Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն առանց վարանելու պաշտոնապես առաջինը կճանաչի Բելառուսի քաղաքացիների՝ ցանկացած հստակ արտահայտված եւ իրականացված որոշումը»

Օգոստոս 19,2020 13:00

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ Իլհամ Ալիեւի այն տրտունջը, թե վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարվել, իրականում կարող է սպառազինությունների մատակարարման շուրջ ադրբեջանա-ռուսական նոր գործարքի քաղաքական հիմնավորումը լինել:

– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում իր դժգոհությունն է արտահայտել այն առումով, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի կողմից Հայաստան 400 տոննա ռազմական նշանակության բեռ է մատակարարվել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ ակնկալել, մասնավորապես Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում այդ մասին խոսք չկա:

– Փաստն ինքնին հետաքրքրական է՝ նախագահ Ալիեւը տրտնջում է, որ Մոսկվան իր պաշտոնական ռազմական դաշնակցին՝ Հայաստանի Հանրապետությանը սպառազինություններ է վաճառում, մինչդեռ պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ սպառազինությունների հսկայական խմբաքանակներ է ստացել նույն Ռուսաստանից, իսկ վերջինս էլ քաջ տեղյակ էր, որ Ադրբեջանին տրվող այդ զինանոցը հիմնականում կիրառվելու է իր իսկ ռազմական դաշնակցի դեմ: Ալիեւի այս, առաջին հայացքից տարօրինակ տրտունջն, իրականում կարող է սպառազինությունների մատակարարման շուրջ ադրբեջանա-ռուսական նոր գործարքի քաղաքական հիմնավորումը լինել:

– Ի՞նչ կարծիք ունեք Բելառուսում վերջին օրերին կատարվող իրադարձությունների մասին: Շատերը Նիկոլ Փաշինյանին քննադատեցին, որ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին: Արդյոք դա ճի՞շտ քայլ էր ՀՀ վարչապետի կողմից:

– Բելառուսում երերուն, անցումային քաղաքական իրավիճակ է: Այդ երկրի քաղաքացիներին է պատկանում Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանությունը՝ եւս մեկ նախագահական ժամկետ հանդուրժելու կամ հենց առաջիկա օրերին տապալելու վերաբերյալ որոշում կայացնելը: Վստահ եմ, որ Հայաստանն առանց վարանելու պաշտոնապես առաջինը կճանաչի Բելառուսի քաղաքացիների ցանկացած հստակ արտահայտված եւ իրականացված այդօրինակ որոշումը: Կեղծված ընտրությունները միշտ չէ, որ անմիջապես հանգեցնում են իշխանափոխության, եւ դրա լավագույն օրինակը հենց Հայաստանն է: Կարծում եմ, որ բոլորս դեռ շատ լավ հիշում ենք, թե ինչ համերաշխությամբ էին միմյանց ձայնակցում ԵԱՀԿ եւ ԱՊՀ դիտորդական առաքելությունները՝ ճանաչելով ՀՀ-ում անցկացվող համապետական ընտրությունների արդյունքներն այն դեպքում, երբ բոլորին էլ հայտնի էր, որ դրանք կեղծվել են իշխանությունների կողմից: Տեւական ժամանակ մեր քաղաքացիները հանդուրժում էին այդ վիճակը, բայց եկավ այն պահը, երբ մեր պետական այրերի հերթական ժուլիկությունը լցրեց մարդկանց համբերության բաժակն ու տեղի ունեցավ իշխանափոխություն, միջազգային հանրությունն էլ ճանաչեց կատարվածի իրավաչափությունը:

– ՀՀ ՊՆ-ն մտահոգություն էր հայտնել ադրբեջանա-թուրքական զորավարժությունը դիտելու նպատակով Թուրքիայի բարձրաստիճան զինվորական ղեկավարության Բաքու այցի կապակցությամբ՝ պաշտպանության նախարարի եւ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորությամբ: Ի՞նչ եք կարծում թուրքական պատվիրակության այս այցը ի՞նչ ռազմական-քաղաքական ուղերձ է պարունակում:

– Թուրքիան դիտարկում է Հարավային Կովկասը որպես իր ծավալապաշտական նկրտումները կյանքի կոչելու համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան: Թուրք-ադրբեջանական ռազմական սերտ համագործակցությունը Անկարայի ռազմավարական ծրագրերն առաջ մղելու կարեւոր բաղադրատարր է, որը գալիս է լրացնելու տնտեսական, հաղորդակցային, մշակութային եւ այլ ոլորտներում իրականացվող համանման ջանքերի արդյունավետությունը: Այդ տեսանկյունից բարձրաստիճան թուրք զինվորականների պաշտոնական այցը Բաքու կոչված է ցույց տալ Ադրբեջանի բոլոր հարեւաններին, որ Թուրքիան պատրաստ է պաշտպանել ու հովանավորել Ադրբեջանի ռազմական ակտիվությունը:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանի տասը կուսակցությունների անսպասելի հայտարարությունը Սեւրի պայմանագրի վերաբերյալ հատկապես այն համատեքստում, որ Նիկոլ Փաշինյանը Սեւրի պայմանագիրը կոչեց պատմական փաստ, մինչդեռ հայտարարությամբ կուսակցություններն արձանագրում են, որ պայմանագիրը լոկ պատմական փաստ չէ, այլ «այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագիր, որի՝ ուժի մեջ մտնելը եւ գործադրումը կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով»:

– Աշխարհում գերտերությունների միջեւ առկա ուժային բալանսի խախտումը կամ մեր տարածաշրջանում առկա հավասարակշռության փլուզումը կարող է պատճառ դառնալ նոր քաղաքական իրավիճակի ձեւավորման համար՝ այնպիսի իրավիճակի, որում Սեւրի անվավեր պայմանագիրը կարող է նոր կյանք ստանալ: Առհասարակ, նախկինում մերժված կամ մասնակիորեն կյանքի կոչված ցանկացած փաստաթուղթ նոր պայմաններում կարող է կրկին պահանջված դառնալ: Բայց սա տեսականի ոլորտից է: Ներկայումս ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները Սեւրի պայմանագրի վերակենդանացման իրական նախադրյալներ դեռեւս չեն պարունակում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31