Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանն արդար կգործի այնքան, քանի դեռ նրա մասին չեն հիշել քաղաքական ուժերը

Օգոստոս 19,2020 12:30

 Ի՞նչ է լինում, երբ իրավունքի փոխարեն խոսում է քաղաքականությունը

Արդարեւ ճշմարտությամբ է ասված, որ մարդը ծրագրեց, իսկ Աստված բարձրաձայն ծիծաղեց: Ահա այսպիսի տպավորություն է ինձ մոտ ստեղծվում, երբ մասնագիտական հենքի վրա ուսումնասիրում եմ Հայաստանի Հանրապետությունում 2015թ.-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն առհասարակ եւ Սահմանադրական դատարանի փոփոխությունները մասնավորաբար:

Առհասարակ, երբ դիտարկում ենք Սահմանադրական դատարանի պատմական զարգացումը, ապա տեսնում ենք, որ փոխաբերական իմաստով ասած՝ Սահմանադրական դատարանի հիմնահատակ ավերումը տեղի է ունեցել 2015թ.-ին, երբ նոր Սահմանադրությամբ առաջ քաշվեց բոլորովին նոր փիլիսոփայություն եւ որի արդյունքում, ըստ իս, Սահմանադրական դատարանը ոչ միայն կախյալ վիճակում հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում դեռեւս չզարգացած պառլամենտարիզմ կոչվածից, այլեւ գործնական առումով գրեթե զրոյացվեցին բոլոր այն երաշխիքները, որոնք մինչ այդ տրամադրված էին Սահմանադրական դատարանին:

1995թ.-ի Սահմանադրության 99-րդ հոդվածի համաձայն Սահմանադրական դատարանը կազմված էր 9 անդամից, որից 5 անդամին նշանակում էր Ազգային ժողովը, իսկ 4 անդամին նշանակում էր ՀՀ նախագահը: Միաժամանակ Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում էին մինչեւ 70 տարին լրանալը: Նրանց լիազորությունները դադարեցվում են միայն Սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:

2005թ. նոյեմբեր ամսին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում փոփոխվեցին Սահմանադրության մի շարք հոդվածներ, այդ թվում Սահմանադրական դատարանին վերաբերող: Մասնավորապես, փոփոխված Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ, 83-րդ եւ 99-րդ հոդվածների համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված էր 9 անդամից, որից 5 անդամին նշանակում էր Ազգային ժողովը, իսկ 4 անդամին ՀՀ նախագահը: Միաժամանակ, Սահմանադրությամբ հստակեցվեց Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու գործընթացը: Ըստ այդմ, Սահմանադրական դատարանի նախագահին 30-օրյա ժամկետում պետք է ընտրեր Ազգային ժողովը, իր իսկ կողմից նշանակված անդամներից: Եթե Ազգային ժողովը սահմանված ժամկետում չէր կատարում այդ գործառույթը, ապա այն անցնում էր ՀՀ նախագահին: Միաժամանակ, Սահմանադրության 96-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնավարման տարիքային ցենզը իջեցվեց մինչեւ 65 տարեկանը: Հարկ է նկատել, որ այս փոփոխություններով հստակեցվեցին նաեւ Սահմանադրական դատարանի անդամի երաշխիքները: Մասնավորապես, Սահմանադրության 97-րդ հոդվածով սահմանվեց՝ սահմանադրական դատարանի անդամը չի կարող կալանավորվել, ներգրավվել որպես մեղադրյալ, ինչպես նաեւ նրա նկատմամբ չի կարող դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել` առանց Սահմանադրական դատարանի համաձայնության: Սահմանադրական դատարանի անդամը չի կարող ձերբակալվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալումն իրականացվում է հանցագործության կատարման պահին կամ անմիջապես դրանից հետո: Նման դեպքերում ձերբակալման մասին անմիջապես տեղեկացվում են Հանրապետության նախագահը եւ Սահմանադրական դատարանի նախագահը:

2015թ.-ին, գործող իշխանությունների կողմից առաջ քաշվեց բոլորովին նոր Սահմանադրություն (սահմանադրության փոփոխության անվան ներքո), որով էապես փոփոխվեց Սահմանադրական դատարանի փիլիսոփայությունը: Ըստ այդմ Սահմանադրության 166-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորներից, որոնք ընտրվում են բացառապես Ազգային ժողովի կողմից, 12 տարի ժամկետով: Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին Ազգային ժողովին է ներկայացնում՝ 3-ին ՀՀ նախագահը, 3-ին ՀՀ կառավարությունը եւ 3-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը: Միաժամանակ նույն հոդվածով նախատեսվեց, որ Սահմանադրական դատարանի նախագահին եւ փոխնախագահին ընտրում են Սահմանադրական դատարանի դատավորները, իրենց կազմից, 6 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի: Պաշտոնավարման տարիքային ցենզը կրկին բարձրացվեց մինչեւ 70 տարեկանը: Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանափակվեց Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունը: Մասնավորապես սահմանվեց, որ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Սահմանադրական դատարանի համաձայնությամբ: Սահմանադրական դատարանի դատավորն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ առանց Սահմանադրական դատարանի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տեւել յոթանասուներկու ժամից ավելի: Սահմանադրական դատարանի դատավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Սահմանադրական դատարանի նախագահը:

Երբ համեմատում ենք 1995թ.-ի եւ 2005թ.-ի խմբագրությամբ Սահմանադրությունը 2015թ.-ի նոր Սահմանադրության հետ, ապա տեսնում ենք, որ եթե առաջին երկու դեպքում ինչ-որ տեղ պահպանված էր Սահմանադրական դատարանի կազմավորման բալանսը, ապա 2015թ-ին ամբողջությամբ վերացվել է այն: Իհարկե այս ամենը թղթի վրա ներկայացվում էր, որպես ժողովրդավարության հաղթանակ, բազմակարծության իշխանության հաստատում, որը դրսեւորվում է պառլամենտարիզմի դեմքով եւ այլն: Բայց իրականությունը շատ ավելի դառն էր ու տխուր, քանի որ հայ հասարակության մշակույթում գոյություն չունի պառլամենտարիզմ հասկացությունը, հայ հասարակությունում մշտապես տիրապետող է եղել (եւ դեռ շատ ժամանակ կլինի) թագավոր կամ նախագահ հասկացությունը, անձը եւ ոչ երբեք համայնքը:

«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից». այս խոսքերն ասվել են հռչակավոր գրող Գյոթեի կողմից եւ իրապես ճշմարիտ են: Եթե եվրոպական մի շարք երկրներում պառլամենտարիզմ կոչվածը բարերար սննդամիջոց է, ապա ասիական բարքերով առաջնորդվող հասարակարգերում այն աներկբայորեն թույն է:

Եվ ահա մենք դեռեւս չունենալով կոլեկտիվ մտածողություն, պատկերացում չունենալով ազատության եւ պատասխանատվության մասին, Սահմանադրությամբ պատրանք ստեղծեցինք, որ ունենք այդպիսի մտածողություն, միաժամանակ հարվածի տակ դնելով ողջ համայնքի անվտանգությունը:

2015թ. նոր Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանը կարող է կազմվել բացառապես Ազգային ժողովի ցանկությամբ: Ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը որեւէ իրական լծակ չունեն այդ գործընթացում: Իսկ ինչո՞ւ չեմ շեշտում ՀՀ կառավարությանը (քանի որ նա եւս կարող է առաջադրել թեկնածու): Մի շատ պարզ պատճառով, ասիական բարքերով առաջնորդվող մեր երկրում, կոնկրետ այս ժամանակաշրջանում, կամ Գյոթեի ասած, կոնկրետ մեր այս հասակում, մենք շարունակում ենք մեր քվեն տալ անձին եւ երբեք չենք նայում, թե այդ անձի թիմում ովքեր են, այստեղից էլ ահա պատասխանը, ով վերցնում է իշխանություն, նա որպես կանոն մեծամասնություն է կազմում Ազգային ժողովում: Հետեւաբար, ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով, դրանք ղեկավարվում են մեկ կուսակցության (անձ-կուսակցությունների), իսկ ավելի կոնկրետ մեկ կամ մի քանի անձի կողմից, մնացածը պատրանք է, ձեւ եւ ոչ երբեք բովանդակություն:

Ասվածիս վառ ապացույցն է 2015թ. Սահմանադրությամբ, վերջին, ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրությունները կամ նախավերջին, ոչ ժողովրդավարական չափանիշներով անցկացված ընտրությունները, որտեղ մարդկանց մեծամասնությունը ընտրում էր նաեւ թաղային հեղինակությունների, մեծահարուստների ասածով, քանի որ հարգում էր այդ թաղային հեղինակությանը կամ մեծահարուստին, թեեւ չէր ճանաչում թեկնածուին (համոզված եմ՝ սրան դեռ մենք կվերադառնանք):

Նման պայմաններում քաղաքականությունն ամբողջապես կուլ տվեց իրավունքը, Սահմանադրական դատարանն այս առումով բացառություն չէր:

Նախ, պետք է փաստել, որ 2015թ. Սահմանադրությամբ անհասկանալիորեն մասնակի վերացվեց Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիությունն՝ այն տարածելով միայն գործառութային անձեռնմխելիության: Ասել կուզի՝ բոլոր այն դեպքերում, երբ քրեական հետապնդումը կապված չէ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների իրացման հետ, ապա Սահմանադրական դատարանի համաձայնությունն անհրաժեշտ չէ այդ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Երկրորդ, անհասկանալիորեն սահմանափակվեցին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնավարման ժամկետը, այն դարձնելով 12 տարի: Սա մշտապես հնարավորություն է տալու քաղաքական ուժերին «վերահսկողության» տակ պահել Սահմանադրական դատարանը եւ ստեղծելու է «քաղաքական պայմանավորվածությունների» ինստիտուտը, որն իհարկե կապված չի լինելու պրոֆեսիոնալիզմի հետ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատավորները պատրաստ չեն լինելու հանուն ժողովրդավարության կրել անձնական կորուստներ: Ի՞նչ իմաստ ունի, եթե մի քանի տարի հետո թողնելու ես պաշտոնը եւ որեւէ երաշխիքներ չես ունենալու:

Երրորդ, Սահմանադրական դատարանի կազմավորումն ամբողջապես կախվածության մեջ դրվեց սահմանադրական մեկ այլ մարմնից՝ Ազգային ժողովից: Այս ամենին գումարվեց նաեւ այն, որ Ազգային ժողովում մեծամասնություն վերցրած քաղաքական ուժն ըստ էության ոչ միայն ունակ է անվերջ մերժել ՀՀ նախագահի եւ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուներին (օրինակները արդեն իսկ առկա են), այլեւ ինքն է ստացել 3 թեկնածու առաջադրելու հնարավորություն՝ ՀՀ կառավարության միջոցով: Ակնհայտ է, որ այս կարգավորումները հնարավորություն են տալիս կոնկրետ քաղաքական ուժին ունենալու իր «սրտի» Սահմանադրական դատարանը:

Եվ վերջապես չորրորդ, նման Սահմանադրական դատարան ունենալու դեպքում, մենք չունենք որեւէ իրական երաշխիք, որ գոյություն ունի մեկ սահմանադրական մարմին, ով գոյության գնով անգամ կպահպանի ժողովրդավարական արժեքները եւ մենք չենք ունենա հիտլերներ…

Անձերի մասին այս փոքրիկ հոդվածում չեմ ցանկանում խոսել, անշուշտ անձերն են, որ ելնելով իրենց սուբյեկտիվ շահերից, որեւէ շանս չթողեցին, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա իրավական ուժեղ մշակույթ ունեցող երկիր: Այս անձերն էին, որ Հայաստանի Հանրապետությունը տանում էին դեպի ասիականություն:

Ամփոփելով հոդվածս՝ ասեմ, որ սկսած 2015թ.-ից, թե նախկին կազմով Սահմանադրական դատարանը եւ թե նոր, դեռեւս չհամալրված Սահմանադրական դատարանը չուներ եւ չունի որեւէ իրական ինստիտուցիոնալ-գործառութային հնարավորություն շեշտակի առաջընթաց ապահովելու հայաստանյան սահմանադրականության ոլորտում: Այսպիսի Սահմանադրական դատարանն արդար կգործի այնքան, քանի դեռ նրա մասին չեն հիշել քաղաքական ուժերը, որոնց մտքերում, որպես կանոն, արդարությունը եւ իրավունքը մշտապես զիջում են քաղաքական շահ ասվածին եւ սա միայն հայաստանյան խնդիր չէ: Այս պայմաններում անհրաժեշտ է օր առաջ ստեղծել ինստիտուցիոնալ այնպիսի երաշխիքներ, որ Սահմանադրական դատարանը չհայտնվի այն վիճակում, որում հայտնվել է:

Ցավոք, այս հոդվածի ձեւաչափն ինձ թույլ չի տալիս պատասխանելու այն հարցին, թե ի՞նչ անել: Դրա մասին հուսով եմ կխոսեմ մի որոշ ժամանակ անց: Բայց մինչ այդ փաստեմ, որ թե գնացող Սահմանադրական դատարանի դատավորները եւ թե նոր ընտրվողները արտահայտելու են ձեւը եւ միայն ձեւը, բովանդակություն ես այս ամենում չեմ տեսնում:

Գևորգ ԳՅՈԶԱԼՅԱՆ

փաստաբան

«Առավոտ» օրաթերթ
18.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31