը գտնում է, կասկածներ ունի, կամ ինչ-որ առերեւույթ թերություններ են, իրավական խնդիրներ են, թող լուծվեն, իր խնդիրն է, իր որոշելիքն է։ Ես իրեն ուղղություն տալու նպատակ կամ որեւէ բան չունեմ։ Ամեն մարդ անում է էն, ինչն ինքը հարմար է գտնում՝ հարմար իրեն ու իր մտածելակերպին։

Անուշ Դաշտենց

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31